Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. «Կաղում են քաղաքական ինտելեկտի տեսակետից. պարտվողը չի կարող երկիրը տանել զարգացման». «Փաստ»

Նոյեմբեր 17,2020 11:08

Հայաստանը ոչ թե պարտվեց, այլ կապիտուլյացիայի ենթարկվեց: Պարտվել էր Ադրբեջանը՝ 1994 թվականին, երբ ստիպված եղավ կնքել Բիշքեկի արձանագրությունը: «Փաստի» հետ զրույցում շեշտում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, որի հետ զրուցել ենք ստեղծված իրադրության պատճառների ու հետևանքների մասին՝ դիտարկելով նաև ներքաղաքական իրավիճակը:

Բադալյանի խոսքով, արդեն կարևոր էլ չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ խոսեց կամ ինչ ասաց երեկվա ասուլիսի ընթացքում. «Կարևոր չէ, որովհետև, մեծ հաշվով, հասարակության կողմից արդեն ֆիքսված է հետևյալը՝ նա այն ղեկավարն է, որը կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրեց: Անկախ նրանից՝ ինչ կխոսա կամ չի խոսա, կա փաստ. կապիտուլյացիա է կնքվել, Հայաստանը պատրաստ չի եղել պատերազմին, Հայաստանը հողեր է զիջել: Վերջ: Անկախ նրանից՝ պատասխանատվություն կվերցնի, թե ոչ, արդեն նշանակություն չունի: Հասարակության կողմից կնիքը դրված է՝ նա պարտվեց ու պարտվեց իր սխալ քաղաքականության հետևանքով»:

Քաղտեխնոլոգի խոսքով, նույն քաղաքականության շրջանակում է նաև ստեղծված մթնոլորտը: «Հիմա փորձ է արվում «գեղական մուտիլովկեքով» ինչ-որ մարդկանց իբրև թե հակառակում համոզել: Բայց ախր ամեն ինչ այնքան պրիմիտիվ ու պարզամիտ է իրականացվում, որ արդեն մեկնաբանելու խնդիր էլ չկա:

Եթե առաջ զարգացման հեռանկար չկար, հիմա ընդհանրապես գոյություն չունի, որովհետև պարտվողը չի կարող երկիրը տանել զարգացման: Ն. Փաշինյանը առաջ է տանում «ինչ եղել, եղել է, համախմբվեք իմ շուրջը, գնանք առաջ» թեզը:

Բայց դա բացառված է, բարոյահոգեբանական այս մթնոլորտում երկրի զարգացման վերաբերյալ ինչ-որ առաջընթաց գրանցելն անհնար է: Միշտ քննադատելու են, փորձելու են ինչ-որ գործողություններով անընդհատ հասնել վարչապետի հրաժարականին, իսկ նման դեպքերում երկիրը չի զարգանա»,-շեշտեց մեր զրուցակիցը: Արմեն Բադալյանի խոսքով, եթե անգամ կան երկրներ, որտեղ կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած ղեկավարը շարունակել է պաշտոնավարել, միևնույն է, այդ երկրները չեն զարգացնել: «Այնպես որ, Հայաստանը չի զարգանալու, քանի դեռ նա է վարչապետը: Եվ գիտեք՝ խնդիրը միայն այն չէ, որ նա կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրել: Ի վերջո, իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի գործունեությունը ցույց տվեց, որ ՀՀ տնտեսության ու առաջընթացի վերաբերյալ իրենց պատկերացումը Պռոշյան փողոցում խորոված անելն ու ուտելն է: Վարդավառ տոնելով, գորգեր լվանալով ու Պրոսպեկտի վրա խորոված անելու մտածելակերպով այս երկիրն առաջընթաց չի ունենա: Ուղղակի իրենք չեն հասկանում, թե ինչ պետք է անեն:

Ավելի կոնկրետ՝ կաղում են քաղաքական ինտելեկտի տեսակետից: Եվ սա է պատճառը, որ ոչ միայն կապիտուլյացիայի խնդիր կա, այլև կա հասկանալու խնդիր: Ու ոչ միայն չեն հասկանում, այլև ընդամենը զբաղված են աթոռ պահելով՝ թեպետ իշխող խմբակցությունից մի քանի հոգի արդեն հայտարարել են մանդատը դնելու կամ խմբակցությունից դուրս գալու մասին»,-նշեց նա:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30