«Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Aravot.am-ի հետ զրույցում «Ադեկվադ» միաբանության անդամը, որն այժմ հիվանդանոցում է, հաստատեց, որ հարձակման է ենթարկվել իրենց բակում. «Երեքով էինք՝ ես, եղբայրս եւ մեր ջոկատի տղաներից մեկը: Խանութում առեւտուր էինք անում: Ես խանութից դուրս եկա, տեսա, որ եղբայրս ինչ-որ լեզվակռվի մեջ է մտել մեկի հետ:
Ես մոտեցա, սկզբում փորձում էի հասկանալ, թե ինչ է պատահել: Տեսնելով, որ թեժանում է, փորձեցի մարել: Ես ոչ թե լեզվակռվի ակտիվ մասնակից էի, այլ փորձում էի հանդարտեցնել, քանի որ մտածում էի, որ դա կարող է սադրանք, սարքոցի լինել: Հարվածի պահը եղել է անակնկալ, այնպես չի եղել, որ լեզվակռվից անցանք իրար խփելու, ինքն էլ դանակով խփեց: Ինչ-որ մի պահի մենք հասանք մի հանգրվանի, որ հիմա չենք խոսում, հետո կհանդիպենք, կխոսենք, ու կոնկրետ էն մարդը, որ լեզվակռիվը սարքել էր, շրջվեց, իբր գնում է: Ես աստիճանների վրա էի կանգնած, տղերքը իմ հետեւում: Ինքը շրջվեց մեջքով դեպի ինձ, իբր գնում է, մեկ էլ անսպասելի հետ շրջվեց ու դանակով խփեց: Մենք միանգամից չենք հասկացել, որ դանակ է եղել: Դանակով հարվածն այնքան անսպասելի էր, որ ես աստիճանների վրայից ընկա, ու «անսամթ» ընկա եւ ոտքս կոտրվեց»:
Կոնստանտին Տեր-Նակալյանը հավելեց, որ երբ երեկ հիվանդանոց ոստիկանությունից եկել են, ինքը հրաժարվել է բողոք ներկայացնել, ու այդ պահին չի եղել բժշկական եզրակացություն իր՝ կոտրվածք ունենալու մասին:
Կարդացեք նաև
«Ոստիկանության գալու պահին կոտրվածքի մասին եզրակացություն դեռ չկար: Այժմ իրավական տեսանկյունից իրավիճակն այն է, որ անկախ նրանից՝ կբողոքեմ, թե չեմ բողոքի, սա ծանր մարմնական վնասվածք է ու քրեական գործ: Այդ իդիոտն ամեն դեպքում դատ-դատաստանի մեջ է ընկնելու, չնայած ես այլ բանի կողմնակից էի: Խնդիրն այն է, որ ինֆորմացիայի պակաս կա, եւ մենք վերջնական չգիտենք ամեն ինչ, չենք զբաղվում ինչ-որ եզրակացություններ անելով՝ արդյոք սա ուղղակի կենցաղային վեճ էր, ու Նիկոլի ստեղծած ատելության մթնոլորտում վերաճեց նման բանի, թե ուղարկված մարդ էր, որը նպատակաուղղված եկել էր նման սադրանք իրականացնելու: Երբ ավելի շատ ինֆորմացիա ունենանք, մեր միաբանությունն ավելի հանգամանալից անդրադարձ կկատարի այս միջադեպի մասին»,-հայտնեց նա:
«Ադեկվադ» միաբանության անդամն ասաց նաեւ, որ ամեն դեպքում կյանքին վտանգ չի սպառնում. «Այնպիսի տրավմաներ չկան, որ կյանքում անդառնալի հետեւանքներ կունենան, պարզապես մի երկու ամիս թոփալ եմ քայլելու ու սպի եմ ունենալու դեմքիս, ոչ ավել…Դանակի հարվածը կպել է ականջիս հատվածում, ճղելով իջել է, սայրը մտել է այտիս տակ, շրթունքի մեջ, «սկովզնոյ» ծակել է ու կտրել շրթունքս, հիմա մի քանի կար ականջիս մոտ եղած վերքին է դրված, տասից ավելի կար՝ շրթունքիս»,-ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից