«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հայտարարությունը զավեշտալի է»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը։
Գյոզալյանի համար զավեշտալի է այդ հայտարարությունը, քանի որ երկու տարի առաջ, երբ վարչապետը խոսեց «դռների տակ վնգստացող դատավորների մասին», նույն Վարդազարյանը փորձում էր մանևրել, ասում էր, որ դա ընդհանուր համակարգին չի վերաբերում, նման դատավորները գիտեն՝ դա ում մասին է և այլն։ «Իսկ երեկվա հայտարարության մեջ մի տեսակ ագրեսիա կար։ Իմ մոտ տպավորություն էր, որ նա վիրավորված էր ու երեկ դրսևորեց իր վիրավորվածությունը, որը, կրկնում եմ, զավեշտ է ինձ համար, քանի որ, եթե ասելիք կար, դա պետք է ասվեր ճիշտ ժամանակին, երբ որ արվել էր այդ արտահայտությունը։ Չգիտեմ, այս հայտարարությունը սաբոտաժ է, թե չէ, դա մի քիչ քաղաքական տերմին է, բայց եթե ԲԴԽ նախագահի այդ հայտարարությունը համադրում ենք նաև ձերբակալության իրավաչափության վերաբերյալ երեկվա դատավարությունների հետ, ապա առնվազն ողջամիտ կասկածի տեղիք է տալիս այս ամենը, որ սա սաբոտաժ է։ Այդ հայտարարությունը զուտ վիրավորված դատավորի հայտարարություն չէր, դա շատ ավելի խոր արմատներ ուներ։ Բայց կրկնում եմ՝ սա ընդամենը ողջամիտ կասկած է»,- ասաց Գյոզալյանը։
«Ես ցավում եմ այդ համակարգի համար։ Ցավոք, այդ համակարգում նվիրյալներ չկան ու իրենցից մեծ բաներ ակնկալել պետք չէ։ Այդ համակարգը պետք է հիմնահատակ փոխվեր»։ Գյոզալյանը նաև հավելեց. «Մի կողմից էլ շատ ուրախ եմ այս վիճակի համար, քանի որ սա այն հարվածն է, այն ապտակն է, որը տրվեց այս իշխող ուժին։ Ժամանակին, երբ որ մեր համայնքի կողմից բարձրաձայնվում էր, թե այդ ո՞ւմ եք ուղարկում ԲԴԽ, այդ ո՞ւմ եք ուղարկում Սահմանադրական դատարան, հարց էինք բարձրացնում, թե 2.5 տարվա մեջ ինչու ոչ մի բան չի փոխվում դատական համակարգում։ Մեր այս հարցերին մի պատասխան էր տրվում, թե հեսա օրենքը կփոխենք ու ամեն ինչ լավ կլինի։ Օրենքը փոխվեց, բայց ոչ մի բան էլ չփոխվեց»։ «Եվ ես կարծում եմ, որ հենց այս դատական համակարգն էլ կկտրի այս իշխանության գլուխը։ Իշխանությունը ժամանակ ուներ փոփոխություններ անելու, բայց չարեց, չօգտագործեց այդ ժամանակը։ Հիմա կքաղեն դրա պտուղները»,- եզրափակեց Գևորգ Գյոզալյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: