Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը նշում է, որ զոհերի մեծամասնությունը տվել ենք անկազմակերպվածության պատճառով. «Փաստինֆո»

Նոյեմբեր 17,2020 09:34

«Փաստինֆո». Արթուր Հայրապետյանն ԱՀ պետական նախարարի տեղակալ է, Ստեփանակերտի ավագանու անդամ։ Պատերազմը սկսվելուն պես նախ թիկունքն էր պահում, իսկ երբ փոքր եղբայրը՝ Արսենը, զոհվեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծված պատերազմում, ինքն էլ որոշեց ջոկատի հետ մեկնել ռազմաճակատ և վրեժխնդիր լինել։ Բայց հետո է հասկացել, որ ապարդյուն, որովհետև ինչպես ինքն է ասում, նախապես՝ քաղաքականությամբ էին որոշել, թե հայ զինվորի զենքը որտե՞ղ է վայր դրվելու։

«Մենք, հայ զինվորներս, որը բանակ էր դարձել, ուղղակի խաբվել ենք։ Նետվել ենք մարտադաշտ, առանց որևէ բան հաշվի առնելու»։

Ինչպես 2016 թվականին, այնպես էլ 2020 թվականին օդը բաց էր. ամեն տեղ ռմբակոծում էին ԱԹՍ-ներով։ Արթուրը «Փաստինֆո»-ին պատմեց, որ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ չկար երկրորդ գիծ, թիկունք։

«Դիմացանք, օրեր, շաբաթներ, ամիսներ։ Ամեն օր զոհ տալով էլի պատրաստակամ կռվեցինք։ Հիմա վիրավորական է, որ թե Հայաստանի, թե Արցախի ղեկավարները հայտարարում են, որ զորքի փախուստի պատճառով պարտվել ենք։ Արցախում հայրենասերների, զորքի, զինվորի պակաս չենք ունեցել, մինչև օրս զորավարի պակաս ունենք։ Սա էն պատերազմն է եղել, որ ողջ մնալու համավանականությունը եղել է 10 տոկոս, անմահանալու հավանականությունը՝ 90»։

Ազատամարտիկը նշում է, որ ամենից մեծ խնդիրն այն էր, որ զոհերի մեծամասնությունը տվել ենք անկազմակերպվածության պատճառով։

«Անձամբ ականատես եմ եղել դեպքերի, որ թշնամու առավելություններով հանդերձ չեն կարողացել առաջ շարժվել։ Հադրութի պաշտպանության ժամանակ 14 օր պարբերաբար թշնամին գրոհում էր, օրը երեք անգամ, մեր բանակը արժանի հարվածը տալիս էր։ Տեսան, որ չեն կարողանում գալ և քաղաքական առումով պատերազմի ավարտը որոշված էր, մեզ նահանջելու հրաման տվեցին»։

Պատմում է, որ անգամ Շուշին, Հադրութը, անհնար էր զիջել, անգամ այն պարագայում, որ զոհերի թիվը շատ էր։

«Կռիվը խաղ է։ Երբ քեզ վրա հարձակվում են, անպայման չէ, որ միշտ դիմադրես, կարող են լինել հակահարձակումներ, ուշադրությունը շեղես։ Թշնամին օձի նման ուղղակի մտել էր, մտել թիկունք, դա հեշտ էր կանխել, մանավանդ էն տղերքով, որ ունեինք, բայց չարեցին, թույլ տվեցին, որ գան հասնեն Շուշի։ Մենք` ոչ Հադրութը, ոչ Շուշին, ոչ Արցախը չենք տվել։ 44 օր կռվել ենք, արնաքամ եղել, մի անգամ չենք հարձակվել։ Կասեն ինչո՞վ՝ հարձակվող կողմը առնվազն 3 անգամ պետք է առավելություն ունենար, բայց մեր ստորաբաժանման առջև Եղնիկներում դեռ առաջին օրերը խնդիր էր դրվել դիրք գրավել, հարձակվել ենք 3 անգամ քիչ քանակով, բայց էլի չեն պահել»։

Արթուրը պատմեց, որ հասկացել են, որ ամեն ինչ պայմանավորված էր, երբ Հադրութը զիջեցին, այստեղ լավ դիրքերում էինք, շատ լավ պաշտպանվում էինք։ Ցավում է, որ Արցախի ճակատագիրը այսպես լուծվեց, որովհետև վստահ է, որ մարդկանց պակաս չկար, հասկացավ, որ ավարտվեց, երբ Շուշիում կնիքը դրվեց։

«ԱԹՍ-ների դեմ կալաշնիկովի ավտոմատով ենք կռվել։ Երբ իմացանք, որ պարտության թուղթ են ստորագրել՝ զգացինք, որ մեզ դավաճանել են։ Մենք զենքը ձեռքներիս խրամատում կանգնած, հոգևորականները խաչը ձեռքներին եկեղեցում կանգնած, մեր թիկունքում ստորագրում են, բայց մենք պատրաստ էինք, թեկուզ քիչ թվով առաջ գնալ»։

Արթուրը նշում է, որ 30 տարի ովքեր ղեկավարել են հայաստանն ու Արցախը առաջին մեղավորն իրենք են այսօրվա իրականության համար: Վստահեցնում է, ու շեշտում, այսօր արդեն այս իրավիճակում մենք ունենք լուրջ խնդիր, որն է հոգևոր անվտագությունը։

Ազատամարտիկը պատմեց, որ եթե զորավար լինի, նորից մարտի կնետվեն։ Կարծում է, որ խնդիրը ՊԲ-ի կամ ՊՆ-ի մեջ չէ, այլ Արցախի և Հայաստանի ղեկավարների մեջ՝ հայրենասերների պակաս չեն ունեցել։ Հիշեց, որ ընկերները օր առաջ դիմել են զինկոմիսարիատներ՝ ասել են կզանգեն և այդպես էլ չեն զանգահարել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30