Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից Արցախ վերադառնալու ցանկություն հայտնող արցախցիների թիվը գնալով աճում է. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 17,2020 09:06

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո, արդեն մի քանի օր է՝ բարձրաձայնվում է Ադրբեջանին անցած Արցախի որոշ շրջաններից քաղաքացիների տեղափոխման հարցը։ Ականատեսները հայտնում են, որ իրենց բնակավայրերը հարկադիր լքող ընտանիքներն ինքնակազմակերպվում են։ Հետպատերազմյան համատարած այս անորոշության ֆոնին չստանալով պետական որեւիցե աջակցություն՝ մարդիկ ինքնուրույն հոգում են իրենց տեղափոխման բոլոր հարցերը։

Արցախի կառավարության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Բալայանը եւս «Հայկական ժամանակի» հետ զրույցում չհերքեց այն փաստը, որ մարդիկ իսկապես ինքնակազմակերպվում են եւ այդ հարցում պետությունը նրանց որեւէ օժանդակություն չի տրամադրել։ Սակայն նա եւս վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է, որ մարդիկ հետ վերադառնան Արցախ, ոչ թե գնան Հայաստան։

«Հիմա այս խառը իրավիճակում մարդիկ ինքնակազմակերպվում են, բայց յուրաքանչյուրի խնդիր, հոգս Արցախի Հանրապետության կառավարության հոգածության ներքո է: Ամեն ինչ արվելու է այդ բնակիչների կարիքների գնահատման, աջակցության համար»,- ասաց նա։

Բալայանը հիշեցրեց ԱՀ նախագահի հայտարարությունը, երբ վերջինս քաղաքացիներին կոչ էր արել չշտապել եւ չլքել իրենց բնակավայերերը։ Նկատենք՝ արցախցիներին սեփական գույքն ու տունը չայրելու հորդորներ էր արել նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Սամվել Բալայանի հետ զրույցում հետարքրքվեցինք մեկ այլ խնդրից եւս․ որոշ անձանց վստահեցմամբ՝ Հայաստանից Արցախ հետ վերադարձը եւս անկազմակերպ է։ Ըստ ականատեսների՝ Ստեփանակերտ գալիս են ոչ միայն տեղի ժողովուրդը, այլ նաեւ Մարտունու, Շուշիի, մոտակա ու հեռավոր գյուղերի։ Նշում են, որ այդ մարդկանց Երեւանում ասել են, թե տանելու են իրենց բնակավայր, տեղավորելու են հյուրանոցներում եւ այլն։ Սակայն տեղում պարզվել է, որ ոչ մի բան կազմակերպված չէ։ Պատասխանատու չկա, ոչ ոք չգիտի, մարդիկ էլ մնում են մոլորված։

Տեղեկատվության բաժնի պետը նախ, կարծիք հայտնեց, որ խնդիրը չափազանցված է եւ ուսումնասիրման կարիք ունի, ապա նաեւ հավելեց․ «Իհարկե այս բարդ ու ծանր ժամանակահատվածում պետական համակարգը անում է հնարավորը՝ իր քաղաքացիների խնդիրները կարգավորելու համար: Սակայն պետք է ըմբռնումով մոտենալ եւ օգնել պետական մարմիններին այս իրավիճակում անվրեպ աշխատելու ու արցախցիների խախտված իրավունքներին տեր կանգնելու համար»։

Բալայանը շեշտեց՝ այս դժվարությունները հաղթահարելու համար մի փոքր համբերություն եւ կամք է անհրաժեշտ։

Ավելի ուշ ՀՀ Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացանք, որ Երեւան-Ստեփանակերտ անվճար ուղեւորափոխադրումները շարունակվում են։ Նոյեմբերի 14-ին Արցախ են վերադարձել 250, 15-ին՝ 475, իսկ 16-ին՝ 560 արցախցիներ։

«Վերադառնալու ցանկություն հայտնող արցախցիների թիվը գնալով աճում է»,- հայտնում են օպերատիվ շտաբից։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30