Նշենք այն կետերը, որոնք բացակայում են հայտարարության տեքստում, և այն կետերը, որոնք, մեր կարծիքով, իրար հակասում են։ Բացակայում են՝
ա) Արցախի կարգավիճակի,
բ) Շուշիի հետագա ճակատագրի,
գ) Հադրութի շրջանի պատկանելության հարցերը:
Կարդացեք նաև
Իրար հակասում են՝ ա) թիվ 1 և թիվ 6 կետերը: Համաձայն առաջինի՝ կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում, սակայն մյուս նշյալ կետով՝ «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը»: Այդ ինչպե՞ս. եթե զորքերը կանգ են առնում իրենց դիրքերում, ապա ինչո՞ւ են Քելբաջարն ու Լաչինը հանձնվում թուրքին, չէ՞ որ թուրք զինյալը չի կարողացել այնտեղ ոտք դնել: Իսկ եթե հանձնվում է, ապա ինչո՞ւ չի նշվում փոխադարձաբար Հադրութից թուրքերի հետ քաշվելու մասին։
Այնուհետև՝ եթե Հայաստանի Հանրապետությունն է վերադարձնում այդ շրջանները, նշանակում է դրանք Հայաստանի Հանրապետության կազմի մե՞ջ էին: Այդ դեպքում ինչո՞ւ էր ռուսական կողմն ամենաբարձր մակարդակով ժխտում Հայաստանի Հանրապետության տարածքում ընթացող պատերազմական գործողությունների մասին տեղեկությունները և, իբրև դաշնակից, խուսափում Հայաստանի Հանրապետությանն անմիջական ռազմական օգնություն ցուցաբերելուց նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ-ի կողմից պաշտոնապես օգնության խնդրանք եղավ:
Հաջորդը՝ ի՞նչ կապ ունի Մեղրին Արցախյան հարցի հետ: Անշուշտ, ծանոթ ենք 90-ականներից եկող Գոբլի ծրագրին, ըստ որի՝ բուն Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխափան կապ հաստատելու համար Մեղրու տարածքով տրանսպորտային միջանցք էր նախատեսվում: Երեսուն տարի շարունակ այդ ծրագիրը մերժվել է հայկական կողմից, բայց այսօր եղբայր ռուսներն իրականություն են դարձնում թուրքերի երազանքը: Մի՞թե մենք մեր ռուս բարեկամին մեր փոխարեն որոշումներ կայացնելու իրավունք ենք վերապահել: Սա կամայականությու՞ն է, թե՞ արհամարհանք…
Համլետ ԴԱՎԹՅԱՆ
Պատմաբան, հրապարակախոս
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում