Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ է Շուշին հայտնվել օրակարգում՝ որպես պատերազմի դադարեցման պայման

Նոյեմբեր 16,2020 23:55

«Վերջին երկու օրերին Շուշիից 300-ից ավելի մեր զոհվածների մարմին է դուրս բերվել։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդ ճակատամարտի ծավալը։ Իսկ մարդիկ կան հայտարարում են՝ գեներալները կամ քաղաքական հրամանատարությունը հրաման են տվել չպայքարել Շուշիի համար։ Բա էդ մարդիկ ո՞ւմ հրամանով են գնացել կռվել ու զոհվել»,-այսօր ԱԺ-ում «Իմ քայլի» հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան պատգամավորների հարցերի՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ մարդիկ, որոնք նման բան են ասում, գնում են ցուցմունքներում ասում են՝ չգիտեմ՝ հորեղբորս տղեն ինչ-որ մի տեղ նստած էին, անհայտ մարդիկ եկան, այդպիսի արտահայտություն արեցին, թողեցին, գնացին։

Ինչ վերաբերում է ՀՀ-ՌԴ-Ադրբեջան կնքած՝ Արցախում պատերազմն ավարտելու մասին համաձայնագրում տեղ գտած ենթակառուցվածքների մասին դրույթին, ապա վարչապետն ասաց՝ փաստաթղթում արձանագրված է, որ տրանսպորտային ուղիները պետք է ապաշրջափակվեն եւ դրա ավելի կոնկրետ տեղայնացումը հետագա բանակցությունների հարց է․ «Ենթադրվում է ե՛ւ երկաթուղին, ե՛ւ ճանապարհները»։

Ռուբեն Ռուբինյանն էլ խնդրեց ավելի հստակեցնել իր ելույթում ասաց այն հայտարարությունը, որ պատերազմը հնարավոր է եղել կանգնեցնել այն պայմաններում, որ կուզեին Շուշին, ընդ որում ԱԳՆ խոսնակն էլ արձագանքել է՝ «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»։

«Ես տիկին Հայրապետյանի հարցին պատասխանելիս արդեն ասացի՝ ես նկատի ունեի այդ խաղաղ գործընթացում այդ չընդունված փաթեթներում միշտ եղել է փախստականների վերադարձի եւ բռնի տեղահանվածների հարց, եւ երբ աշխատանքային մակարդակում պարզաբանումներ ենք փորձել ստանալ, թե այս կամ այն կետում ինչն է, որ կարող է ընդունելի լինել եւ ինչն է նկատի առնվում, այդ կետի ներքո միշտ նկատի է առնվել ադրբեջանական կողմից, որ առնվազն Շուշի պետք է վերադառնան փախստականները։ Եվ պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են տարբերակներ, թե ինչ տարբերակներով կարող ենք գալ համաձայնության, որ պատերազմը կանգնի, եթե ոչ ամենասկզբից, իքս պահից, կարող ենք ստուգել՝ գուցե հինգ օրից վեց, յոթ օրից, Շուշին որպես նախապայման պատերազմի դադարեցման, հայտնվել է օրակարգում։

Սա անհերքելի փաստ է։ Երբ ասում են՝ խաղաղ գործընթացում․․․ դե լուծեիք, եթե տենց լավ տարբերակ կար, ինչո՞ւ չի լուծվել։ Եւ վերջին երեսուն եւ վերջին երկուսուկես տարում։ Բա լուծեիք, տենց լավ տարբերակներ են եղել ու Հայաստանը հրաժարվե՞լ է։ Ով նման բան է ասել, կգա հիմա իմ առաջ պատասխան կտա։ Այսինքն` նման լավ տարբերակներ են եղել ու չի ասվե՞լ, չի՞ ստորագրվե՞լ։ Ուրեմն կենթարկվի պատասխանատվության այդ անպատասխանատու վերաբերմունքի համար։ Շփումների ընթացքում, երբ պարզաբանվել է բանակցային գործընթացի վերաբերյալ սա ինչ է նշանակում, որոնք են ընդունելի սահմանները, այդ հարցը միշտ գոյություն է ունեցել ձեւակերպված այսպես կամ այնպես։ Այս առիթով ուզում եմ ասել, որ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30