«Վերջին երեսուն տարում մենք ապրել ենք պատերազմի բացառում, ոչ մի թիզ հող թշնամուն տրամաբանության մեջ։ Չենք էլ նկատել, որ այս երկուսի մեջ հակասություն կա։ Մեզ պետք էր ընտրություն կատարել եւ կենտրոնանալ այդ ընտրության վրա։ Վերջին երկուսկես տարում այդ ընտրությունը կատարել ենք, գուցե վատ ընտրություն ենք կատարել, բայց ես այդ ընտրությունը կատարել եմ եւ այդ ընտրության մեջ պարտվել եմ եւ կրում եմ դրա ամբողջ պատասխանատվությունը, բացարձակապես ուրիշ ոչ ոք»,-այսօր Աժ-ում «Իմ քայլի» հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան պատգամավորի հարցին։
Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների մասին էլ վարչապետն ասաց, որ ինքը դեռ 2015-16 թվականին ԱԺ ամբիոնից ասել է՝ մենք ձեւ ենք անում, թե հնարավոր է լինելու խուսափել պատերազմից․«Այդ տարածքների մասին այսքան խոսում ենք, ո՞վ է վերջին անգամ այդ տարածքներում եղել, երեսուն տարվա ընթացքում այնտեղ ի՞նչ է արվել, իսկ երեսուն տարվա ընթացքում մեր զինված ուժերում աշխատավարձերն ինչքա՞ն է եղել։ Ով հնարավորություն է ունեցել՝ բանակից խուսափել է։ Բա դա հետեւանք չէ՞ր ունենալու»։
Ապա` Փաշինյանը նշեց այս երեսուն տարվա ընթացքում մեծահարուստների հարկերից խուսափումը, որոնք, օրինակ՝ գազի եւ հոսանքի գումարը չեն վճարել, բայց բարեգործություն են արել։
«Ես եմ մեղավոր, երեսուն տարվա մեջ միակ մեղավորը ես եմ, եւ ես կկանգնեմ ժողովրդի դատի առաջ եւ անմռունչ այդ դատավճիռը կընդունեմ։ Բայց ես հարցեր եմ բարձրացնում ու պահանջում եմ պատասխաններ։ Մենք մսխել ենք մեր երեսուն տարին, կարող է երկուսուկես տարին էլ ենք մսխել, բայց երկուսուկես տարին դրա տաս տոկոսից էլ քիչ է»,-ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Շուշիի թեմային, նա ասաց․«Ասում են՝ Շուշին ծախել են։ Ո՞վ է ծախել Շուշին: Շուշին, եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետեւ Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին: Բա որ պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում: Ասում են՝ ինչո՞ւ Արցախի նախագահն իր երդմնակալությունը Շուշիում արեց: Պատկերացրեք, ամբողջ քաղաքական էլիտան 30 տարի համարել է, որ Շուշին Լեռնային Ղարաբաղի քաղաք է, եւ Արցախի նախագահն այնտեղ իրավունք չունի միջոցառում անելու: Այդտեղ է հանձնվել Շուշին: Եթե ուղտին նստած կուզեկուզ եք ման գալու, էդ ուղտը ձեր ինչի՞ն է պետք, ժողովուրդ: Ի՞նչ ներդրում է արվել Շուշիում: Վերջին մի քանի տարում մի քանի նվիրյալ գործարարներ այնտեղ ներդրում են արել եւ դա է եղել։ Այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ տարածքները 30 տարիների հանձնվել են, երբ որ այնտեղ մոլախոտ է աճել»։
Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունից հետո, երբ սոցիալական ցանցում քննադատվեց Շուշին դժբախտ եւ դժգույն անվանելու համար, ֆեյսբուքի իր էջում պարզաբանեց իր հայտարարությունը․«Ինձ համար ակնհայտ է, որ 1994 թվականից ի վեր, մենք ցավոք, Շուշիի համար չենք հասցրել անել այն ամենը, ինչ կարող էինք անել: Եղել են նվիրյալ գործարարներ, ովքեր շատ էական եւ կարեւոր ներդրումներ են արել: Եղել են նաեւ պետական ներդրումներ, բայց մեծ հաշվով Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին ինքը արժանի էր: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով: Հենց սա նկատի ունեի՝ ԱԺ ամբիոնից այդ թեմայի մասին խոսելիս»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ