Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ․ «Բա ապրիլյան պատերազմը, որ կանգնեցվեց, ո՞նց կանգնեցվեց, ինչի՞ համար, ի՞նչ պայմաններով, ո՞վ կանգնեցրեց, հենց այնպե՞ս, որոշվեց, որ վե՞րջ»

Նոյեմբեր 16,2020 21:50

Այսօր Ազգային ժողովում վարչապետի հետ «Իմ քայլը» խմբակցության հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը, հիշեցնելով այսօր առավոտյան վարչապետի հայտարարությունը՝ «կարո՞ղ էինք խուսափել պատերազմից: Այո, կարող էինք, եթե համաձայնեինք Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին», նկատեց՝ Շուշիի հարց երբեւէ որեւէ բանակցային փաթեթի մաս չի կազմել, եւ չի հիշում որեւէ քննարկում, որ Շուշիի հարց լիներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան պատգամավորի, ասաց՝ իսկ որեւէ բանակցային փաթեթ կյանքի կոչվե՞լ է․ «Մենք բանակցային փաթեթ ասելով նկատի ունենք թղթեր, որոնք գոյություն են ունեցել։ Հաջորդ հարցը, որ այդ բանակցային կոնտեքստում պիտի ծագի՝ իսկ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, ո՞ր դեպքում է, որ որեւէ բանակցային փաթեթ կդառնա իրականություն։ Վերջին 2,5 տարվա ընթացքում իմ ունեցած շփումներն ու քննարկումներն ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից եւ տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից եւ Շուշիից։ Այո, բանակցային փաթեթներ եղել են»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակցային փաթեթներն ընդամենը թուղթ է, որի վրա կարող ես գրել նույնիսկ քո լավագույն ցանկությունները։

Ըստ Փաշինյանի, այդ տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձգելու մեր հնարավորությունները 2016-ի ապրիլյան պատերազմով սպառվել են․«Եվ մենք ունեինք 2016-ի ապրից հետո ունեինք երկու հնարավորություն՝ կամ հրաժարվել մեր իրավունքներից կամ փորձել պաշտպանել մեր իրավունքները»։

Փաշինյանի խոսքով՝ հիմա թուղթն են ցույց տալիս, ասում՝ վայ, Շուշիի մասին բան չկա․ «Բան չկա, դրա համար էդ թուղթը կյանքի չի կոչվել։ Էնքան թղթեր կան՝ Կազանի թուղթն էլ կա, կյանքի՞ է կոչվել, դրանից առաջ մի հատ ուրիշ թուղթ էլ կար, ոչ մի թուղթ կյանքի չի կոչվել։ Ինչո՞ւ, էդ լավ փաստաթղթերը չե՞ն ուզել ստորագրել, ինչ-որ դավադրությո՞ւն է եղել, ո՞չ։ Մեր խնդիրն այն է, որ մենք ինչ-որ տեղ տպած թղթերին ավելի շատ ենք հավատացել, քան իրողություններին։ Հիմա էլ դա օգտագործվում է պրոպագանդիստական նպատակով։ Ուզում են ասեն, որ ինչ-որ իրավիճակում հնարավոր է եղել ավելի լավ բան եւ ՀՀ կառավարությունը դրանից հրաժարվե՞լ է։ Նախկին իշխանության ներկայացուցիչներ իրենց կանխատեսումներն են դնում, որ 2018 թվականին իրենք ասել են՝ հեսա տեսեք Ղարաբաղում ինչ է լինելու։ Այստեղ երեք տարբերակ կա՝ կամ իրենք մարգարե են, կամ մենք ձեզ հետ բոլորով դավադիր ենք, հատուկ եկել ենք, որ մեր երկրին վնաս տանք, կամ առնվազն՝ ես, կամ իրենք իմացել են ուր են հասել։ Բա ապրիլյան պատերազմը, որ կանգնեցվեց, ո՞նց կանգնեցվեց, ինչի՞ համար, ի՞նչ պայմաններով, ո՞վ կանգնեցրեց։ Հենց այնպե՞ս, որոշվեց, որ վերջ, կանգնո՞ւմ ենք, վերջ, մոռանո՞ւմ ենք։ Մեկը հասկացա՞վ ապրիլյան պատերազմն ինչո՞ւ կանգնեց, ի՞նչ պայմաններով, հարց չե՞ք տալիս՝ ո՞նց եղավ, որ էն պատերազմը կանգնեց, այս պատերազմը չկանգնեց»։

Վարչապետը ողջունեց ընդդիմության առաջարկը՝ այս պատերազմը քննող քննիչ հանձնաժողով ստեղծել։

«Այդ պատերազմը որտեղի՞ց ընկավ, ո՞նց եղավ, որ քսան տարի այդ ծավալի ռազմական գործողություններ չէր եղել․․․իսկ ի՞նչ տեղի ունեցավ, եւ ինչի՞ կանգնեց, ինչ պայմանով, ով ինչ պարտավորություն ստանձնեց։ Թող ոչ ոք իրեն մարգարեի տեղ չդնի։ Իրենք գիտեին հարցն ուր է հատել։ Մեր սխալը գուցե այն է, որ մենք ժողովրդին չենք ասել, որ սենց վիճակ է։ Բայց մյուս կողմից տպավորություն ստեղծվեց, որ մենք հրաժարվում ենք պայքարից։ Ռազմական դրության առաջին օրից այս ամբիոնից ասել եմ՝ կարող ենք հենց հիմա կանգնեցնենք պատերազմը, ասել եմ ինչ պայմանով։ Այստեղից թուր ու թվանքը հանած ասում էին՝ ոչ, ոչ, ոչ մի դեպքում։ Հիմա ա ինձ ասում են՝ խի՞ չեք կանգնացրել։ Էսօր ասում են՝ դավաճան ենք, դավաճան ենք, որ կռի՞վ ենք տվել։

Մեկ զոհերի համար են մեղադրում, ճիշտ են անում, իրավունք ունեն, մեկ էլ՝ զոհ չտալու համար։ Մեկ էլ ասում են՝ 35 հազար զինվորի կյանքը, որ փրկել եք, դավադրություն է, ինչի՞ եք փրկել։ Թող մի տաս հազար հոգի էլ զոհվեր։ Այնպես որ, ես խորհուրդ եմ տալիս՝ ոչ ոք իրեն մարգարեի տեղ չդնի»,-ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30