Լրահոս
Օրվա լրահոսը

Ճակատագրական հայուհիներ՝ արքաների կյանքում

Նոյեմբեր 16,2020 21:01

Հայոց թագուհիների վերաբերյալ տարբեր ձեւաչափերով բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ կան: Նրանք եղել են ճակատագրական կանայք եւ կարեւոր դերակատարություն են ունեցել պատմության որոշակի շրջաններում, օգնել իրենց ամուսիններին՝ անգամ կառավարման գործերում:

Ամենահիշատակված թագուհիներից մեկը գեղեցկուհի Նուարդն է՝ Արա Գեղեցիկի կինը, որի անունն այսօր կրում են ոչ միայն հայ կանայք, այլեւ ապրանքանիշեր: Նուարդին իր Հայոց պատմության մեջ անդրադարձել է պատմահայր Մովսես Խորենացին՝ որպես Արայի ամենասիրելի կին, իսկ հետո Արա Գեղեցիկ-Նուարդ-Շամիրամ սիրային եռանկյունին վերաարծարծվել է գեղարվեստական գրականության մեջ: Հայոց պատմությունից հայտնի 150 թագուհիներին եւ ազնվազարմ տիկնանց չենք անդրադառնա, բայց կառանձնացնենք նրանցից մի քանիսին՝ պատահականության սկզբունքով:

Ֆրանսահայ պատմաբան, հայագետ Կլոդ-Արմեն Մութաֆյանը 2018 թ Մատենադարանում բացված «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսի ժամանակ յուրօրինակ անդրադարձ էր կատարել հայ ազնվազարմ տիկնանց ու խաչակիրների ժամանակաշրջանին: «Երբ խաչակիրները եկան եւ չորս պետություն հիմնեցին, պետք է ըստ կարգի կին ընտրեին իրենց համար տեղացիներից, որոնք լինեին քրիստոնյա, իշխանուհի եւ անպայման գեղեցկուհի»: Այդ չափանիշներին, հայագետի ասելով, համապատասխանել են միայն ազնվազարմ հայուհիները: Նա մասնավորապես վկայակոչել էր Երուսաղեմի արքա Բալդուին Առաջինի կնոջը, որը հայ իշխանուհի էր, Բալդուին Երկրորդի կինը՝ նույնպես ազնվազարմ հայուհի էր: Վերջինիս դուստրը, որ հետագայում թագուհի էր կարգվել, լատինաարեւելյան ամենահզոր անհատականություններից է, որը մեծ դերակատարություն է ունեցել հայ-ֆրանսիական կապերի առումով:

Բալդուին I-ի առաջինի կինը Արդան էր՝ Եդեսիայի կառավարիչ Թորոս իշխանի դուստրը, որի հետ ամուսնությունը երջանիկներից չէր, արքան կնոջը մեկուսացրել էր Երուսաղեմի վանքերից մեկում, իսկ հետո թույլատրել մեկնել Կոստանդնուպոլիս:

Ինչ վերաբերվում է Բալդուին Երկրորդի կնոջը՝ Մորֆիա Մալաթիացուն, նա եղել է Եդեսիայի կոմսուհի, ապա՝ Երուսաղեմի թագավորության թագուհին։ Մորֆիան Մալաթիայի հայկական իշխանության կառավարիչ, իշխան Գաբրիելի դուստրն էր:

Փառանձեմ Սյունին կամ Փառանձեմ թագուհին Գնել Արշակունու, ապա Մեծ Հայքի Արշակ Բ արքայի երրորդ կինն է եղել, Պապ թագավորի մայրը: Նրա կերպարը մարմնավորվել է Րաֆֆու «Սամվել», Զորյանի «Հայոց բերդը», Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» գործերում եւ Չուխաճյանի «Արշակ II» օպերայում:

Լևոն 2-րդ Մեծագործի գահը 4 տարեկանում ժառանգած Զաբել թագուհին հայտնի է որպես ուսյալ եւ խորագետ կին, որը լուսավորչական, շինարարական աշխատանքներ է հովանավորել, կառուցել եկեղեցիներ, հիվանդանոց, նրա դիմապատկերով դրամներ են հատվել: Ի դեպ, Վարդգես Սուրենյանցը հրաշալի կտավ ունի, որը կոչվում է «Զաբել թագուհու վերադարձը», այն պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

Տրդատ 3-րդ Արշակունի թագավորի կինը՝ Աշխենը առաջին քրիստոնյա հայ թագուհին է եղել: Ըստ Ագաթանգեղոսի, նա մասնակցել է Հռիփոիմյաց կույսերի նշխարհները հավաքելուն ու ամփոփելուն, իսկ 302 թ. մկրտվել է Եփրատ գետում՝ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ: Աշխեն թագուհին դասվել է հայ եկեղեցու սրբերի շարքին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ findagrave.com-ից, gallery.am-ից եւ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30