Կառավարության յուրաքանչյուր օղակի գործունեությունը վերլուծվում է եւ հետեւություններ արվում են։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Իմ քայլի»-ի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցի։
Պարոն Բաբաջանյանը վարչապետից հետաքրքրվել էր հրաժարականների մասին, մասնավորապես՝ դիվանագիտական, անվտանգային եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հրաժարականի։
Պարոն Բաբաջանյանը նաեւ հետաքրքրվել էր հետպատերազմական իրավիճակում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին, որի նախաձեռնող հենց վարչապետը պետք է լինի եւ նա պետք է իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ ներկայացնի։
Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության կայունության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելն է։ Այսօր չեմ կարծում, որ մենք այդ հնարավորությունն ունենք։ Մենք խնդիր ունենք վերականգնելու անվտանգությունն ու օրինականությունը Հայաստանի հանրապետությունում եւ ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը»։
Կարդացեք նաև
Սրանից հետո, ըստ վարչապետի, հնարավոր կլինի խոսել անելիքների մասին․ «Մեր խնդիրն է ստեղծել մի իրավիճակ, որի հետագա զարգացումը չվտանգի ժողովրդի իշխանության լինելիությունը։ Բացառված է, որ ես կոնկրետ որեւէ այնպիսի քայլ անեմ, որի արդյունքում կվտանգվի իշխանություն ձեւավորելը՝ ազատ, օրինականան, արդար, թափանցիկ կամարտահայտման միջոցով։ Մենք գնալու ենք կայունություն եւ համերաշխություն ապահովելու ճանապարհով»։
Բայց, սրա համար, ինչպես ասաց վարչապետը, բոլոր մասնակից քաղաքական ուժերը պետք է հստակ արձանագրեն, որ դատապարտում են բռնությունն ու իրենց գործիքակազմում բռնություն չի լինելու։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ