ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ, Արցախի հարցի խաղաղ կարգավորման որեւէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը թե առավոտյան ասուլիսում, թե քիչ առաջ՝ խորհրդարանում, հայտարարեց, որ պատերազմի ցանկացած փուլում եղել է այն տարբերակը, որին ինքը համաձայնություն է տվել:
Մեր այս դիտարկմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց. «Շուշիի հարց բանակցություններում ընդհանրապես չի քննարկվել նույնիսկ ամենավատ տարբերակներում։ Դա նույնիսկ Ալիևի օրակարգում չի եղել, չհաշված մի քանի հրապարակային քարոզչական հայտարարություններում։ Նիկոլը ստում է, եթե ի նկատի ունի բանակցության ողջ ընթացքը»։
Արտակ Զաքարյանի խոսքով, Շուշին Արցախի թագուհին է, Շուշին Արցախի և ամբողջ Կովկասի դիտակետն է, Շուշին Արցախի ու Հայաստանի անվտանգության ամենակարևոր հանգույցն է. «Նիկոլն իր ճղճիմ պատկերացումներով թող այլևս չբարբաջի ոչինչ։ Ամոթ մեզ, որ ունենք նման վարչապետ, ամոթ մեզ բոլորիս, որ մեր Ազգային ժողովում նման հայտարարություն է հնչում և պատգամավորներից մեկը չի հակադարձում»։
Արտակ Զաքարյանը հիշեցնում է, որ Շուշիից առաջ այլ բնակավայրեր են ընկել. «Շուշին հանձնելուց խոսող դավաճան ղեկավարը մոռացել է, որ մինչ Շուշի հասնելը հակառակորդը գրավել է Ջաբրայիլը և կարող էր պատերազմն այդտեղ կանգնեցներ։ Կորցրել է Ֆիզուլին և Կուբաթլուն ու կարող էր կանգնեցնել։ Կորցրել է Զանգելանը և կարող էր կանգնեցնել։ Բայց ո՛չ, նա չարեց դա։ Ժողովրդին խաբում էր, որ «հաղթելու ենք» և եկավ հասավ մինչև Շուշի։ Ահա, թե ինչ է նշանակում Նիկոլի ասած՝ «Շուշին պետք է առանց պատերազմ հանձնվեր»։ Հադրութից էլ «ճանապարհը բացվեց» դեպի Շուշի»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ