ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր Ազատության հրապարակում իր ելույթում ասաց, որ Փաշինյանը չունի որեւէ սկզբունք. «Մենք սեւերի ու սպիտակների բաժանելու խնդիր չունենք, այսօր հանդես ենք գալիս համերաշխության դիրքերից, միակ պահանջը, որ այսօր հրապարակում ձեւավորված է, դա քո անցնցում հեռանալն է: Բայց չէ, դու քո աթոռը պահելու համար պատրաստ ես քո հայրենակիցների արյունը թափել: Պատրաստ ես հրահրել քաղաքացիական պատերազմ: Դու քո ընտանիքի բարեկեցությունը, քո կուսակիցների, արբանյակների աշխատավարձերն ու պարգեւավճարները պահելու համար պատրաստ ես այս հրապարակում քաղաքացիական պատերազմի, բախումների, արդյունքում՝ զոհասեղանին դնել մեզանից յուրաքանչյուրի կյանքը: Բայց անգամ դա քեզ չի փրկելու»:
Տոնոյանն ասաց, որ ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտի տարածումը դարձել է Փաշինյանի կյանքի իմաստն ու ուղենիշը:
Հետո Իվետա Տոնոյանը հայտարարեց. «Քո վրեժի կոչերից հետո դեռ չի սառել սպանված Գառնիկ Պետրոսյանի դին, որին պարզապես սպանել են՝ Ազգային ժողովի դահլիճ մտնելու Արարատ Միրզոյանի աթոռին նստելու համար: Ե՞րբ ես դու հագենալու, ե՞րբ է հագենալու քո արյան ծարավը»:
Հիշեցնենք, որ ոստիկանության վարկածով, Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել:
Կարդացեք նաև
Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է: ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց. «Չհամարձակվեք պղծել մեր հաղթանակի, մեր արժանապատվության խորհրդանիշ հանդիսացող Շուշին: Եթե Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր, ինչո՞ւ էր կինդ՝ Աննան ֆոտոսեսիաների գնում Շուշիում: Ադրբեջանին տվեցիր այն բոլոր հողերը, որտեղ կինդ լուսանկարվեց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ