«Հիմնականում շեշտը դրվել է, որ սխալները գալիս են գործադիրից, բայց ես կարծում եմ, որ մեծ պատասխանատվության բաժին ունի ազգային ժողովը՝ այդ թվում նաեւ ընդդիմադիր խմբակցությունները, որ այս վերջին 2,5 տարվա ընթացքում պատշաճ վերլուծություն չեն կատարել»,-այսօր ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նրա խոսքով, երբ վերջին տարիների վերլուծություններ է արել «ակնառու ու վախենալու» թվերի հետ է առնչվել՝ ժամկետային զինծառայողների թվի կրճատման առումով. «Թվերը չի կարելի հրապարակել, բայց վերջին տասը տարում երկու անգամ կրճատվել է ժամկետային զինծառայողների թիվը, որի մասին ես նաեւ հայտարարել եմ եւ նաեւ ազգային ժողովի երեք խմբակցություններն այս իմաստով պատշաճ վերաբերմունքի չեն արժանացրել»:
Վարչապետն արձագանքեց՝ նշելով, որ քաղաքական դիսկուրսի բացակայություն է եղել. «Մեզ երկու բանի մեջ էին մեղադրում, բանակցությունները տապալելու եւ հող հանձնելու մեջ: Էլի մեզ մեղադրում են նրանում, որ պատերազմը չենք կանխարգելում, որ մենք հողեր ենք հանձնում: Բայց այդ քննադատության մեջ էլ ընտրություն չկար, ի վերջո ի՞նչ էին ուզում: Ուզում էին, որ պատերազմը կանխարգելվե՞ր թե ուզում էին, որ հողեր չհանձնվեր: Իսկ հիմա մեզ ուրիշ բանի համար են մեղադրում՝ ասում են՝ ինչի՞ շուտ չհանձնեցիք հողերը, որ պատերազմը կանխարգելվի, որ պատերազմն ավելի շուտ կանգնի: Պատերազմն ավելի շուտ չէր կարող կանգնել, այսինքն՝ պատերազմն ավելի շուտ կարող էր կանգնել այն պայմաններով, ինչով որ կանգնել է: Եվ պաշտպանության բանակը որոշել էր պայքարել այնքան ժամանակ մինչեւ պայքարն իմաստ ունի: Մենք մեր ընտրությունը կատարել ենք: Ես չեմ համարում, որ մենք սխալ ընտրություն ենք կատարել, բայց այո, մենք մեր կառավարության շրջանում չենք կարողացել անել այն, որ այդ ընտրությունը երաշխավորվեր: Ինչքան էլ մենք հասկանում ենք, որ երկուսուկես տարվա ընթացքում, ես չեմ ասի արվել է ինչ-որ հնարավոր է, բայց արվել է շատ բան, մասնավորապես զինված ուժերում բարեփոխումների մասով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ