Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մենք կանգնած ենք եղել մեր բանակի ու մեր երկու պետությունների կողքին, բայց այդ 44 օրվա ընթացքում ինքը ատելություն է քարոզել, փորձել է մեղքը գցի նախկինների, բանակի, գեներալների, ժողովրդի վրա, բայց ոչ իր»:
Հարցին՝ պատրա՞ստ եք երկխոսել Փաշինյանի հետ՝ Շարմազանովը պատասխանեց. «Պատրաստ եմ երկխոսել միայն ու միայն իր հեռանալու ճանապարհային քարտեզի շուրջ: Միակ բանը, որ մենք այսօր ունենք խոսելու Փաշինյանի հետ, իր՝ օր առաջ հրաժարականն է: Մի մարդ, որը գնացել, նման բան է ստորագրել, մի մարդ, որը 2.5 տարի ձեզ խաբել է, 44 օր խաբել է, մի մարդ, որը կանգնում ասում էր՝ 5+2 են ինձ առաջարկում, տարավ երեխեքին, զոհվեցին, Շուշին տվել ենք, Հադրութը տվել ենք, Մարտունու մի մասը տվել ենք, Թալիշը տվել ենք, Մատաղիսը տվել ենք: Նիկո՛լ Փաշինյան, ինձ ցույց տուր մի փաստաթուղթ մինչեւ քեզ, որ բացի 5+2-ից, Շուշին լինի, Հադրութը, Թալիշը, Մատաղիսը, Մարտունու մի մասը լինի: Պլյուս՝ հազարավոր զոհեր: Դու պետք է ինքնակամ հեռանաս, քո՝ մի ժամ ավելի մնալը սպառնալիք է հայ ժողովրդի անվտանգությանը: Ուժային կառույցների հետեւը պախկվելով՝ դու կարող է մի քանի ժամով երկարացնես քո կյանքը, չեմ հասկանում, աթոռը այդքան քեզ թա՞նկ է, ա՛յ ընկեր»:
Շարմազանովը դեմ է անգամ Փաշինյանի հետ կոլեգիալ կառավարմանը, որովհետեւ նա անարգել է մեր ռուս դաշնակիցներին, Պուտինին չէր դիմավորում, Խաչատուրովին, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, հետ կանչեց ու քրգործ հարուցեց, Ալիեւի հետ էլ վերելակում «ջան-ջիգյար» էր անում, նրա հետ ի՞նչ կառավարում. «Ես չեմ ասում, որեւէ մեկը չի ասել, որ Ալիեւը կիրթ ու կառուցողական է, ինքն է ասել՝ ինչ ուզեմ, ինչ պետք է, այն էլ կբանակցեմ, ասում էր՝ զրոյական կետից եմ սկսում, սա է քո կետը: 950 հազար հա կորցրել է եւ հազարավոր զոհեր»:
Շարմազանովի խոսքով՝ սա խաղաղություն չի, սա անարգանք է ու մեր 30 տարվա երազանքը մեզնի գողանալ է. «Մայիսի 9-ին ի՞նչ եք տոնելու, եռատոն, Շուշիի ազատագրում կարողանալո՞ւ եք տոնել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ