«Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին:
Պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հարցն ուղղելիս ասաց, որ կարելի է շատ խոսել սխալների եւ անցածի մասին, բայց ավելի շատ ուզում է խոսել ներկայի եւ ապագայի մասին: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ է նախատեսվում հանրային համերաշխության մթնոլորտը վերականգնելու համար, կա՞ն քայլեր, որ կառավարությունը նախատեսում է անել: Եվ երկրորդ՝ պարզ է, որ այսօր մեր ամբողջ ջանքերը եւ ուժը պետք է ներդնել բանակցային սեղանի շուրջ առավելագույնին հասնելու համար: Չնայած, բոլորին էլ հասկանալի է՝ ռազմի դաշտը թելադրելու է նաեւ իր պայմանները:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հանրային համերաշխության վերականգնման ամենակարեւոր կետը իմ կարծիքով ներքաղաքական եւ ներքին կյանքում, ինչպես նախկինում եմ էդ կարծիքին եղել, բռնության բացառումն է եւ բռնությունների դատապարտումը: Եվ ես այսօր առիթ ունեցա հստակ հայտարարել, որ Հայաստանի կառավարության գործիքակազմում բացակայում է, բացառվում է բռնությունների հրահրումը, առավել եւս՝ զինված: Ես դա արեցի ձեզ հայտնի առիթով, երբ մեզ փորձ էր արվում վերագրել մտադրություններ, որոնք կապ չունեն մեր մտադրությունների հետ: Եվ ես այսօր էլ, այստեղ էլ հայտարարում եմ, որ բացառված է: Մեղադրում են, ասում են՝ ՀՀ վարչապետը քաղաքացիական պատերազմ է հրահրում կամ պատրաստում: Այսինքն, ավելի անհեթեթ մեղադրանք դժվար է պատկերացնել: Բայց ես ասում եմ, որ այս խոսակցությունը լավ առիթ է, որ ընդդիմությունն ինքը նույնպես հայտարարի, որ իր գործիքակազմում բռնի մեթոդներ գոյություն չունեն եւ գոյություն չեն ունենալու: Կհայտարարի՞, արդյոք: Շատ լավ: Դա հնարավորություն կստեղծի, որպեսզի ձեր ասած երկխոսությունը իսկապես տեղի ունենա: Իսկ ինչո՞ւ եմ մի փոքր կասկածելով ասում: Որովհետեւ նոյեմբերի լույս 10-ի գիշերը, երբ որ տեղի ունեցան հայտնի բռնությունները, մինչեւ հիմա այդ բռնությունները դատապարտված չեն: Կառավարության շենքի նկատմամբ հարձակումը, ԱԺ նկատմամբ հարձակումը, կառավարական կեցավայրի նկատմամբ հարձակումը մինչեւ օրս դատապարտված չեն քաղաքական ուժերի կողմից: Ի՞նչ քաղաքական ուժ: Մինչեւ հիմա դատապարտված չէ ՄԻ պաշտպանի կողմից: Դատապարտվել է ԱԺ նախագահի վրա հարձակումը: Ես կարդացել եմ ՄԻ պաշտպանի ֆեյսբուքյան էջը:
Թող հայտարարվի՝ բռնությունը որպես գործիքակազմ բացառվում է եւ էդ փաստով արդեն երկխոսությունը տեղի կունենա: Այսօրվա մեր հանդիպումն էլ երկխոսության մի յուրօրինակ արտահայտություն է, եւ ես էստեղ եմ, որպեսզի պատասխանեմ նաեւ ընդդիմության հարցերին:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է բանակցություններին, այո, բանակցային օրակարգը ըստ էության ձեւավորման փուլում է եւ մեզ համար, գիտեք, որ բանակցային օրակարգում կարեւորագույն խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Իհարկե, նաեւ՝ փախստականների վերադարձի հետ կապված հարցեր, անվտանգության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ տնտեսության բնականոն գործունեության եւ զարգացման հետ կապված հարցեր: Էդ բոլոր հարցերը պետք է քննարկվեն: Եվ, այո, պետք է ամբողջ հնարավոր ներուժը ներգրավվի, որպեսզի մենք կարողանանք այդ հարցում առավել էֆեկտիվ լինել: Եվ մենք առիթ ունեցել ենք խոսելու, որ խորհրդարանական դիվանագիտության դերը այս առումով ամենեւին էլ չպետք է թերագնահատել եւ խորհրդարանը նույնպես լիարժեք պետք է ներգրավված լինի այս գործընթացում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ