«Թավշյա հեղափոխություն» հորջորջվող իշխանափոխությամբ ընտրված գործիչները հաջողությունից գլխապտույտի մեջ ընկան և օրենսդրությունը, պետական ու դատական կառույցներն արմատապես վերափոխելու, արագորեն զարգանալու նախադրյալներ ստեղծելու փոխարեն հիմնականում տարվեցին նախկինների որդեգրած «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսով:
Այդ չափազանցված ինքնավստահության հետևանքով երկիրը տասնամյակներով թալանած, երկիրը ավերման եզրին հասցրած «քաղաքական գործիչներն» ու դրանց ստեղծած համակարգերը մնացին համարյա անփոփոխ՝ ձևացնելով, թե հիմա էլ ծառայում են նոր տերերին: Քաղաքական, քրեական և տնտեսական բնույթի հանցագործություններ կատարողները մնացին անպատիժ և սկսեցին բացահայտորեն քանդել նոր իշխանության հիմքերը: Նրանք ամրապնդեցին իրենց դիրքերը և շարունակեցին ծառայել արտերկրի իրենց տերերին:
Աններելի է, երբ ցեղասպանություն տեսած ազգը կարճ ժամանակահատվածում կրկին առերեսվում է իր պատմությանը: Արցախյան 2-րդ պատերազմը և հետևանքը համարյա նույնությամբ կրկնում է հարյուրամյա վաղեմության իրավիճակը. բանակը մարտունակ է, հայրենիքի համար զոհողություն անողների պակաս չկա, սակայն պետությունն իր դերում չէ, ներքին թշնամին գործում է անարգել, արտաքին քաղաքականություն վարողները բավարար չափով չեն տիրապետում դիվանագիտական արվեստին, և այդ ամենն իրական դաշնակիցների բացակայության պայմաններում անհնարին են դարձնում հաջողությունը ռազմաճակատում:
Այսպիսով՝ պատերազմի վճռորոշ պահին կրկին ասպարեզ եկավ այն նույն ներքին տականքը, որի պատճառով 100 տարի առաջ կորցրինք պետականությունը:
Կարդացեք նաև
Մեր ապաշնորհության պատճառով, «քաղաքակիրթ» Եվրոպայի «մտահոգ» ու անտարբեր հայացքի ներքո, մեր գլխավոր «դաշնակցի» թեթև ձեռքով ու մեր թշնամիների հետ համագործակցելով, մեզ դարձյալ ստորացուցիչ պայմաններ պարտադրեցին: Չկարողանալով ճիշտ գնահատել իրականությունն ու սեփական հնարավորությունները, պատմությունից դասեր չքաղելով՝ կրեցինք հերթական խայտառակ պարտությունը:
Ելնելով վերոշարադրյալից՝ ընտրված իշխանությունից պահանջում ենք.
1. Հայաստանի Նախագահը, Ազգային ժողովը, սահմանադրական մարմինները, իսկ եթե կնպաստի՝ վարչապետն իր հրաժարականով պետք է օգտագործեն իրենց լիազորությունները չեղարկելու նոյեմբերի 9-ին հայտարարված, իրավական որևէ հիմք և պարտավորություն չպարտադրող եռակողմ ստորագրված փաստաթուղթը՝ առաջարկելով բանակցություններով հասնել Արցախի նոր կարգավիճակին՝ նոր սահմաններով։
2. բացահայտել մարտական գործողությունների ժամանակ թիկունքից դավադրություն իրականացրած քաղաքական գործիչներին ու զինվորականներին, հրապարակել դրանց անունները և պատժել ռազմական դրության պայմաններին հարիր եղանակով,
3. պաշտոնանկ անել պատերազմի պայմաններում իրենց պարտականությունները թերի կատարած պաշտոնյաներին (այդ թվում՝ դիվանագիտական առաքելություն կատարող) և ենթարկել օրենքով նախատեսված պատասխանատվության,
4. Ենթադրում ենք, որ ընտրյալ իշխանությունն արդեն արել է անհրաժեշտ հետևությունը: Պատրաստ ենք հետևողականորեն սատարել կառավարության՝ իրավիճակից անցնցում դուրս գալուն, հանրության համախմբվածությունը պահպանելուն միտված նախաձեռնություններին:
Փա՛ռք հայոց ազգին: Փա՛ռք անպարտ Հայոց բանակին: Եվ դեռ հաղթելո՛ւ ենք:
«ԶԱՐԹՈՆՔ» գաղափարական-քաղաքական ակումբ