Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան տված հարցազրույցով, ընդ որում՝ շատ անհաջող կերպով և մանիպուլյացիաների միջոցով, փորձեց մեղմել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջին նախորդ օրը կատարած՝ քաղաքացիական պատերազմի սադրանք պարունակող գրառման ուղերձները՝ զուգահեռաբար ձգտելով մեղադրել ուրիշներին։
Ստիպված ենք արձանագրել, որ հատկապես դավաճանական զինադադարի հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի քայլերը ճգնաժամը հաղթահարելու փոխարեն միայն նպաստում են դրա խորացմանն ու ծավալմանը։ Խոսքի և գործի աղաղակող տարբերությունը, առաջին հերթին՝ Երևան քաղաքում և հարակից բնակավայրերում ռազմական դրության իրավական ռեժիմն անհարկի կերպով պահպանելը և դրա լծակների չարաշահմամբ քաղաքական ու քաղաքացիական բնականոն գործընթացների զարգացումը ոստիկանական բռնությունների և հալածանքի միջոցով խափանելը, հավատ չի ներշնչում նաև նշված հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնված ուղիղ հավաստիացումը, թե վարչակազմն իր կողմից բացառում է բռնության խոսքը և բռնությունը։
Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը չի դատապարտել Հանրապետության հրապարակի մեծ էկրանից իրեն աջակցող զինծառայողների շուրթերով հնչեցված բռնության սպառնալիքի հեռարձակումը և պատասխանատվության չի կանչել այն հեռարձակած և տարածած պաշտոնատար անձանց, որոնց թվում կան նաև իր թիմի անդամներ։
Այս թերահավատության հիմք է տալիս նաև այն հանգամանքը, որ դեռևս նոյեմբերի 12֊ին Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հանդես է եկել բռնության կանխարգելման նպատակով հիմնական քաղաքական բևեռների և Նախագահի ապարատի ներկայացուցիչներից կազմված համակարգող մարմին ստեղծելու առաջարկությամբ, սակայն «Իմ քայլը» խմբակցության կողմից համագործակցության արձագանք ստանալու փոխարեն գործող վարչակազմի հանձնարարությամբ ենթարկվում է իրավական բռնության և քաղաքական հալածանքի։
Կարդացեք նաև
Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը ևս մեկ անգամ հաստատում է իր համոզմունքը, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, ուստի առկա քաղաքական բևեռները, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքը և գործող վարչակազմը, պարտավոր են իրենց գործունեության մեջ բացառել բռնությունը և համագործակցել բռնությունը կանխարգելելու ու դրա հնարավոր ծավալումը չեզոքացնելու նպատակներով։
Այլընտրանք չունեցող այս հրամայականի հիմնական հասցեատերն ու երաշխավորն անձամբ Նիկոլ Փաշինյանն է, ուստի նա պետք է ընդառաջ գնա հասարակությանն ու քաղաքական բևեռներին՝ առաջին հերթին նաև քայլեր ձեռնարկելով Երևանի և հարակից բնակավայրերի տարածքում ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու ուղղությամբ։
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ