Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտում հոգեբանորեն ապրել չեմ կարող, եթե ամեն օր Շուշիից լսելու եմ նամազի և մուղամի ձայն». Ստեփանակերտի բնակիչ

Նոյեմբեր 16,2020 17:24

«Մենք մարդիկ ենք չէ՞. անտուն, անօթևան, անհայրենիք ինչպե՞ս մնանք»,- ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Հադրութի բնակիչների կողմից անցկացվող բողոքի ցույցի ընթացքում հայտարարեց ցույցի մասնակիցներից մեկը:

Նա նշեց, որ իր աղջիկն էր ապրում Հադրութում, ինքն ապրում էր Ստեփանակերտում ու նշեց. «Աղջիկս Հադրութում է բնակվել, ավերվել է նրանց տունը, ես Ստեփանակերտում եմ բնակվում: Բայց ես էլ Ստեփանակերտում ապրել չեմ կարող, հոգեբանորեն էլ, եթե ամեն օր Շուշիից լսելու եմ նամազի և մուղամի ձայն»:

Նա նշեց՝ օրերն էր հաշվում, թե երբ է տուն վերադառնալու, բայց նշեց՝ այս կարգավիճակով վերադառնալ չեն կարող ու շարունակեց. «Մենք մեր երեխաներին խաղահրապարակներում ազատ թողնում էինք, որ խաղան, հիմա դա անել չեմ կարող: Ասում եք՝ ռուս խաղաղապահ զորք, խաղաղապահ զորքը չի հսկում ամեն ընտանիքի անվտանգությունը»:

Լրագրողները հիշեցրին՝ Արցախի և Հայաստանի ղեկավարները կոչ են անում վերադառնալ Արցախ, արցախցի կինն արձագանքեց. «Ընդհանրապես խայտառակ այդ փաստաթղթից հետո ո′չ Արցախի ղեկավարին, ո′չ Հայաստանի ղեկավարին ես չեմ համարում մեր ղեկավարը: Նրանք մեզ համար ղեկավար լինել չեն կարող: Արայիկ Հարությունյանը հայտարարել է վերադառնալ Արցախ, բայց եթե Ստեփանակերտ-Մարտունի հատվածից չորս հոգի գերի են վերցրել, ինչպե՞ս հասկանանք: Եթե դու դեռ քեզ համարում ես նախագահ և հայտարարություն տալիս, դու պիտի այդ անվտանգությունն ապահովես: Հայտարարություն տալով չէ, որ բունկերներում կամ կաբինետներում նստեն ու սկսեն հայտարարություններ տալ: Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ արդեն ադրբեջանական զորքը գտնվում էր Շուշիում, նույն պահին դիրքերում գտնվող հարազատիս եմ զանգում, ասում է՝ մենք գտնվում ենք Շուշիում: Ես ինչպե՞ս հավատամ նրան: Այսօր եկել են մեր կռվողները և ասում են, որ Շուշին հանձնել են: Շուշի առ այսօր ադրբեջանական զորք չի մտել, ինչո՞ւ պիտի այդ նախագահ կոչվածի հայտարարություններն ի գիտություն ընդունեմ»:

Հադրութի Մարիամաձոր գյուղի բնակչուհի 78-ամյա Երմոնյա Ղազարյանն ասաց՝ հոկտեմբերի 15-ին է եկել Հայաստան, վերջին դուրս եկողներից է եղել. չէր ուզում լքել իր ծննդավայրը: Նա նշեց. «1992 թվականին իմ տղան տասներորդ դասարանն ավարտեց, պատերազմ գնաց, իմ տղան արդեն երրորդ անգամ է մեկնում պատերազմ՝ թողնելով իր երեխաներին, հիմա էլ երեխաներն ամենքը Հայաստանի տարբեր վայրերում են, ես՝ ինքս չգիտեմ՝ ինչ մտածեմ, թե որտեղ եմ իմ գլուխը դնելու հողի տակ: Խնդրում եմ հայ ժողովրդին, որ օգնեն մեզ, որ Հադրութը հետ դարձնեն, նորից կգնամ իմ հայրենիքը՝ իմ երեխաներով, փեսաներով, որոնք պատերազմում մայորներ են, նրանց հետ ապրեմ իմ հայրենիքում: Շատ եմ խնդրում՝ օգնեք հետ դառնալ մեր հայրենիք, մեր Հադրութ, թող մեր Հադրութը վերականգնվի, այժմ թուրքի ոստիկաններն են շրջում Հադրութում, իսկ Հադրութը լուռ, ունքերը կիտած լաց է լինում մեր հետևից, մենք էլ Հադրութի համար: Խնդրում եմ ետ տվեք մեր հողերը, մեր Արցախը ամեն մի վայր, մեր Շուշին, որտեղ ես հանդես եմ եկել բեմի վրա»:

Երմոնյա Ղազարյանի խոսքը շարունակեց մեկ այլ հադրութցի կին: Նա վրդովված նշեց. «Դուրս եկեք, դուրս եկեք, մեզ ասում էին: Ինչո՞ւ դուրս գանք, ինչո՞ւ հետ գնացին, ինչո՞ւ Հադրութի տանկերն առանց փամփուշտների էին, ինչո՞ւ Հադրութը չկարողացան պաշտպանել, ինչո՞ւ հետ, հետ մինչև ո՞ւր, մինչև որ Շուշին էլ տան, պրծնե՞ն, նոր հանգստանա՞ն»:

Հադրութցիներն արցունքն աչքերին գոչում էին՝ մենք մեր Հադրութն ենք ուզում, մեր ծննդավայրը, մեր ծնողների գերեզմաններն ի՞նչ անենք: Նրանք պահանջում են՝ դեօկուպացնել Հադրութը, քանի որ Հադրութը հայկական է, Հադրութը պատմական Դիզակն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30