Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին ուղիղ եթերում պատասխանել է ավելի քան մեկ տասնյակ ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի սղագրությունն ամբողջությամբ.
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մենք դիմել ենք թվով 12 լրատվամիջոցի և խնդրել, որպեսզի մեզ ուղարկեն մեկական հարց, որոնք քիչ անց ես կհնչեցնեմ պարոն վարչապետին:
Պարոն վարչապետ, նախքան բուն հարցերին անցնելը, ես կուզեմ, որ մենք խոսենք Ձեր երեկվա գրառման մասին: Դուք տեղյակ եք, որ այն շատ քննադատությունների տեղիք է տվել և անգամ գնահատվել է որպես Ձեր կողմից քաղաքացիական պատերազմի կոչ: Մեկնաբանեք խնդրում եմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Իհարկե, հասկանալի է, որ հիմա մենք բոլորս և մեր հանրությունը հասկանալի պատճառներով բավական լարված է: Եվ երեկվա գրառման հետ կապված կարող եմ ասել, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում: Եվ դա հասկանալու համար ես առաջարկում եմ ուղղակի մենք ընթերցենք՝ ես ինչ եմ գրել և ինչի մասին է այդ գրառումը:
Կարդացեք նաև
Ի՞նչ եմ ես գրել այդ գրառման մեջ: Գրել եմ՝ «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր»: Դուք տեղյակ եք, որ ամսի 9-ից հետո և հայտնի իրադարձություններից հետո առաջնագծից կամավորներ, զինվորներ տեսանյութեր են ձայնագրում և հրապարակում համացանցում, որտեղ աջակցության խոսքեր են ասում կառավարության հասցեին և տալիս որոշ գնահատականներ և վերլուծություններ: Եվ հաջորդ նախադասությամբ ասում եմ, որ «ապշած եմ տղաների խորագիտությունից»: Շատ դեպքերում այնտեղ հնչում են ուղղակի շատ խորը վերլուծություններ, և այդ վերլուծությունների համար հիմք են հանդիսանում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հենց այդ տղաների, զինվորների աչքի առաջ: Հաջորդը գրում եմ՝ «Տղերք, դուք ճիշտ եք»: Այսինքն՝ շատ իրադարձությունների իրենց մեկնաբանության հետ ես համաձայնվում եմ: «Սպասում եմ ձեզ Երևանում»,- ահա այս նախադասությունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, որ այստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա:
Նախ, եթե մեր սիրելի հայրենակիցներն ուշադիր լինեն, հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երևում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են և վերադառնում են իրենց ընտանիքներ: Եվ այդ մարդկանցից շատերը, խմբեր, նույնիսկ առանձին ջոկատներ, ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ: Եվ ես հարկ եմ համարել այսպես հրապարակային արձագանքել, որ ես իրենց հետ հանդիպումը, իհարկե, կկազմակերպեմ և իրենց հետ կքննարկենք հարցեր: Հաջորդ նախադասությունը՝ «Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»: Իհարկե, այստեղ բավական կոշտ ձևակերպում է, բայց հաշվի առնելով, որ նաև երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են նաև օգտագործում իրենց հայտարարություններում, այո, այս ձևակերպումն օգտագործել եմ, և սա ի՞նչ է նշանակում ընդհանրապես:
Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների հետ վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում: Որոնք այն մասին են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել և այլն, և այսպես շարունակ:
Ո՞վ, եթե ոչ առաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը: Եվ ինձ համար շատ կարևոր է նաև շփվել այդ տղաների հետ, լսել նրանց գնահատականները: Եվ, ի դեպ, ասեմ, որ առաջնագծից, քանի որ խոսքը բախման մասին է, ոչ ոք Հայաստանի Հանրապետություն և Երևան չի վերադառնում զինված: Որովհետև դրված են հատուկ անցագրային կետեր, որտեղ գտնվող իրավապահ մարմինների ներկայացուցիչները՝ Ռազմական ոստիկանություն, Ոստիկանություն, ԱԱԾ, այդ խմբերին ուղեկցում են զորամասեր, այնտեղ նրանք իրենց զենքերը սահմանված կարգով հանձնում են: Եվ ես երեկ այս թեմայով հերթական զրույցն եմ ունեցել Ռազմական ոստիկանության պետի հետ, որպեսզի մենք բացառենք որևէ մեկի կողմից զենքերով մայրաքաղաք Երևան հասնելը: Ես նկատի ունեմ այդ մեկնաբանությունները: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տասնյակ ձևերով: Իհարկե, այստեղ մի նուրբ հարց կա, որ առաջնագծից հրապարակված տեսանյութերի մեջ երբեմն շատ կոշտ բառապաշար է հնչում: Եվ, իհարկե, դա մտահոգիչ է: Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի փաստի վրա, թե նաև ինչը կարող է դրա համար պատճառ հանդիսացած լինել:
Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում: Հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց, Ազգային ժողովի շենքը և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը: Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան: Սա շատ կարևոր հանգամանք է: Նույնիսկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այդ հարձակումները չդատապարտեց: Սա շատ կարևոր հանգամանք է: Եվ դատապարտման խոսքեր, շատ հետաքրքիր է, հնչեցին առաջնագծում գտնվող զինվորների կողմից:
Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում, որ մենք, իհարկե, Հայաստանում պետք է բացառենք ատելության խոսքը և բացառենք քաղաքացիական բախումները: Ի՞նչ քաղաքացիական պատերազմ: Այդ ինչի՞ մասին է խոսքը: Ո՞վ է ընդհանրապես դրա մասին խոսում: Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի իրավապահ համակարգը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունն ունեն բավարար ներուժ՝ նման բան թույլ չտալու համար: Հիմա այստեղ հարց կհնչի: Բա, եթե այդպես էր, ինչո՞ւ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն այդ ամեն ինչը չկանխվեց և չկանխարգելվեց: Շատ պարզ պատճառով:
Որովհետև նույն Ոստիկանության զորքերը, Ազգային անվտանգության ծառայության, նույնիսկ՝ Պետական պահպանության ծառայության մի շատ հսկայական հատված գտնվում էր առաջնագծում: Եվ, ըստ էության, մայրաքաղաք Երևանում շատ սահմանափակ ուժեր կային և՛ Ոստիկանությունից, և՛ Ազգային անվտանգության ծառայությունից, և՛ Պետական պահպանության ծառայությունից: Բայց սա նաև ինչի՞ մասին է վկայում: Հենց իշխանությանը կամ կառավարությանը դավադրության մեջ են մեղադրում, այսինքն՝ դավադրության գնացող կառավարությունը, Պետական պահպանության ծառայությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը ուղարկո՞ւմ է հայրենիքի սահմանները պաշտպանելու, ինքն իրեն անպաշտպան վիճակում թողնելով՝ դավադրությունների մեջ է մտնո՞ւմ:
Ես նկատի ունեմ այս իրավիճակում երեկվա իմ գրառման հետ կապված շահարկումները համարում եմ անտեղի: Բացարձակապես անտեղի: Եվ ես համարում եմ, որ առաջնագծից վերադարձող, զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն: Եվ ես չեմ համարում, որ եթե նրանք ուզում են ինձ հետ հանդիպել, դահլիճային պայմաններում՝ ենթադրում եմ, և ես համաձայն եմ նրանց հետ հանդիպել, դրա մեջ դատապարտելի որևէ բան կա: Եվ նրանք են, չէ՞, ճշմարտության կրողը իրադարձությունների մասին: Եթե պարզվի, որ դավադրություն է եղել, կամ կա դավադրություն, թող բացահայտվի, բոլոր մեղավորները պատժվեն: Բայց, կներեք, Երևանից դժվար է գնահատական տալ կամ հեշտ չէ գնահատական տալ նրանց համար, ովքեր ամբողջական ինֆորմացիայի չեն տիրապետում:
Այդ տղաներին պետք է լսել: Ես, օրինակ, մտադիր եմ լսել: Ինչ-որ դատապարտելի բան կա՞: Այն, որ ինչ-որ ռազմաքաղաքական դավադրություն չկա, ես դրանում համոզված եմ: Բայց ինձ պետք է լսել նաև այդ տղաներին, որովհետև այնտեղ ինչ-որ դրվագների մասին են խոսում: Պարզաբանենք, հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, և արդյոք կա՞ն մեղավորներ, որոնք պետք է պատժվեն: Այնպես որ ես ուզում եմ ասել, որ բացարձակապես անտեղի եմ համարում:
Ի՞նչ է նշանակում քաղաքացիական պատերազմի կոչ: Երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կոչ է անո՞ւմ: Որտե՞ղ է այդպես գրված: Ընդ որում, բազմաթիվ մարդիկ ասում են՝ այո: Բայց չի կարելի այդպես մանիպուլյատիվ մոտեցում ցուցաբերել: Եվ ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր այնտեղ են… Իմիջիայլոց, ասեմ, եթե առաջնագծի զինվորներին ներգրավելու, քաղաքական այս ընթացիկ իրավիճակի հանգուցալուծման մեջ ներքաշելու խնդիր լինի, կառավարությունը բոլոր լծակներն ու լիազորություններն ունի: Ռազմական դրության ռեժիմը հնարավորություն է տալիս նաև Զինված ուժերին ներգրավել՝ աջակցելու հասարակական կարգը պահպանելու և այլ հարցերում: Այսինքն՝ դրա համար սոցիալական ցանցում գրառում անելու անհրաժեշտություն կա՞, եթե նույնիսկ այդ տրամաբանությամբ նայենք: Այնպես որ, ես հույս ունեմ, որ մեր հայրենակիցները ճիշտ են հասկացել, և համենայնդեպս, նրանք, ովքեր ճիշտ չեն հասկացել, հույս ունեմ, որ այս պարզաբանումից հետո կվերանայեն իրենց գնահատականը:
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Անցնենք հարցերին:
«Առավոտ» օրաթերթ, Լուիզա Սուքիասյան – Հայտնի է, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Ընդունո՞ւմ եք պատասխանատվությունը, որ պատերազմը Ձեր վարած քաղաքականության հետևանք է նաև: Եվ եթե ոչ, ո՞վ է այն պաշտոնյան, որ պատասխանատու է տարածքային կորուստների, հազարավոր զոհերի ու գաղթականների համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, որևէ կասկած չկա ինձ համար, և տարընթերցում չկա, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, տեղի ունեցածի համատեքստում կրում է պատասխանատվությունը: Այստեղ տարընթերցում չկա: Եվ ես հասկանում եմ նաև, ինձ հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով՝ ինչպես նախկինում, գործունեության բերումով պետք է կանգնեմ, եթե շատ պայմանական ասեմ կամ մի քիչ սուր ձևակերպենք, մեր ժողովրդի դատի առաջ: Բայց որպեսզի տվյալ դեպքում դատավորը՝ ժողովուրդը, կարողանա եզրահանգումների գալ, ինքը պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին:
Այսինքն՝ պետք է խոսակցություն տեղի ունենա՝ հենց նույն զինվորներին լսելը, հենց նույն ընդդիմությանը լսելը, կառավարությանը լսելը: Բոլորին լսելն այս պրոցեսի շատ կարևոր և անբաժանելի մասն է: Եվ ես կարևոր եմ համարում արձանագրելը, թե ինչ է տեղի ունեցել: Իսկ տեղի է ունեցել հետևյալը՝ որ 2018 թվականի մայիսի դրությամբ՝ մեզնից առաջ, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, երբ, ըստ էության, հարցը մտել էր «տարածքներ ոչնչի դիմաց» տրամաբանության փուլ:
Հիմա, եթե ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, օրինակ, որ շատ Հանրապետականներ այսօր ի ցույց են դնում 2018 թվականի իրենց գրառումները, կանխատեսումները և այլն և այլն, որտեղ արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդություններ են լինելու, որ ընդհուպ հողեր են հանձնվելու, սա է արվելու, այն է արվելու, այն է արվելու: Այստեղ կա 3 տարբերակ՝ կամ այդ մարդիկ մարգարե են, կամ մեր կառավարությունը և անձամբ ես, իրոք, դավադիր են, որ հատուկ չարամիտ դավադրությամբ եկել-հասել եմ իշխանության, որ Արցախի համար պրոբլեմներ ստեղծեմ, և կա 3-րդ տարբերակը՝ այդ մարդիկ պարզապես այդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը, ուր է հասել, և ինչ անխուսափելի պահանջներ և կոնսենսուս կա դրված Հայաստանի Հանրապետության առաջ:
Հիմա իմ վարած քաղաքականությունն այդ համատեքստում: Իմ վարած քաղաքականությունը եղել է հետևյալը՝ փորձել չհամաձայնվել այդ ամեն ինչի հետ, փորձել փոխել տրամաբանությունը: Եվ, ըստ էության, հիմա կարող ենք ասել, որ, ցավոք, այո, մեզ դա չի հաջողվել: Մեզ դա չի հաջողվել, որովհետև մենք կանգնած ենք, նաև պատերազմից առաջ կանգնած ենք եղել մի իրավիճակի առաջ, երբ եղել է, ըստ էության, միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ առանց որևէ նախապայմանի: Մեր ամբողջ քաղաքականությունը եղել է՝ փորձ անել փոխել այդ տրամաբանությունը: Եվ մենք, այո, չենք կարողացել փոխել այդ տրամաբանությունը և գուցե այդ տրամաբանությունը փոխելու հնարավորությունները ճիշտ չենք գնահատել: Բայց, մյուս կողմից, եթե ճիշտ չենք գնահատել, մենք ի՞նչ պետք է անեինք, պետք է համակերպվեի՞նք դրա հետ: Ես, օրինակ, չէի կարող դրա հետ համակերպվել և փորձել եմ ամեն ինչ անել՝ Հայաստանի դիմադրողականությունն այդ հարցի վերաբերյալ բարձրացնելու համար: Փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի 2 տարվա ընթացքում մեր Զինված ուժերի մարտունակությունը և զինվածության մակարդակն էականորեն բարձրանա և մեծանա:
Բայց եթե այդ հարցի համատեքստում նայենք, մեզ մեղադրում են հակադարձ բաների մեջ: Օրինակ, մեզ մեղադրում են, ասում են, որ դուք, ըստ էության, ստորագրեցիք թուղթ, որ հանձնվեն որոշակի տարածքներ: Բայց, մյուս կողմից, մեզ մեղադրում են, որ մենք ավելի վաղ չենք ստորագրել թուղթ և թղթեր, որպեսզի այդ տարածքները հանձնվեն: Այսինքն՝ մեզ և՛ մեղադրում են հանձնելու մեջ, և՛ մեղադրում են ավելի շուտ չհանձնելու մեջ: Շատ պարզ տրամաբանական պատճառով: Ես արդեն ասացի, որ մեր բանակը, մեր Զինված ուժերը կռվել են, դիմադրել են այնքան ժամանակ, մինչև այդ դիմադրությունն ունեցել է կոնկրետ նպատակ, իմաստ՝ ռազմավարական և մարտավարական:
Եվ մեզ, մյուս կողմից, էլի մեղադրում են հակադարձ բաների մեջ: Մեզ մեղադրում են, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել և մեզ մեղադրում են, որ մենք զոհերից խուսափելու համար և մեր 20-35 հազարանոց խմբավորումը շրջափակումից դուրս դնելու կամ շրջափակումը թույլ չտալու համար գնացել ենք այդպիսի քայլերի: Այս ամեն ինչի պատասխանատվությունը, իհարկե, իմն է: Առաջին հերթին իմն է: Բայց այդ պատասխանատվությունը լիարժեք կրելու համար ես հարկ եմ համարում, որ բոլոր հանգամանքները մանրամասն պարզաբանվեն հանրության համար: Բոլոր հանգամանքները մանրամասն պարզաբանվեն հանրության համար: Եվ այս խոսակցությունների և զրույցների նպատակը, կարևոր նպատակներից մեկը, հենց դա է:
«Արմենիա» հեռուստաընկերություն, Զոհրաբ Հարոյան – Ձեր պաշտոնավարման սկզբում Դուք ասացիք, որ բանակցություններն սկսում եք Ձեր սեփական կետից։ Ո՞րն է հիմա Ձեր սեփական կետը բանակցություններում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, հենց այդ նույն հարցի շարունակությունն է: Ի՞նչ նկատի ունեի, երբ ասում էի՝ սեփական կետ: Սեփական կետ ասելով ես նկատի ունեի, որ մենք այդ տրամաբանությանը փորձում ենք և փորձելու ենք չհամաձայնվել: Դա էր այն կետը, և դրան, ըստ էության, նախորդ հարցին ի պատասխան անդրադարձա: Ինչ վերաբերում է նոր կետին, մենք պետք է վերլուծենք և ձևակերպենք այն օրակարգը, որ այսօր մենք ունենք այսօրվա իրավիճակի շուրջ և պետք է սպասարկենք այդ օրակարգը՝ մասնավորապես, կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վրա: Ամենակարևոր խնդիրը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ապրի Լեռնային Ղարաբաղում, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մեզ համար նոր սրությամբ և նոր կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում, ինչպես նաև հումանիտար հարցերը, կոմունիկացիոն հարցերը, տրանսպորտային հարցերը և այլն, և այդպես շարունակ:
«Հանրային» հեռուստաընկերության լրատվական ծառայություն, Շողիկ Գալստյան – Տարբեր քաղաքական ուժեր բարձրաձայնում են, որ կարող են այդ հայտարարության կետերը ավելի հայանպաստ դարձնել: Ինչո՞ւ այդ ուժերի հետ երկխոսություն չկա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես, ճիշտն ասած, չեմ ստացել այդպիսի առաջարկ քաղաքական ուժերից, որևէ քաղաքական ուժի կողմից, որ իրենք գիտեն՝ ինչպես ավելի լավը դարձնել: Բայց ես էլի ուզում եմ ասել, որ այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որը, ցավոք, մենք ունեցել ենք տվյալ իրավիճակում: Ըստ էության, հետադարձորեն փոխել փաստաթուղթը, փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչը, կարծում եմ, համենայնդեպս այսօր իրատեսական խնդիր չէ՝ նման ձևակերպում անելու համար: Ինչ վերաբերում է հետագա բանակցային գործընթացին, այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք դեռ մեկնաբանությունների կարիք և տեղիք ունեն: Եվ, իհարկե, այդ մեկնաբանությունների ընթացքում նաև բոլոր գաղափարները, բոլոր առաջարկները ի մի կբերվեն, և լավագույն առաջարկները նաև կփորձենք կյանքի կոչել:
«Շանթ» հեռուստաընկերություն, Արամ Աբրահամյան – Պարոն վարչապետ, եթե Ազգային ժողովի պատգամավորները՝ ընդ որում, ոչ միայն ձեր խմբակցության, նախարարները, կառավարության անդամները, ՀՀ նախագահը, տեղյակ չէին հայտնի հայտարարության բուն քննարկումից և Ձեր ընդունած որոշումից, արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ ինստիտուտները պարզապես չեն գործում և ճգնաժամի մեջ են: Եվ արդյոք չե՞ք կարծում, որ օր առաջ անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորել նշված ինստիտուտների գործունակ իրավահաջորդներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ ես ուզում եմ ասել, որ այս ընթացքում պատերազմի ընթացքում գոնե երկու Անվտանգության խորհրդի նիստ ենք ունեցել, որին մասնակցություն է ունեցել Հանրապետության նախագահը, նիստերից մեկին՝ Վեհափառ Հայրապետը, նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել, և քննարկումներ են տեղի ունեցել, որ ընդհանուր առմամբ միտումների մասին նրանք տեղյակ են եղել: Այո, կոնկրետության հետ կապված շատ նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել: Որովհետև, ինչպես արդեն ասացի, եկել է մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում, շատ սահմանափակ ժամանակում, և այդ որոշումները կայացվել են այդ սահմանափակ ժամանակաշրջանում՝ խորհրդակցելով Զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի քաղաքական ղեկավարության հետ: Որովհետև կոնկրետ իրադարձություններ էին զարգանում, և այդ իրադարձություններին պետք էր շատ կոնկրետ արձագանքել:
Ինչ վերաբերում է ինստիտուտների գոյությանը և գործունեությանը, ինստիտուտները, իհարկե, գործում են և կգործեն: Եվ հիմա ես շատ կարևոր եմ համարում, որ մենք Հայաստանի Հանրապետությունում կայունությունը և հանրային անվտանգությունը լիովին երաշխավորենք, և մենք այսօր պետք է կենտրոնանանք այդ խնդրի վրա: Ե՛վ խորհրդարանը, և՛ Հանրապետության նախագահը, և՛ մնացած բոլոր ինստիտուտները այսօր պետք է ոչ թե չգործեն, այլ պետք է գործեն, և մեր բոլորի գործունեությունը պետք է կոնկրետ ուղղված լինի անվտանգությունը և կայունությունն ապահովել: Եվ ոույլ տվեք ասել, որ իմ կարծիքով և համոզմամբ՝ այդ ինստիտուտները գործունակ են և ունեն գործելու մանդատ և լիազորություն:
«Հանրային ռադիո» ռադիոկայան, Հասմիկ Դիլանյան – Ի՞նչ աշխատանքներ են տարվում անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ, և հայտնի՞ է արդյոք, թե քանի անհետ կորած ունենք այսօր։ Հայտնի՞ է, թե երբ է սկսվելու գերիների փոխանակումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, հայտնի է թիվը: Ես հիմա կոնկրետ թիվ չհրապարակեմ, բայց մենք ունենք թիվ: Ցավոք, մի քանի հարյուր մեր զինվորների մասին է խոսքը, անհետ կորածների, և մենք հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ մենք նույն եզրակացությանը կհանգենք: Մենք հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ, եթե ոչ առողջ, ապա գոնե ողջ: Օրինակ, երեկ ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած: Ինչ վերաբերում է գերիների փոխանակությանը, դա տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո:
Եվ, իդեպ, շատ է քննարկվում, և շատ կարևոր հարց է, նաև առաջարկներ կային, որ սգո օր հայտարարվի: Ես ուզում եմ ասել, որ կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ այդ որոշումը կայացվի, երբ մենք մարմինների հայտնաբերման գործընթացը հասցնենք ավարտին և հնարավորություն ունենանք հարգանքի տուրքը մատուցել նաև պետական մակարդակով կայացված որոշումների շրջանակում: Նաև կարևոր եմ համարում, որ մենք այս ընթացքում երաշխավորենք զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսված սոցիալական երաշխիքները, նաև առաջին հաշմանդամություն ստացած զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքները: Եվ կառավարությունը միջոցներ ձեռնարկում է, և մենք ունենք վտահություն, որ այդ ամեն ինչը կարվի պատշաճ մակարդակով:
Իհարկե, շատ կարևոր եմ համարում նաև շփումը զոհվածների ընտանիքների անդամների հետ: Իհարկե, անպայման պետք է այդ շփումը կառավարության և զոհվածների ընտանիքների միջև լինի, և լինի շարունակական: Ես խոսեցի զինվորների հետ շփման մասին առաջին հարցի համատեքստում: Շատ կարևոր եմ համարում նաև հաշմանդամություն ստացած մեր զինվորների հետ շփումը, որովհետև նրանց հետագա կյանքի կազմակերպումը կարևորագույն խնդիրներից է, և կառավարությունն այստեղ պետք է շատ ակտիվ դերակատարություն ունենա: Զինվորը պետք է տեսնի, որ պետությունը կանգնած է, հայրենիքը կանգնած է իր կողքին և իրենից կախված ամեն ինչ անում է: Պարզ է՝ առողջական խնդիրների լուծումը նույնիսկ քննարկման թեմա էլ չէ, այդտեղ քննարկելու բան չկա: Նաև այն, ինչ օրենսդրությամբ նախատեսված է՝ սոցիալական որոշակի երաշխիքներ, այդտեղ էլ քննարկելու ոչ մի բան չկա: Բայց շատ կարևոր է նաև, որպեսզի կառավարությունն աջակցի հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին, ովքեր մասնագիտական վերապատրաստման խնդիր ունեն, իրենց հետագա կյանքի կազմակերպման առումով: Եվ սա մեր գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը պետք է դառնա:
«Ազատություն» ռադիոկայան, Արտակ Համբարձումյան – Շուշիի անկումը շատ հարցեր է առաջացրել հանրության ու փորձագետների մոտ։ Կան կարծիքներ, որ Շուշին՝ որպես բերդաքաղաք, անառիկ է, և պայքարի դեպքում այն չէր կարող ընկնել: Կարո՞ղ եք մանրամասնել՝ ինչու՞ և ինչպե՞ս է ընկել Շուշին։ Դուք Ձեր վերջին հարցազրույցում նշել էիք, որ պատերազմը դադարեցնելու համար պահանջում էին հանձնել Շուշին, նաև մինչև քաղաքի ընկնելը: Ո՞ր կողմն է նման պահանջ ներկայացրել, և կարո՞ղ եք մանրամասնել, թե պատերազմի սկզբից ռազմական գործողությունների դադարեցման համար, ինչ առաջարկներ ու տարբերակներ են Ձեզ առաջարկվել ռուսական ու ադրբեջանական կողմերից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ ես էլի ուզում եմ ասել, որ այդ կարևորագույն քննարկումներից մեկը և ապատեղեկատվություններից մեկը կապված է Շուշիի հետ: Որովհետև շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է: Այսօր ես Արցախի նախագահի գրառումը կարդացի, որտեղ, ցավոք, ինքն ասում էր, որ այդ աշխատանքների արդյունքում Շուշիում 100-ից ավելի մեր զինվորների մարմիններ են հայտնաբերվել: Եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորներն ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել:
Ես ավելին ասեմ՝ կային հայտարարություններ, որ քաղաքական հարթակներից հնչում էր, որ կան կոնկրետ տվյալներ, անուններ, որոնք պատրաստ են վկայել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել: Ես ուզում եմ տեղեկացնել, որ իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին, և ես տեղյակ եմ, որ հրավիրել են և փորձել են նրանից ստանալ կոնկրետ տեղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչ դավադրության մասին է խոսքը, և ինչպես է դա տեղի ունեցել: Ինչքանով ես տեղյակ եմ, այդ հայտարարության հեղինակը խուսափել է կոնկրետ պատասխաններ տալ:
Եվ այստեղից եզրակացությունը հետևյալն է. եթե կա դավաճանություն և ինչ-որ մեկը հայտարարում է, որ ունի կոնկրետ տեղեկատվություն դավաճանության մասին և հետո իրավապահ մարմիններին հրաժարվում է կոնկրետ տեղեկատվություն տալ, դա, ըստ էության, ստացվում է մասնակցություն դավաճանությանը: Եթե որևէ մեկն ասում է, որ ինքն իրավապահ մարմիններին չի վստահում, դրա համար չի հայտարարում, թող հրապարակային հայտարարի: Թող հրապարակային հայտարարի՝ ովքե՞ր են այդ հայտարարությունը արել, ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Իսկ իրականում տեղի է ունեցել այն, ինչը պաշտոնապես հայտարարվել է: Ցավոք, այո, սկզբից դիվերսիոն խմբերով, այսինքն՝ հետո շարունակաբար էլ, խմբերով տեղի է ունեցել ներթափանցում քաղաք, և, ցավոք, մենք կորցրել ենք Շուշին:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին: Տեսեք, ես նախկինում, պատերազմի ընթացքում տված հարցազրույցներում մի նրբության մասին եմ խոսել: Որ ամեն անգամ – ընդ որում, այդ օրինակը բերել եմ 2011 թվականի բանակցային գործընթացից – երբ որևէ փոխզիջումային տարբերակ ընդունելի է եղել, ընդունելի է դարձել Հայաստանի, հայկական կողմերի համար, այդ տարբերակը նույն պահին անընդունելի է դարձել Ադրբեջանի համար:
Ես էլի եմ ասում, նաև պատերազմի ընթացքում գրառում եմ արել՝ որ շատ կարևոր է հասկանալ, թե, օրինակ, կարող էինք մենք խուսափել պատերազմից: Այո, կարող էինք, եթե համաձայնվեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, ներառյալ Շուշին: Այո, կարող էինք, բայց արդյոք դա՞ էր այն քաղաքականությունը, որ մենք ուզում էինք վարել: Ոչ, դա չէր այն քաղաքականությունը: Եվ Արցախի Պաշտպանության բանակը, Հայաստանի կառավարությունը, և մեր Զինված ուժերը որոշեցին ընդունել այդ մարտահրավերը, որը նետված էր Հայաստանին: Ցավոք, այդ մարտահրավերի ընդունումը չբերեց այն արդյունքներին, որը մենք բոլորս կցանկանայինք: Բայց նաև այն պատճառով, որ պարտության անխուսափելիության այդ խոսույթն առաջին օրվանից ներկա է եղել առաջնագծում: Առաջին օրվանից ներկա է եղել առաջնագծում: Եվ այսօր քաղաքական գործիչներ, ովքեր պատերազմի առաջին օրից կոչ էին անում՝ պատերազմը կանգնեցնելու գնով հանձնել տարածքներ, այսօր այդ նույն բանի համար Հայաստանի կառավարությանը մեղադրում են դավաճանության մեջ:
Հիմա շուտ և ուշի տարբերությունը: Ես ուզում եմ, որ այս նրբությունն էլ մեր հայրենակիցները ճիշտ ընկալեն: Շուտի և ուշի տարբերությունը, ըստ էության, բովանդակային չկա, որովհետև այդ հարցի մեջ էր: Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայնդեպս, սկզբնական շրջանում: Եվ ինչո՞ւ ենք մենք, Արցախի իշխանությունները, Պաշտպանության բանակը գնացել այս ճանապարհով: Քանի դեռ կար հնարավորություն պաշտպանել, թեկուզ տեսական հնարավորություն պաշպանել այդ ամեն ինչը, Պաշտպանության բանակը, Հայաստանի Զինված ուժերի գխավոր շտաբը որոշել է կռիվ տալ մինչև վերջ: Եվ նրանք կռիվ են տվել հերոսաբար մինչև վերջին վայրկյանը: Ես ուզում եմ, որ մենք բոլորս սա արձանագրենք: Բայց, ցավոք, մենք չենք կարողացել այդ խնդիրը լուծել: Մե՞նք ենք դրա պատասխանատուն: Այո՛, մենք ենք դրա պատասխանատուն: Որովհետև վերջին երկուսուկես տարվա ընթացքում չենք կարողացել լրացնել, շատ դեպքերում՝ չենք կարողացել լրացնել ասենք տասնյակ տարիներով չարվածը: Այո՛, դրա համար մենք, իհարկե, պատասխանատու ենք:
«Ռադիո Սպուտնիկ» ռադիոկայան, Հովհաննես Շողիկյան – Օրերս Ռոման Բաբայանի հաղորդման ընթացքում Մարգարիտա Սիմոնյանը Ձեզ հարց ուղղեց՝ ճի՞շտ է արդյոք, որ ռուսական առաջարկն ընդունելու համար երկար ժամանակ խորհրդակցել եք ԱՄՆ ներկայացուցիչների հետ: Խնդրում ենք մեկնաբանել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, ճիշտ չէ: Ես այս ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ ունեցել եմ ընդամենը 5 խոսակցություն՝ մեկ ամսվա ընթացքում: 3 անգամ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օբրայենի հետ, 2 անգամ՝ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Եվ այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական առաջարկները, այլ ամերիկյան առաջարկները, բացառությամբ առաջին խոսակցության, որ ընդհանուր Օբրայենի հետ առաջին խոսակցությունն էր: Երբ Միացյալ Նահանգները հանդես են եկել հրադադարի նախաձեռնությամբ: Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չեն քննարկվել: Մինչդեռ Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական եմ կապի մեջ եղել, և օր է եղել՝ մենք 5-6 անգամ հեռախոսով իրար հետ զրուցել ենք: Եվ դա բացարձակ անհեթեթություն է, կատարյալ անհեթեթություն է: Եվ թույլ տվեք ասել, իմ կարծիքով, դա այնքան բացահայտ փաստ է, որ նման մանիպուլյացիաները պարզապես տարօրինակ են:
«Փաստ» օրաթերթ, Աննա Բադալյան – Պարոն Փաշինյան, այս օրերին Ձեր մի շարք կողմնակիցներ թեզեր են շրջանառում, որ մեր իսկական թշնամին ներսում է, այսինքն՝ նրանք, որոնք Ձեզ քննադատում են կամ պահանջում են Ձեր հրաժարականը: Հայտնի հայտարարությունից ժամեր անց Դուք «բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում», կոչ արեցիք պատրաստվել վրեժի: Անցած երկու տարում թիրախավորվել, հիմա էլ պարբերաբար թիրախավորվում են Ձեզ հետ, Ձեր որոշման հետ ոչ համամիտ մարդիկ, Ձեր հրաժարականը պահանջող մարդիկ: Դուք մտահոգություն չունե՞ք, որ նման կոչերը կարող են ավելի գրգռել հանրությանը, ավելի մեծ պառակտում մտցնել և բախումների հանգեցնել, ինչն անցանկալի հետևանքներով է հղի: Եվ արդյոք Դուք այն կարծիքի՞ն եք, որ թշնամական երկրներով շրջապատված Հայաստանում ճիշտ է ընդդիմախոսներին թիրախավորելն ու թշնամի ներկայացնելը:
Վարչապետ նիկոլ Փաշինյան – Գիտեք, բայց ես ուզում եմ հասկանալ. երբ ասում են թիրախավորում են՝ ի՞նչ նկատի ունեն: Ո՞վ է ո՞ւմ թիրախավորում և ինչպե՞ս: Կարող ենք տասնյակ և հարյուրավոր օրինակներ ցույց տալ, երբ, ընդհակառակը, իշխանության ներկայացուցիչներն են թիրախավորվում: Ազգային ժողովի նախագահի հետ այն, ինչ տեղի ունեցավ, փառք Աստծո, Հայաստանում վերջին 2,5 տարվա ընթացքում ոչ մի ընդդիմադիրի հետ նման բան տեղի չի ունեցել, նույնիսկ մոտիկ բան տեղի չի ունեցել, և ես համոզված եմ՝ տեղի չի էլ ունենա: Եվ եթե մոնիթորինգ անենք նույն սոցիալական ցանցերում, դեռ հարց է՝ ո՞վ է ավելի շատ թիրախավորվել վերջին 2,5 տարվա ընթացքում: Որովհետև զուտ ենթակառուցվածքների առումով իշխանությունը, կառավարությունը չունի այդքան ենթակառուցվածք թիրախավորելու, եթե նույնիսկ ցանկանա: Իսկ մենք այդպիսի ցանկություն չունենք:
Իսկ որ մթնոլորտը երկրում պետք է լավացնել, որ ատելության խոսքը պետք է բացառել, այո՛, դա ակնհայտ փաստ է, դրա հետ ո՞վ կարող է վիճել: Բայց դրա համար պետք են կոնկրետ գործողություններ: Եվ ոչ միայն իշխանության կողմից: Ես կոնկրետ փաստ եմ բերում՝ ամսի 9-ի լույս 10-ի գիշերը Ազգային ժողովի, կառավարության, պաշտոնական կեցավայրի դեմ տեղի ունեցած հարձակումները, բռնությունները, գույքի ոչնչացումը քաղաքական ուժերը չեն դատապարտել: Համենայնդեպս, քաղաքական ուժերի մեծամասնությունը չի դատապարտել: Ինչո՞ւ: Սա տարօրինակ փաստ չէ՞: Մի՞թե այն պատճառով, որ իրենք են կազմակերպել դա: Մի՞թե դա կարող է պատճառ լինել:
Եվ, հետևաբար, ինչպե՞ս կարող են նրանք, ովքեր չեն դատապարտում այդ ամեն ինչը, կառավարությանը մեղադրել ատելության խոսք քարոզելու մեջ: Իսկ որտե՞ղ է ատելության խոսք քարոզվում, ո՞վ է քարոզում այդ ատելության խոսքը: Իմ երեկվա գրառո՞ւմն է ատելության խոսքի արտահայտություն: Այդտեղ մեկ նախադասություն կա, որ, այո, գուցե այդ արտահայտության հեղինակը ես եմ, բայց մենք տեսանք, որ նույնիսկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր հայտարարության մեջ այդ արտահայտությունն օգտագործում է: Ո՞վ է ատելության խոսք քարոզում: Պատկերացնո՞ւմ եք՝ բռնություններ ու ոչ մի դատապարտում: Հնարավոր է՝ 1-2 քաղաքական ուժ այդ հարձակումները դատապարտած լինեն: Բայց ընդհանուր առմամբ չի դատապարտվել: Պետք է դատապարտվի, որ այդ պրոցեսը կանգնի: Եվ, հետևաբար, ընդդիմությունը պետք է պատասխանի մեկ հարցի՝ այդ գործիքակազմը, որն ինքը չի դատապարտել, շարունակո՞ւմ է մնալ կամ իր համար ընդունելի գործիքակա՞զմ է, թե՞ ոչ: Թող իրենք պատասխանեն այդ հարցին: Որովհետև այդ հարցի պատասխանից շատ մեծ բան է կախված, չափազանց մեծ բան:
Ես կարող եմ ասել, որ կառավարության գործիքակազմի մեջ, ինչքան էլ փորձ արվի բառերն այլ կերպ մեկնաբանել, նման մտադրություն չկա և չի կարող լինել: Որովհետև կառավարությունն է իրավակարգի թիվ մեկ պատասխանատուն՝ իր իրավապահ մարմիններով: Բայց ընդդիմությունը թող հստակ ասի՝ օրինակ, բռնությունն իր ծրագրերի մեջ մտնո՞ւմ է, թե՞ չի մտնում: Այստեղ է հարցի պատասխանը: Եթե պարզվի, որ ընդդիմությունը բացառում է բռնության կիրառումը, ուրեմն, մենք դրանով հարցը լուծված կհամարենք: Այդ դիսկուրսն ընդհանրապես դուրս կգա, կմնա սոցիալական ցանցերում լուծել փոխադարձ շփման կուլտուրայի հարցը: Եվ այդ հարցը կարելի է լուծել օրենսդրությամբ, բայց կարելի է լուծել ուղղակի նաև քաղաքական այդպիսի համատեքստ ձևավորելով և պայմանավորվածությամբ: Որ, այնուամենայնիվ, միմյանց նկատմամբ հարգանքը և հարգալից խոսքը սկզբունքային նշանակություն ունի բոլորի համար, և մերժվելու է ատելության խոսքը կամ դրա հետ սահմանակցող որևէ բան:
Այնպես որ, ես հարցում բարձրացված մտահոգությունը լրիվ կիսում եմ և առաջարկում եմ ճանապարհ՝ այդ հարցը հենց հիմա լուծելու: Առաջինը՝ ես հայտարարում եմ, որ այն, ինչ այս գիշեր փորձեցին վերագրել մեզ, բացառված է, որ մեր գործողություններում լինի այդպիսի գործիքակազմ: Եթե այդպիսի մտադրություն լիներ, որևէ ձևով կարտահայտվեր: Ես հստակ ասում եմ՝ բացառված է, որ մեր մտադրություններում և գործողություններում լինեն այդպիսի քայլեր: Թող ընդդիմությունը ինքն էլ հայտարարի՝ ինքը բռնությունը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում, ինքը զենքի կիրառումը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում: Եթե բացառում է, ուրեմն, մենք ունենք անհրաժեշտ նախապայմանները՝ նաև երկխոսելու, նաև քննարկելու և համատեղ ուժերով իրադրությունը հաղթահարելու համար:
«Արմենպրես» լրատվական գործակալություն, Արամ Անանյան – Ճի՞շտ է արդյոք, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են Ձեր սեղանին դրվել: Ընդ որում, ինչպես պնդում են որոշ մարդիկ, բոլորն ավելի նպաստավոր պայմաններով, քան նոյեմբերի 10-ի հայտարարությունը: Եթե այո, ապա ինչո՞ւ չեք ստորագրել դրանք: Եթե ոչ, ապա ինչպե՞ս կպարզաբանեք այն հանգամանքը, որ ռուս խաղաղապահները Շուշին ընկնելուց օրեր առաջ արդեն տեղափոխվում էին Հայաստան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ այդ վերջին փաստի մասով՝ այդպիսի բան չկա: Դա բացարձակապես անհիմն տեղեկատվությոուն է, և խաղաղապահներն սկսել են տեղափոխվել հայտարարության ստորագրումից հետո: Ինչ վերաբերում է տարբեր փաստաթղթերին, ոչ, այդպիսի բան նույնպես չի եղել: Եղել են էլի նույն տրամաբանությամբ առաջարկներ կամ եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչ պատերազմի մեկնարկից առաջ՝ որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Այդ թվում՝ Շուշին: Այո, առանց որևէ կարգավիճակի: Եվ պատերազմից առաջ էլ է այդպես եղել:
Ես ուզում եմ, որ մենք բոլորս շատ պարզ արձանագրենք դա: Այդպես է եղել 2016 թվականից, և 2016 թվականի ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության՝ այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը: Օրինակ, ո՞րն է եղել մեր սխալը, ամենակարևոր սխալը: Այդ հետո նայենք՝ չարամտությա՞մբ սխալ է, թե՞ ուղղակի սխալ է ի բնե: Որովհետև, ես էլի եմ ասում, ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը շատ լավ արձանագրի:
1998 թվականից սկսած՝ բանակցային գործընթացում, բանակցային բովանդակության մեջ եղել է միայն մեկ թեմա, որը եղել է շատ կոնկրետ: Չափելի: Դա այն է, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Եվ մեր քաղաքականությունը, ըստ էության, հայկական կողմի քաղաքականությունը եղել է ձգել այս պրոցեսը: Ժամանակ ձգել: Այո, ժամանակ կարելի է ձգել, ինչպես ռեզինի նման, չէ՞: Ռեզինը կարելի է ձգել: Կարելի է ձգել 1 տարի, կարելի է ձգել 5 տարի, կարելի է ձգել 10 տարի, կարելի է ձգել 20 տարի: Կարելի է ռետինը ձգել 1 մետր, 2 մետր, 3 մետր, 4 մետր, 5 մետր: Բայց մի իքս պահին այդ ռեզինը կտրվում է: Այդ ռեզինը 2016 թվականին ապրիլյան պատերազմով արդեն կտրվել է, կտրվել էր: Եվ երբ ես ասում էի՝ նոր կետ, ես նկատի ունեի, որ մենք պետք է փորձենք այդ կտրված ռեզինի տրամաբանությունից դուրս գալ և մեզ դուրս դնել: Մեզ դա չի հաջողվել անել: Երբ մեզ չի հաջողվել անել, և, ըստ էության, ռազմական սպառնալիքն է բերվել առաջին պլան, մենք ամեն ինչ արել ենք՝ այս կարճ ժամանակաշրջանում – ավելին, ես չեմ ասում, որ 100 տոկոսով այն, ինչ հնարավոր էր անել, արվել է – բայց դա եղել է մեր ֆոկուսը:
2020 թվականի հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք պատերազմի Ադրբեջանի հետ: Բայց հետագայում պատերազմի մեջ ներգրավվեցին ահաբեկիչները, վարձկանները՝ մեծ քանակությամբ, և Թուրքիան: Եվ, այո, սա դարձավ մեր անհաջողության հիմնական պատճառը: Կարո՞ղ էինք մենք արդյոք կանխել այսպիսի զարգացումը: Այո, կարող էինք, եթե համաձայնեինք այդ շրջանները հանձնել՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի: Եվ մենք որոշեցինք, որ փորձենք պայքարել և այդ պայքարի ընթացքում ստանալ ավելի բարենպաստ պայմաններ: Եվ այդ պայքարի ընթացքում շատ ուժեր, ովքեր մեզ մեղադրում են դավաճանության մեջ, մեզ ասում էին, որ, գիտեք ինչ, պետք է հանձնել: Մենք ասում էինք՝ ոչ, չենք հանձնի այնքան ժամանակ, քանի դեռ մենք տեսնում ենք կա թեկուզ 1 տոկոս տեսական, գործնական հնարավորություն, որ մենք կարող ենք, Պաշտպանության բանակը կարող է կռվել և կռվով ինչ-որ հարց լուծել: Այն ժամանակ երբ մենք արձանագրել ենք, որ չկա այլևս նման հնարավորություն, մենք գնացել ենք մյուս ճանապարհով՝ փրկելու համար Լեռնային Ղարաբաղը: Ընդ որում, մենք դրանով ոչինչ չենք կորցրել գործնականում, որովհետև եթե, միևնույն է, մենք դա չանեինք, ռազմական գնահատականների համաձայն՝ մենք կկորցնեինք, և 20-35 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ:
Հիմա նաև այդ են ասում՝ այս ինչ թվերի տարբերություն է: Ինչո՞ւ մենք կոնկրետ մեկ թիվ չենք ասում: Որովհետև դա կախված է բազմաթիվ հանգամանքներից: Մենք չենք կարող կանխատեսել՝ եթե հակառակորդն այս ուղղությամբ հարձակվեր, այսպես գնար, այսպես զարգանային իրադարձությունները, որովհետև այդ գիծը հո մենք չէի՞նք նստելու գծեինք կամ ասեինք՝ այ այսպես, մենք հիմա մեր 30 հազար զինվորի շրջափակման մեջ ենք դնում: Եվ այս հանգամանքն է պատճառը, որ այն զինվորները, ովքեր եղել են այնտեղ, ընդ որում՝ ասում եմ, այդ զինվորները չէին կարող ազդել իրադարձությունների վրա: Որովհետև իրենք իրենց առաջնագիծը պահել են ճշգրիտ, հնարավոր ամենալավ տարբերակով: Եվ սա է պատճառը, որ այդ զինվորներն արձագանքում են: Ինչի՞ են արձագանքում: Որովհետև նրանք չեն հասկանում այդ պահանջը՝ իրենց զոհաբերել առանց նպատակի:
«Ժողովուրդ» օրաթերթ, Սոնա Գրիգորյան – Պարոն վարչապետ, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը պահանջում են Ձեր հրաժարականը և ներկայացնում դրանից հետո իրենց անելիքները: Դուք Ձեր օրակարգում հրաժարականի հարց ունե՞ք: Եթե այո, ո՞ւմ եք պատկերացնում, որ կարող է Ձեզ փոխարինել ՀՀ վարչապետի պաշտոնում, քանի որ արդեն ԱԱԾ-ն բացահայտել է խումբ, որը, ըստ պաշտոնական տվյալների, պատրաստվում էր մահափորձ իրականացնել Ձեր նկատմամբ: Սա նշանակում է, որ Ձեր հրաժարականի պահանջը ագրեսիայի գերադրական աստիճանով է համեմված:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի՝ ինչ է մտնում իմ օրակարգում: Իմ օրակարգում մտնում է հանրապետությունում կայունություն և անվտանգություն ապահովելը: Ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա:
«1in.am» լրատվական կայք, Արտակ Եղիազարյան – Պարոն վարչապետ, կարծո՞ւմ եք, որ հանրային վստահությունը Ձեր նկատմամբ բավարար է, որպեսզի Դուք մասնակցեք Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին Ադրբեջանի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է մասնակցի այդ բանակցություններին: Բայց հիմա գործնականում տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց, և եթե պարզվի, որ բավարար չէ, մենք չենք կարող մասնակցել այդ բանակցություններին: Եթե կմասնակցենք, ուրեմն բավարար է:
«Ա1+» լրատվական գործակալություն, Հերմինե Ղարիբյան – Պարոն վարչապետ, ռուս խաղաղապահների` Արցախ մուտքից հետո ի՞նչ կարգավիճակ է ունենալու Արցախի բանակը, հատկապես որ արևմտյան մամուլն արդեն գրում է, որ Հայաստանն ամբողջովին կորցրեց Արցախը` մի մասը հանձնելով Ադրբեջանին, իսկ մյուսը` Ռուսաստանին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արցախի Պաշտպանության բանակն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունի, որովհետև Արցախի Պաշտպանության բանակը Արցախի Պաշտպանության բանակն է: Եվ նաև, երբ ես խոսում եմ 20-35 հազար զինվորների մասին, այդ զինվորների մի հսկայական մասը հենց Արցախի Պաշտպանության բանակի զինվորների մասին է խոսքը: Սա նշանակում է, որ Արցախի Պաշտպանության բանակը կա, և Արցախի Պաշտպանության բանակը շարունակելու է գոյություն ունենալ: Եվ Արցախի Պաշտպանության բանակը պետք է զարգանա, պետք է հզորանա և պետք է նաև երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության:
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ գործընկերներին: Չենք բացառում, որ հնարավոր է՝ այս ձևաչափով ևս մեկ անգամ ասուլիս կազմակերպվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ըստ անհրաժեշտության, արդեն հաջորդ անգամ ուրիշ խումբ լրատվամիջոցների կդիմենք, որպեսզի իրենք իրենց հետաքրքրող հարցերը տան: Համենայնդեպս, ես չեմ բացառում, որ այս պատասխաններից գոյանում են նոր հարցեր, բնակաբանար: Շատ կարևոր է արձանագրել, որ, էլի եմ ասում, որևէ տարընթերցում չկա, և ես գիտակցում եմ, որ պետք է, ոչ թե գիտակցում եմ, այլ դա ակնհայտ բան է, որ մենք պետք է մեր հանրությանը, մեր ընդդիմությանը, մեր խորհրդարանին, մեր լրատվամիջոցներին հուզող և հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները տանք: Ինչքանո՞վ կբավարարեն այդ պատասխանները, արդեն ուրիշ հարց է, և հանրությունը ինքը պետք է դատի և դատողություններ և եզրակացություններ անի այդ հարցում:
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ: