Լրահոս
Օրվա լրահոսը

Չարեքտար գյուղում իրերը հավաքելուց հետո՝ բնակիչները այրում են տները

Նոյեմբեր 16,2020 17:00

Արցախի Շահումյան շրջանի գյուղերի բնակիչներն իրենց իրերը տեղափոխելուց հետո այրում են իրենց տները և նոր լքում իրենց հարազատ գյուղը։

Aravot.am-ը Շահումյանի Չարեքտար գյուղում էր, որտեղ դեռ այրվում էին տներ։ Նույնիսկ այրվում էր գյուղի դպրոցը։

Բնակիչների մի մասը բեռնատարներով իրենց անասուններին տեղափոխում էր Հայաստան, իսկ մյուս մասը ոտքով նրանց տանում էր հարևան Մարտակերտի շրջան։ Ոմանք էլ, չունենալով այդ հնարավորությունը, կա՛մ պարզապես լքել են իրենց անասուններին, կա՛մ էլ սպանել նրանց։

36-ամյա Հովիկ Առաքելյանը ընտանիքին արդեն տեղափոխել էր Վարդենիս։ Եկել էր իրենց տնից հնարավոր բոլոր իրերը ևս տեղափոխելու։ Վարդենիս քաղաքում տուն է վարձել, որտեղ բնակվելու է կնոջ և երկու աղջիկների հետ՝ 2 և 4 տարեկան։

Հիշում է, որ երբ եկել է Չարեքտար գյուղ այս տունը ոչ բարվոք վիճակում է գտնվել, վերանորոգել է այն ու մինչ պատերազմ բնակվում էր այնտեղ։ Իսկ հիմա ստիպված է լքել տունը։

Հովիկը երկար տարիներ աշխատել է որպես պայմանագրային զինծառայող, սակայն առողջական պատճառներով մեկ տարի առաջ դուրս է եկել ծառայությունից, իսկ Չարեքտար գյուղում զբաղվում էր անասնապահությամբ։ Այժմ ինքն էլ, կինն էլ գործազուրկ են, և վստահ չէ, թե ինչ կարող է անել Հայաստանում՝ վարձը և ապրուստը հոգալու համար։

Իր անասուններին էլ վստահ չէ, թե ինչպես կարող է տեղափոխել՝ երկու մեքենա էր բերել պարզապես իրերի համար։ Համոզված չէ նույնիսկ, թե կարո՞ղ է ամբողջ իրերը տեղափոխել, թե՞ ոչ։ Առաջնահերթությունը տալու է երեխաների իրերին։

Գյուղի այլ լքված և այրվող տներում մեզ չհաջողվեց հանդիպել տանտերերին։ Նրանք պարզապես տունը այրել և հեռացել էին։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30