Լրահոս
Օրվա լրահոսը

Արևշատի 23-ամյա Պողոսը նահատակվեց՝ Շուշիի թեժ մարտերում վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելիս

Նոյեմբեր 16,2020 16:41

Արցախի դեմ սանձաձերծված ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակվել է Շիրակի մարզի Արևշատ համայնքի բնակիչ, 1997 թվականին ծնված Պողոս Մելիքյանը։ Եղբայրը՝ Հովհաննես Մելիքյանն ասաց, որ նա պատերազմը սկսելուն պես՝ կամավորագրվել ու մեկնել է ռազմաճակատ՝ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Պողոսը ռազմաճակատ է մեկնել որպես բուժակ․ նա ավարտել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պետական բժշկական քոլեջն ու աշխատում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում։

Կորոնավիրուսի տարածման ժամանակ էլ դարձյալ կամավոր հիմունքներով ընդգրկվել էր վարակիչ այդ հիվանդության դեմ պայքարող բուժաշխատողների շարքերում։ Նա նաև ապրիլյան պատերազմի մասնակից էր։

Պողոսը երկու քույր և մեկ եղբայր ունի, Հովհաննեսը նրանից մեծ է, նա զինհաշմանդություն ունի, վիրավորվել է Արցախում՝ ոչ այս պատերազմում։

«Պողոսս 1997 թվականի հունվարի 6-ին էր ծնվել՝ Քրիստոսի ծննդյան օրը։ Պատերազմի ընթացքում Արցախի շատ վայրերում բուժօգնություն ցուցաբերեց՝ եղավ Խոջալուում, Ստեփանակերտում, Կուբաթլիում, հետո Շուշիում: Շուշիում ոչ միայն բուժօգնություն է ցուցաբերել, այլ մասնակցել էր կռիվներին։

Վերջին անգամ, երբ խոսեցինք Պողոսի հետ, այնքան ուրախ էր․ ինքը և Ասկերանից Արկադը՝ վարորդը, շրջափակումից տաս հոգու էին հանել։ Գիշեր-ցերեկ աշխատել էին, վիրավոր էին իջեցրել, ու բացի բուժօգնությունից, զենքը վերցրել, կռվել էին, շատ են կռվել։ Ուղղակի գժվելու է, որ ինքը չկա․․․

Չէինք ուզում Պողոսը գնար ռազմաճակատ, քանի որ տունն ինքն էր պահում․ ես հաշմանդամ եմ, հայրս՝ նույնպես, մայրս քաղցկեղով հիվանդ էր, անցած տարի վիրահատվեց։ Պողոսը երկու տեղ էր աշխատում, որ հասցներ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում, գիշերները՝ շինարարության վրա։ Ձեռքից ամեն ինչ գալիս էր՝ թե՛ քանդակագործություն, թե՛ նկարչություն, թե՛ մեքենաների վերանորոգում։ Տանը դրված են իր ձեռքի աշխատանքները՝ եկեղեցիներ ունի քանդակած, Պողոսն ուրիշ էր, ուրիշ․․․

Երբ սկսեցի առարկել, ասաց՝ Հովո, դու անհասկացող ես, ասի՝ ինչի՞ Պողոս ջան, ասաց՝ 18 տարեկան տղաները վիրավորվում են, իրենց փրկել է պետք, պիտի գնամ, կռվի դաշտում իմ արյունս կքաշեմ, կտամ զինվորներին։

Յուրահատուկ անձ էր, ով իր հետ շփվել է, աշխատել է, ընկերություն է արել, բոլորը ողբում են, շատ ծանր են տանում»,-ողբում է եղբայրը՝ Հովհաննեսը։

Պողոսը մտադրված է եղել շարունակել կրթությունը, դիմել բժշկական համալսարան։

Եղբայրը նաև պատմեց, որ Պողոսը ռազմաճակատ մեկնելու օրն ասել է՝ եթե այս պատերազմից հետ գամ, անպայման պիտի ամուսնանամ, երեխա ունենամ։

«Ասաց՝ նշանվեմ, մի երեխա ունենամ, հենց բժիշկ դարձա, էլ չեմ կարողանա տուն գալ, պատերազմն անխուսափելի է, էլի կգնամ, Աստված գիտի հետ կգա՞մ, թե՞ չէ, գոնե մի ժառանգ թողնեմ հայրենիքին։ Ավաղ, ախպորս երազանքը չկատարվեց․․․»,-լաց էր լինում Հովհաննեսը։

Հովհաննեսը փոխանցեց նաև մոր խոսքը։

«Մայրս էլ հորդում է բոլոր որդեկորույս մայրերին՝ ուժեղ լինել, չկորցնել իրենց, մենք կորցրեցինք մեր երեխեքին, բայց գոնե մեր հայոց պետականությունը չկորցնենք։ Եղբայրս գիտեր, որ էլ հետ չէր գալու, բայց մտադրված գնաց, հայրենիքն ավելի թանկ էր, քան իր կյանքը»,-ասաց Հովհաննեսը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հերոսի նահատակվելու կապակցությամբ գրել է․ «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Շուշիում թեժ մարտական կետից վիրավորներին դուրս բերելու և բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում արիաբար զոհվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի աշխատակից, մեր քոլեջի շրջանավարտ Պողոս Մելիքյանը։ Պողոսը ռազմաճակատ էր մեկնել որպես բուժակ՝ պատերազմը սկսվելուց անմիջապես հետո։ Նրա մանկության և մարտական ընկեր Սարգիս Սարգսյանը, խեղդելով արցունքները, հիշում է ընկերոջ անձնվեր հայրենասիրությունն ու հավասարապես զինվոր և բուժաշխատող լինելու նվիրումը․ «Պողոսը վիրավորներին տեղավորել է մեքենայում, որի վարորդը զոհվել է թշնամու կրակից, վիրավորներին հաջողվել է դուրս բերել շրջվող մեքենայից, Պողոսը թշնամուն դիմադրություն է ցույց տվել, ցավոք ուժերն անհավասար էին, ինչի արդյունքում նա արդեն մեզ հետ շարքերում չէ։

Խոնարհում քաջարի մարտիկի և բուժաշխատողի սխրանքին, հավերժ փառք նրա հիշատակին․․․»։

Նրա դասընկերներից Անի Սարգսյանն էլ, հրապարակելով դպրոցական լուսանկարները, գրել է․«ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ

2004թ-ին, երբ առաջին անգամ մտանք դպրոց, տեսա քեզ` զինվորական համազգեստով, ու այսօր 2020թ. կրկին զինվորական համազգեստով ես…

Եթե իմանայի, որ Հերոսի հետ մի նստարանին էի նստելու, Հերոսի հետ մի դասարանում էի սովորելու, եթե իմանայի …

Պողոս ջան, քո նմանը չկար. և՛ բարի, և՛ խելոք, այդքան համեստ տեսակդ այսօր չկա էլ, միայն հուշեր ես թողնում ու գնում… Բայց իմացիր, մենք քեզ չենք մոռանալու, միշտ լինելու ես մեզանից յուրաքանչյուրի մտքերում։ Հպարտությունը խեղդում է ` իմանալով, որ հերոսի հետ նույն դասարանում ենք սովորել, ունեմ հերոս եղբայր։ Այսօր գնում ես` երազանքներիդ մի մասն իրականացրած։

Հիշում եմ` որքան էիր պայքարում բժիշկ լինելու համար։ Երբ գնացել էինք դիմում-հայտդ լրացնելու, հիշում եմ` ժպիտդ, աչքերիդ փայլն ու ոգևորվածությունդ չէին թողնում, որ մի բառ խոսեի, միայն դու էիր խոսում , պատմում էիր Ապրիլյան պատերազմի քաջագործություններիցդ, հպարտությամբ ասում էիր, որ լավ բժիշկ կլինես, կօգնես բոլոր զինվորներին։ Իսկ այսօր հեռանում ես` բժիշկ դարձած ու զինվորներին օգնած։

Ցավը մեծ է, Եղբայրս։ Այսօր դասարանը կողքիդ է, ափսոս, որ եկել ենք վերջին հրաժեշտը տալու , ափսոս, որ…

Վե′ր կաց, Հերոս, դեռ մեզ շատ ես պետք, դեռ շատերին պետք է օգնես, դեռ շատ երազանքներ ունես իրականացնելու, վե′ր կաց, քիմիայի խնդիր ունես լուծելու, վեր կա՛ց, լաբորատորիան քեզ է սպասում…»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Պողոս Մելիքյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30