Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարծում, որ Հայաստանի հանրապետությունն ունեցել է պատերազմի կանխարգելման ընդունելի գին, որն ինքը պատրաստ չի եղել վճարել». Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 16,2020 16:17

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում պատասխանեց պատգամավորների հարցերին: Հանդիպմանը ներկա չէին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանը վարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք որպես պետության ղեկավարի, վարչապետին պրոֆիլային գերատեսչության կողմից տրվե՞լ է հաշվարկ առ այն, որ իքս ժամանակահատվածում մեր զինված ուժերը կարող են դիմակայել թուրք-ադրբեջանական, ահաբեկչական ծավալուն գրոհների, որի հիմքում դրված է մեր երկրի ՀՆԱ-ն, Ադրբեջանի ՀՆԱ-ն, Թուրքիայի ՀՆԱ-ն: Պատգամավորը հարցրեց՝ արդյոք մենք ունեցե՞լ ենք այն ռազմական հետախուզական տվյալներն՝ ինչ պոտենցիալի առջեւ կանգնած ենք: Պատգամավորի դիտարկմամբ, յուրաքանչյուր պատերազմի հիմքում դրվում է տնտեսական հստակ հաշվարկ պրոֆիլային գերատեսչության կողմից:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այդ հարցը մի քանի անգամ քննարկվել է անվտանգության խորհրդի նիստերում եւ կատարվել է գնահատում եւ հաշվարկ, թե ռազմական գործողությունների հնարավոր բռնկման դեպքում մենք ինչ տնտեսական ներուժ ունենք, զենքի ինչ ներուժ. «Ընդհանուր առմամբ մենք իմացել ենք մեր ուժերը, 2020 թվականի ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավականին հաջող դիմակայել Ադրբեջանին եւ հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի եւ ահաբեկիչների կողմից՝ գործընթացին ներգրավելու»:

Վարչապետը պատասխանեց նաեւ այն հարցին, թե ինչու պատերազմը կանխարգելելու հարցում միջոցներ չեն ձեռնարկվել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Կանխարգելելուն ուղղված գործողությունն, ըստ էության հետեւյալն էր, որ Հայաստանի հանրապետությունը պետք է համաձայներ, ըստ էության, տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւին, եւ ինչպես նախկինում ասել եմ, այն առանձնահատկությամբ, որ այն կետում, որ Հայաստանի համար ընդունելի որեւէ տարբերակ կլինի, հաջորդ կետում Ադրբեջանն իր դիրքորոշումն ավելի էր կոշտացնելու եւ դա կարող էր դառնալ նահանջ առանց կանգառի տրամաբանության վերածման մի գործողություն, ինչն, ըստ էության, վերջին տարիներին մենք անընդհատ տեսել ենք: Եվ այս իրավիճակում մեր դիրքորոշումը եղել է այն, որ մենք պետք է առավելագույնս կոնսոլիդացնենք ուժերը, որպեսզի հարձակմանը հնարավորինս դիմակայենք»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, պատերազմի կանխարգելումը միշտ էլ եղել է Հայաստանի օրակարգում, բայց երբեք օրակարգում չի եղել պատերազմի կանխարգելում ամեն գնով կամ ամեն ինչի գնով. «Պատերազմի կանխարգելման գինը պետք է ինչ-որ ձեւով լիներ ընդունելի եւ, ես չեմ կարծում, որ Հայաստանի հանրապետությունն ունեցել է պատերազմի կանխարգելման ընդունելի գին, որն ինքը պատրաստ չի եղել վճարել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30