Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Նավասարդյան. «Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նոյեմբերի 13-ի դրությամբ 30%-ից ցածր է»

Նոյեմբեր 16,2020 16:04

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրատվամիջոցներին ներկայացրեց ՀՀ-ում նոյեմբերի 13-ին իրականացված արտահերթ հետազոտության արդյունքները նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագրի վերաբերյալ:

«Այս վերջին պատերազմի ընթացքում մենք երեք անգամ անդրադարձել ենք իրադարձությունների զարգացմանը, փորձել համադրել, թե ինչպիսի կարծիք ունի մեր հասարակությունը՝ կապված այս պատերազմի հետ:

Ուզում եմ նշել, որ վերջին 8-9 տարում մեր պարբերաբար հրապարակած տվյալները, թվերը անկախ նրանից, թե ինչ-որ մեկին դուր գալիս են, կամ չեն գալիս, դրանք հասարակության ընդհանրացված կարծիքն են ու ամենեւին էլ պարտադիր չէ, որ դրանք համընկնեն իմ, ձեր եւ որեւէ ուրիշի անձնական կարծիքի հետ: Վերջին հարցման արդյունքում հասարակության գնահատականների, տրամադրվածությունների ամփոփումը, ցավոք, նվազող կորագիծ ունի:

Հատկապես վերջին երկու օրվա զարգացումները ստիպեցին, որ այս հաշվետվությունը անվանենք «Պավլիկ-2»: Զուգահեռները շատ թափանցիկ են՝ կապված հայտնի պերսոնաժի հետ»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Հասարակության բացարձակ մեծամասնությունը, որ պատերազմի առաջին օրերին վստահ էր, թե ՀՀ զինված ուժերը եւ Արցախի ՊԲ-ն ունակ էին հակահարված հասցնել ադրբեջանական բանակի գործողություններին, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում նոյեմբերի 13-ի հարցման արդյունքով այդ ցուցանիշը նվազել է գրեթե 30 % -ով:

Ռուսական խաղաղապահների տեղակայմանը հասարակության ճնշող մեծամասնությունը դրական է վերաբերվում:

Արամ Նավասարդյանը տեղեկացրեց, որ հարցմանը, թե պատերազմի 44 օրերի ընթացքում պետական պաշտոնական տեղեկատվությունը, արդյոք համապատասխանում էր իրականությանը, սեպտեմբերի 29-ի 90-ից ավելի տոկոսից հիմա գրեթե կիսով չափ նվազել է:

Բանախոսը չցանկացավ հրապարակել հարցման արդյունքով այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի մասին հստակ թիվ եւ բավարարվեց միայն՝ նշելով, որ այն ներկայումս 30 %-ից ցածր է:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ուսումնասիրե՞լ են, թե իրենց հարցումների արդյունքների ամփոփումը եւ կանխատեսումները հետագայում որքանո՞վ են համընկնում իրականության հետ, Արամ Նավասարդյանը պատասխանեց, որ դրանք գերակշիռ մասով համապատասխանում են իրականությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30