Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոգեխանգարմունքի մեջ գտնվող իշխանությունները ամենաբարձր մակարդակով՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և հրահանգով, շարունակում են Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական հետապնդումները:
Այսօր՝ ժամը 16:00-ին, ՀՀ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցը: Այլ կերպ ասած՝ իշխանությունները կյանքի գնով փորձում են Գագիկ Ծառուկյանին զրկել մանդատից:
Սրան զուգահեռ քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ ԱԱԾ: Եվ այս ամենից հետո թշնամու առաջ կքած վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, շարունակելով երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու գործելաոճը, ընդդիմությանն է լկտիաբար կոչ անում հայտարարել, որ բացառում են որեւէ բռնի գործողություն:
Միակ մարդը, որը մինչև այս պահը բռնություն է հրահրել իր վրեժի կոչերով ու զինված խմբակներին ընդդիմության նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչերով՝ դա Նիկոլ Փաշինյանն է:
Կարդացեք նաև
Մենք ասել ու ասում ենք, որ երկրի ներսում բախումների հրահրումը բացարձակ անընդունելի է, որ մեր հայրենակիցների անվտանգությունը բացառիկ առաջնահերթություն է:
Այդ դո՛ւք եք, որ ձեր ֆեյքերով ու համախոհներով ամեն օր մեզ ոչնչացնելու սպառնալիքներ եք հնչեցնում: Անգամ հիմա, այս պահին, ձեզ ևս մեկ անգամ հորդորում ենք՝ հեռացեք անցնցում, մի շարունակեք վտանգել ներհայաստանյան անվտանգությունն ու Արցախից մնացած փոքրիկ հատվածի ճակատագիրը»: