Այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցին՝ ձեր խմբակցությունից մի քանի պատգամավորներ դուրս են եկել, օրինակ, Թագուհի Թովմասյանն ասել է, որ այս ընթացքում խմբակցությունը քայլեր չձեռնարկեց՝ իրավիճակի կայունացման համար, ի՞նչ կասեք դուք, ի՞նչ եք արել դուք, որպես իշխանության անդամ՝ պատասխանեց. «Իմ քայլը» խմբակցությունը հաշվի առնելով մեր հայրենիքում ստեղծված իրավիճակը, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմախոսների քաղաքական պահանջները, հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը կիսում է պատասխանատվությունը վարչապետի հետ եւ, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պատրաստակամություն հայտնեց ելքերի փնտրտուքի մեջ շփվել քաղաքական ուժերի հետ՝ անելով 3 հարցադրումներ՝ քաղաքական ընդդիմախոսները հրաժարվո՞ւմ են ստորագրած հայտարարությունից, արդյոք իրենք առաջարկելու են, որպեսզի ՌԴ խաղաղապահ ուժերը դուրս գան շփման գծից եւ 3՝ վերսկսելու են պատերազմական գործողությունները: Եթե պատերազմական գործողությունները վերսկսելու են, հիմնավորումներ տան, թե այդ պատերազմական գործողությունները ինչպիսի ֆինանսական, աշխարհաքաղաքական, ֆինանսատնտեսական, բարոյահոգեբանական միջոցներով են բավարարելու: Մենք չենք ստացել այդ հարցերի պատասխանները»:
Դիտարկմանը, որ ձեզ ասում են՝ հավաքվեք, որպես ԱԺ մեծամասնություն, ձեր մեջից ընտրեք վարչապետ, թույլ մի տվեք, որ երկիրը կործանվի՝ Աղազարյանը պատասխանեց. «Մենք հավաքվել ենք 2,5 տարի առաջ ու ընտրել ենք վարչապետ: Վարչապետը որոշակի սխալների առկայության պայմաններում նույնիսկ կատարում է իր վրա դրված սահմանադրական իրավունքները»:
Հարցին՝ չե՞ք տեսնում վարչապետի ընտրության անհրաժեշտություն այս փուլում՝ Աղազարյանը պատասխանեց, որ ոչ. «Արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն ես, ըստ էության, որպես քաղաքացի, որպես պատգամավոր, կարող է եւ տեսնում եմ, բայց ոչ այս երեկոյան: Կա՞ որեւէ մեկը մեր ՀՀ-ում, որ կարծում է, թե դա ճիշտ չի: Իհարկե, արտահերթ ընտրություններն այսօր օդում կախված հրամայական են, բայց դրան մենք պետք է գնանք միայն ու միայն այն դեպքում, երբ որ մեր հայրենիքում ստեղծվի կայուն հասարակական-քաղաքական մթնոլորտ: Շատ լավ գիտեք, որ ես այդքան էլ երիտասարդ չեմ, բավականին լուրջ քաղաքական փորձ ունեմ, ապրել ենք էս աշխարհում ու ես գտնում եմ, որ հեղափոխությունից հետո մեր հայրենիքի կարեւորագույն ձեռքբերումներից մեկը եղել է այն, որ մենք հիմք ենք դրել մաքուր, արդար, թափանցիկ ընտրությունների ճանապարհով իշխանության ձեւավորման ինստիտուտի, հիմա մենք պետք է այդ ինստիտուտը պահպանենք»:
Աղազարյանի համար զարմանալի է եղել այն, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գիշերը ժամը 1-ին կանչում է խորհրդարան. «Դա լո՞ւրջ է: Հենց հիմա մենք հանձնաժողովի նիստի էինք, թող գային մեր ընդդիմախոսները, իրենց քաղաքական խոսքն ասեին: Ինչի՞ այն, որ կարգով է, չի արվում»:
Կարդացեք նաև
Լրագրողները ճշտեցին՝ փաստորեն, դուք «Իմ քայլից» դուրս չեք գալիս, վարչապետին անվստահություն հայտնելու մտադրություն չունեք, հա՞՝ Աղազարյանը պատասխանեց. «Կոնկրետ ես՝ այո: Վարչապետի երեկվա հայտարարությունը միտված է նրան, որ հույս ունի, որ վաղը չէ մյուս օրը մեր զինված, կռված տղաները, որոնք տարբեր տեսակետներ ունեն, կգան, իրենց հարեւանի աղջիկներին, իրենց հարեւանի տղաներին, իրենց շրջապատին կներկայացնեն իրողությունները, որոնք իրենք կրել են եւ տեսել են, այդ իրողությունները կդառնա հասարակության մեջ տրամադրություն ստեղծող իրողություն, որի արդյունքում կգանք հետեւությունների»:
Հարցին՝ օրինակ, ես անվստահություն ունեմ, բողոքում եմ, մի վնգստացող ե՞ս եմ՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Չէ, բոլոր նրանք, ովքեր դա անում են իրենց սրտի անկեղծ մղումով, ես այդ բառերը իրենց համար չէի օգտագործի, իհարկե: Բայց նրանք, ովքեր ուզում են պղտոր ջրում ձուկ բռնեն, նրանք վնգստացող են, հիմա դուք որոշեք՝ ովքեր են: Անուններ չտամ: Կարծում եք, չկան, հա՞, այդպիսինները: Մենակ այդ ընդվզողներին պայմանական կարող ենք բաժանել 3 խմբի: Մեծ խումբն այն է, որ ամեն ինչ անում է անկեղծ մղումներով: Մի խումբն այն է, որ դա անում է քաղաքական շահագրգռումներից ելնելով եւ ամենավտանգավոր երրորդ խումբը, որ կարող է պատահի՝ նաեւ արտաքին ուժերի ազդեցության տակ, ուրիշ բաներ անի այստեղ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ