Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Թող ընդդիմությունը հայտարարի՝ բռնությունը, զենքի կիրառումը բացառո՞ւմ է, թե ոչ»

Նոյեմբեր 16,2020 13:38

«Կարող եմ տասնյակ եւ հարյուրավոր օրինակներ բերել, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչները թիրախավորվում: Ազգային ժողովի նախագահի հետ այն, ինչ տեղի ունեցավ…փառք աստծո, ՀՀ-ում վերջին երկուսուկես տարում որեւէ ընդդիմադիրի հետ նման բան կամ դրան մոտ բան տեղի չի ունեցել, եւ համոզված եմ, որ տեղի չի ունենա»,-առցանց մամուլի ասուլիսում այսօր անդրադառնալով փաստին, որ իր ընդդիմախոսներն ու հրաժարականը պահանջողներն այս օրերին թիրախավորվում են, իսկ ինքը կոչ է անում պատրաստվել վրեժի՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց. «Դա դեռ հարց է, թե երկուսուկես տարում ով է ավելի շատ թիրախավորվել: Իսկ որ մթնոլորտը երկրում պետք է լավացնել, ատելության խոսքը պետք է բացառել, այո, դա ակնհայտ է: Ո՞վ դրա հետ կարող է վիճել: Կառավարության, ԱԺ-ի, կեցավայրի դեմ հարձակումները, բռնությունները, գույքի ոչնչացումը քաղաքական ուժերը չեն դատապարտել, համենայն դեպս՝ մեծամասնությունը: Ինչո՞ւ: Տարօրինակ չի՞, մի՞թե այն պատճառով, որ իրենք են դա կազմակերպել»:

Փաշինյանի խոսքով՝ ընդդիմությունը պետք է պատասխանի մի հարցի՝ չդատապարտելն իր համար ընդունելի՞ գործիքակազմ է, որովհետեւ պատասխանից շատ բան է կախված. «Իսկ կառավարության գործիքակազմում, որքան էլ փորձեն բառերն այլ կերպ մեկնաբանել, նման մտադրություն չկա եւ չի կարող լինել: Իսկ ընդդիմությունը թող հստակ ասի՝ բռնությունն իր ծրագրերի մեջ մտնո՞ւմ է: Եթե ասի, որ բացառում է բռնությունը, կմնա սոցցանցերում փոխադարձ շփման կուլտուրայի հարցը, որը կարելի է լուծել օրենսդրությամբ եւ քաղաքական պայմանավորվածությամբ, որ հարգալից խոսքը սկզբունքային նշանակություն ունենա, որ ատելության խոսքը մերժվի: Առաջարկում եմ ճանապարհ. առաջնահերթ, ինքս հայտարարում եմ՝ այն, ինչ իմ գրառումից հետո վերագրեցին մեզ, բացառվում է: Թող ընդդիմությունը հայտարարի՝ բռնությունը, զենքի կիրառումը բացառո՞ւմ է, թե ոչ: Եթե բացառում է, կան նախապայմաններ երկխոսելու, քննարկելու, իրադրությունը համատեղ հաղթահարելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30