«Իհարկե՝ ճիշտ չէ: Ես այս մեկ ամսում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցել եմ հինգ խոսակցություն, երեք անգամ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի եւ երկու անգամ՝ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Եվ այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական առաջարկները, այլ ամերիկյան առաջարկները, բացառությամբ առաջին խոսակցության: Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չեն քննարկվել, մինչդեռ ՌԴ նախագահի հետ մշտական կապի մեջ եմ եղել: Օր է եղել՝ հինգ-վեց անգամ հեռախոսով զրուցել ենք»,-առցանց մամուլի ասուլիսում այսօր անդրադառնալով RadioSputnik-ի հարցին՝ «օրերս Ռոման Բաբայանի հաղորդման ժամանակ Մարգարիտա Սիմոնյանը ձեզ հարց հղեց՝ ճի՞շտ է արդյոք, որ ռուսական առաջարկն ընդունելու համար երկար ժամանակ խորհրդակցել եք ԱՄՆ ներկայացուցիչների հետ. պարզաբանեք», ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա բացարձակ, կատարյալ անհեթեթություն է: Դա այնքան բացահայտ փաստ է, որ նման մանիպուլյացիաները տարօրինակ են»,-հավելեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ