Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմից խուսափել կարող էինք, եթե համաձայնեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները՝ ներառյալ Շուշին». Փաշինյան

Նոյեմբեր 16,2020 12:56

«Շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է: Այսօր Արցախի նախագահի գրառումը տեսա, որում ցավոք նա ասում է, որ Շուշիում մեր զինվորների հարյուրից ավելի մարմիններ են հայտնաբերվել: Եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորները ո՞ւմ հրամանով կամ ինչի՞ համար են կռվել»,-առցանց մամուլի ասուլիսում այսօր անդրադառնալով Շուշին հանձնելու մասին խոսակցություններին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա բնորոշմամբ՝ քաղաքական հարթակներից հայտարարություններ են հնչում, թե կան կոնկրետ տվյալներ, անուններ, որոնք պատրաստ են վկայել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել. «Իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին եւ փորձել ստանալ տեղեկություններ դավադիրների մասին: Որքանով տեղյակ եմ՝ այդ հայտարարության հեղինակը խուսափել է կոնկրետ պատասխաններ տալուց: Եզրակացություն՝ եթե կա դավաճանություն եւ որեւէ մեկը հայտարարում է, որ ունի տեղեկություն եւ հրաժարվում այն տալ իրավապահներին, դա ստացվում է՝ մասնակցել դավադրությանը: Եթե որեւէ մեկն իրավապահների չի վստահում, թող հրապարակային հայտարարի»:

Փաշինյանի խոսքով՝ Շուշիի հետ կապված իրականում տեղի է ունեցել այն, ինչ պաշտոնապես ասվել է:

Ինչ վերաբերում է Շուշիի մասին ավելի վաղ իր հայտարարությանը, թե պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում քաղաքը պետք է հանձնվեր առանց մարտի, Փաշինյանը պարզաբանեց. «Ավելի վաղ ասել եմ, որ ամեն անգամ, երբ որեւէ փոխզիջումային տարբերակ ընդունելի է դարձել հայկական կողմերի համար, նույն պահին այն անընդունելի է դարձել Ադրբեջանի համար: Էլի եմ ասում՝ շատ կարեւոր է հասկանալ՝ կարո՞ղ էինք խուսափել պատերազմից: Այո, կարող էինք, եթե համաձայնեինք Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին: Բայց արդյոք դա՞ էր այն քաղաքականությունը, որն ուզում էինք վարել: Ոչ: Մեր կառավարությունը, ԶՈՒ-ն, Արցախի ՊԲ-ն որոշեցին ընդունել այդ մարտահրավերը: Ցավոք, այն չբերեց այն արդյունքին, որը կցանկանայինք, բայց նաեւ այն պատճառով, որ պարտության անխուսափելիության խոսույթն առաջին օրից ներկա է եղել առաջնագծում: Այսօր քաղաքական գործիչները, որոնք առաջին օրից կոչ էին անում պատերազմը կանգնելու գնով հանձնել տարածքներ, այսօր այդ նույն բանի համար կառավարությանը մեղադրում են դավաճանության մեջ: «Շուտ»-ի եւ «ուշ»-ի տարբերությունը, բովանդակային առումով, չկա: Այո, Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս՝ սկզբնական շրջանում: Քանի դեռ կար հնարավորություն պաշտպանելու այդ ամենը, ՊՆ-ն, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն որոշել են կռիվ տալ մինչեւ վերջ՝ մինչեւ վերջին վայրկյանը եւ հերոսաբար: Ցավոք, այդ խնդիրը չենք կարողացել լուծել եւ մենք ենք դրա պատասխանատուն, որովհետեւ 2,5 տարում շատ դեպքերում չենք կարողացել լրացնել տասնյակ տարիներով չարվածը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30