Կապիտան Արսեն Ահանյանը մեկն է այն քաջորդիներից, որ զոհվեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում: Նա թշնամու գնդակից ընկավ Ջաբրայիլում՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան։
Քույրը՝ Արմինե Ահանյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմում է, թե ինչ երազանքներ ուներ եղբայրը, ինչ ընկերասեր էր, կատակասեր էր, ֆուտբոլի մեծ երկրպագու, լավ հրամանատար: Ասում է՝ նախ սովորել էր Չելյաբինսկում, ապա կրթությունը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, իսկ 2010 թվականից Արսեն Ահանյանը ծառայում էր Ստեփանակերտի N զորամասում՝ տանկային գումարտակում, վաշտի հրամանատար էր: Արսենն ամուսնացած էր, երկու արու զավակ ունի՝ Արմանը հինգ տարեկան է, Նարեկը՝ երկու։
Արմինեն ասում է, որ եղբորը զոհվելու լուրը լսելիս՝ բոլորը նրան հիշում են «բարի Արսեն» բառերով։ Քրոջ ձեւակերպմամբ, նա միշտ զինվորների ոգին տեղն էր պահում. «Արսենի բուժքույրը՝ Մարինե Առաքելյանը պատմում է, թե ինչպես է մի անգամ ծիծաղող զինվորներից հետաքրքրվել՝ ինչ է պատահել, տղաները պատասխանել են, որ Ահանյանը զինվորներից մեկին՝ տանկիստին հրահանգել է, ա՛յ տղա մինչև Բարդա ես գնում, սրանից հետո առանց իմ հրամանի առաջ չգնաս, ես գիտեմ քո բնավորությունը Ընկերներից Անդրանիկ Առուստամյանն էլ հերոս ընկերոջ մասին պատմում է, թե ինչպես էր միշտ կատակներ անում զինվորների հետ և վերջում ասում էր՝ էլ ինչ կատակ առանց նպատակ»։
Մեծ է կորստի ցավը, բայց Արմինեն հպարտ է եղբորով, որ անձնազոհությամբ պաշտպանել է հայրենիքը ու ընկել հերոսի մահով, իսկ պատերազմի ժամանակ քանի-քանի անգամ փրկել է այլոց կյանքը: Արմինե Ահանյանի խնդրանքով տեղադրում ենք նաեւ նրա բանաստեղծությունը.
Կարդացեք նաև
Լույսը բացվեց։ Պատերազմ է։
Ահազանգեց աշխարհն հայոց։
Թուրքը ելել ,եկել-հասել,
Հայոց երկրի շեմն է պատել։
Ելան քաջերն մեր հայկազուն,
Վերցրին զենքերն իրենց խոսուն։
-Պարտք է ,պետք է, որ կատարենք ,
Հայոց աշխարհն ազատ պահենք,-
Ասին նրանք ու գնացին։
Գնացի՛ր դու,ի՛մ հերոս ջան,
Ի՛մ քաջ եղբայր,անմա՛հ եղբայր
Ընկար և դու՛ ,ընկար ինչպես հերոսներն են
Ընկնում դաշտում, երբ պահում են հողը այս սուրբ։
Որը մեզ է հասել Հայկից,մեր պապերից ու հայրերից։
Բայց մեզ թողիր ցավ ու մորմոք։
Չի դիմանում սիրտս ցավող։
Բայց հպարտ եմ նաև քեզնով
Որ պահապան եղար ազգիս։
Ուզում եմ ,որ անվերջ գոչեմ ու բղավեմ,
Հերոս ունենք…,բայց Արսեն ջան,
Պե՞տք էր, արդյոք,այդ հերոսը…
Հերոսը ողջ ,առողջ է պետք…
Ե՛լ , իմ եղբայր,ի՛մ քաջ Արսեն ,
Ե՛լ ,սփոփի՛ր ցավն այս դաժան,
Ե՛լ ու կանգնի՛ր, դու սահմանին,
Վտանգված է հող հայրենին:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել է Արմինե Ահանյանը