Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պատերազմում անհետ կորած հայ զինվորների թիվը հայտնի է, սակայն այս պահին կոնկրետ թիվ չի հրապարակի: «Ցավոք, ունենք թիվ՝ մի քանի հարյուր անհետ կորած զինվորների մասին է խոսքը: Հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ նույն եզրակացությանը կհանգենք: Հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ: Երեկ իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, որը նախկինում համարվում էր անհետ կորած»,-առցանց մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է գերիների փոխանակությանը, նրա խոսքով՝ դա տեղի կունենա զոհվածների մարմինների փոխանակումից հետո. «Շատ է քննարկվում եւ նաեւ առաջարկներ կային, որ սգո օր հայտարարվի: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, երբ նման որոշում կայացվի մարմինների հայտնաբերման գործընթացից հետո եւ հնարավորություն ունենանք հարգանքի տուրք մատուցել պետական մակարդակով կայացրած որոշումների շրջանակում: Կարեւոր է, որ այդ ընթացքում երաշխավորենք զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ունեցող զինվորների սոցիալական երաշխիքները: Այդ ամենը կարվի պատշաճ մակարդակով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ