Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաթղթի կետերը հետադարձորեն փոխելը նշանակում է փոխել ռազմական իրադրությունը». Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 16,2020 12:18

«Ճիշտն ասած, ես չեմ ստացել քաղաքական որեւէ ուժի կողմից առաջարկ, որ իրենք գիտեն, թե ինչպես ավելի լավը դարձնել այն, բայց ուզում եմ էլի ասել, որ այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որը, ցավոք, մենք ունեցել ենք այդ իրավիճակում»,-առցանց մամուլի ասուլիսում այսօր անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության հարցին՝ «տարբեր քաղաքական ուժեր հայտարարում են, որ կարող են այդ հայտարարության կետերն ավելի հայանպաստ դարձնել, ինչո՞ւ այդ ուժերի հետ երկխոսություն չկա», ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը ենթադրում է Արցախի տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ ռուս խաղաղապահների տեղակայում:

«Այդ փաստաթղթի կետերը հետադարձորեն փոխելը նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, որը, համենայն դեպս այսօր, իրատեսական խնդիր չէ նման ձեւակերպում անելու համար: Ինչ վերաբերում է հետագա բանակցային գործընթացին, այդ փաստաթղթում բազմաթիվ կետեր մեկնաբանությունների կարիք ունեն, եւ, իհարկե, մեկնաբանությունների ընթացքում բոլոր առաջարկները ի մի կբերվեն, լավագույն առաջարկները կփորձենք կյանքի կոչել»,-նշեց Փաշինյանը:

Պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության հարցին՝ «եթե ԱԺ պատգամավորները, ընդ որում՝ ոչ միայն ձեր խմբակցության, նախարարը, կառավարության անդամները, նախագահը տեղյակ չէին հայտնի հայտարարության բուն քննարկումներից եւ ձեր ընդունած որոշումից, արդյոք դա չի նշանակո՞ւմ, որ այդ ինստիտուտները չեն գործում եւ ճգնաժամի մեջ են, եւ արդյոք չեք կարծո՞ւմ, որ օր առաջ արտահերթ ընտրությունների միջոցով պետք է ձեւավորել այդ ինստիտուտների գործունակ իրավահաջորդների», Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պատերազմի ընթացքում անվտանգության խորհրդի երկու նիստ ենք ունեցել, որոնցից մեկին մասնակցել է նախագահը, մեկին՝ վեհափառ Հայրապետը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպումներ ենք ունեցել նաեւ քաղաքական ուժերի հետ եւ միտումների մասին նրանք տեղյակ են եղել: Այո, կոնկրետության հետ կապված նրբությունները հնարավոր չի համարվել քննարկել, որովհետեւ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում՝ խորհրդակցելով ԶՈՒ ԳՇ-ի եւ Արցախի քաղաքական ղեկավարության հետ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նշյալ ինստիտուտները գործում են եւ կշարունակեն գործել. «Հիմա կարեւոր է, որ ՀՀ-ում կայունությունն ու հանրային անվտանգությունը երաշխավորենք: Այսօր այդ խնդրի վրա պետք է կենտրոնանանք: Ինստիտուտներն այսօր պետք է ոչ թե չգործեն, այլ գործեն: Իմ համոզմամբ՝ դրանք գործունակ են եւ ունեն գործելու մանդատ, լիազորություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30