Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Կամ ՀՀԿ-ականները մարգարե են, կամ մենք իրոք դավադիր ենք, կամ էլ այդ մարդիկ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Արցախի հարցը»

Նոյեմբեր 16,2020 11:42

«Որեւէ կասկած չկա ինձ համար եւ տարընթերցում չկա, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, որը պատասխանատու է տեղի ունեցածի համար եւ տեղի ունեցածի համատեքստում կրում է պատասխանատվություն: Ես հասկանում եմ նաեւ եւ ինձ հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով՝ ինչպես նախկինում գործունեության բերումով, պետք է կանգնեմ, եթե շատ պայմանական ասենք եւ սուր ձեւակերպենք, մեր ժողովրդի դատի առաջ: Բայց որպեսզի տվյալ դեպքում դատավորը՝ ժողովուրդը, կարողանա եզրահանգումների գալ, պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին: Այսինքն, խոսակցություն պետք է տեղի ունենա: Հենց նույն զինվորներին լսելը, ընդդիմությանը, կառավարությանը լսելը»,-առցանց մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ նԻկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հետեւյալ հարցադրումներին՝ «Հայտնի է, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Ընդունո՞ւմ եք պատասխանատվությունը, որ պատերազմը Ձեր վարած քաղաքականության հետեւանքն է նաեւ: Եվ եթե ոչ, ո՞վ է այն պաշտոնյան, որը պատասխանատու է տարածքային կորուստների, հազարավոր զոհերի ու գաղթականների համար»:

Փաշինյանը շեշտեց. «Ես կարեւոր եմ համարում արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել: Տեղի է ունեցել հետեւյալը, որ 2018թ.-ի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը Արցախի հարցի կարգավորման մեզանից առաջ հատել էր չվերադառնալիության կետը, երբ հարցը մտել էր «տարածքներ ոչնչի դիմաց» տրամաբանության փուլ: Եթե լրատվական դաշտը նայեք, շատ հանրապետականներ այսօր ի ցույց են դնում 2018թ.-ի իրենց գրառումները, կանխատեսումները, որոնցում արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդություններ են լինելու, ընդհուպ՝ հողեր են հանձնվելու եւ այլն: Երեք տարբերակ կա: Կամ նրանք մարգարե են, կամ մեր կառավարությունը եւ ես իրոք դավադիր ենք, որ հատուկ չարամիտ դավադրությամբ հասել ենք իշխանության, որ Արցախի համար խնդիրներ ստեղծենք, կամ էլ այդ մարդիկ պարզապես այդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Արցախի հարցի բանակցային գործընթացը եւ ինչ անխուսափելի պահանջ ու կոնսենսուս է դրված ՀՀ-ի առաջ»:

Այս համատեքստում իր վարած քաղաքականությունը, Փաշինյանի խոսքով, եղել է հետեւյալը՝ փորձել չհամաձայնել այդ ամենի հետ, փորձել փոխել տրամաբանությունը. «Ըստ էության կարող ենք ասել, որ, ցավոք, չի հաջողվել դա, որովհետեւ կանգնած ենք եւ պատերազմից առաջ կանգնած էինք մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս՝ տարածքները պետք է Ադրբեջանին հանձնվեն առանց որեւէ նախապայմանի: Եվ մեր ողջ քաղաքականությունը եղել է փորձել փոխել այդ տրամաբանությունը եւ մենք, այո, չենք կարողացել փոխել այն, եւ գուցե այդ տրամաբանությունը փոխելու հնարավորությունները ճիշտ չենք գնահատել: Բայց մյուս կողմից, եթե ճիշտ չենք գնահատել, պետք է համակերպվեի՞նք: Ես, օրինակ, չէի կարող եւ փորձել եմ ամեն ինչ անել Հայաստանի դիմադրողականությունն այդ հարցի վերաբերյալ բարձրացնելու համար, ամեն ինչ անել, որպեսզի ԶՈՒ մարտունակությունն ու զինվածության մակարդակն էականորեն մեծանա: Բայց եթե այդ հարցի համատեքստում նայենք, մեզ հակադարձ բաների մեջ են մեղադրում, ասում են՝ ստորագրեցիք թուղթ, որ հանձնվեն որոշակի տարածքներ եւ միաժամանակ մեղադրում, որ ավելի վաղ չենք ստորագրել թուղթ ու թղթեր, որպեսզի տարածքները հանձնվեն: Այսինքն, մեզ մեղադրում են եւ հանձնելու, եւ չհանձնելու մեջ: Պարզ տրամաբանական պատճառով է դա՝ արդեն ասացի, որ բանակը դիմադրել է այնքան, որքան դիմադրությունն ունեցել է ռազմավարական-մարտավարական իմաստ: Էլի մեղադրում են, որ պատերազմում զոհեր են եղել եւ մեղադրում են, որ զոհերից խուսափելու համար, որ 20-35 հազարանոց խմբավորման շրջափակումը թույլ չտալու համար գնացել ենք նման քայլի: Այս ամենի պատասխանատվությունն, իհարկե, առաջնահերթ իմն է, բայց այն լիարժեք կրելու համար հարկ եմ համարում, որ բոլոր հանգամանքները հանրության համար մանրամասն պարզաբանվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ». ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՖԲ գրառմամբ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին՝ մասնավորապես գրելով՝ սրան թվում է, թե բոլորը էշ են. «Մեր թողած բանակցային ժառանգության մեջ եղել է Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը, որոնք մատաղ արեցիր Ալիեւին, որ չկրակի ու դու իշխանությունդ ամրապնդես։

Անգամ տարեսկզբին քո հրապարակած ու մեզ վերագրվող բանակցային փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված էր, որ Արցախը ունենալու է ոչնչով չսահմանափակված ինքնորոշման իրավունք՝ իր մեխանիզմով։

Մեր թողած ժառանգության մեջ Հայաստանը կոնստրուկտիվ էր, իսկ Ադրբեջանը՝ դեստրուկտիվ։

Մեր թողած ժառանգության մեջ մենք հող չէինք տալիս, իսկ Ալիեւին ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։

Մեր թողած ժառանգության մեջ չկար Շուշին, Հադրութը եւ այլ, քո կողմից հանձնված տարածքներ։

Մեր թողած ժառանգության մեջ չկար Թուրքիա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30