«Իհարկե, հասկանալի է, որ հիմա մենք բոլորս եւ հանրությունը հասկանալի պատճառներով բավականին լարված է եւ իմ երեկվա գրառման հետ կապված կարող եմ ասել, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում: Դա հասկանալու համար առաջարկում եմ ընթերցենք, թե ինչի մասին է այս գրառումը»,-առցանց մամուլի ասուլիսում այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկվա իր աղմկոտ գրառմանը, որը շատերը որակեցին որպես քաղաքացական բախումների կոչ:
«Տեղյակ եք, որ հայտնի իրադարձություններից հետո առաջնագծից կամավորներն ու զինվորները տեսանյութեր են ձայնագրում եւ տեղադրում համացանցում, որոնցում աջակցության խոսքեր են ասում կառավարության հասցեին եւ տալիս որոշ գնահատականներ: Ասել եմ՝ ապշած եմ տղաների խորագիտությունից: Շատ դեպքերում դրանցում հնչում են շատ խորը վերլուծություններ, որոնց համար հիմք են հանդիսանում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրանց աչքի առաջ: Հաջորդիվ ասել եմ՝ տղերք, դուք ճիշտ եք, այսինքն՝ ես համաձայն եմ նրանց հետ»,-նախ նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ապա մեջբերեց. «Հետո գրել եմ՝ սպասում եմ ձեզ Երեւանում: Ահա այս նախադասությունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի եւ բախումների կոչ կա: Եթե մեր սիրելի հայրենակիցները ուշադիր լինեն, նույն իրադարձություններից հետո երեւում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են եւ գալիս ընտանիքներ: Նրանցից շատերը, անգամ՝ առանձին ջոկատներ, ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ: Եվ ես հարկ եմ համարել հրապարակային արձագանքել, որ ես իրենց հետ հանդիպումն, իհարկե, կկազմակերպեմ՝ քննարկելու հարցեր: Հաջորդ նախադասությունը՝ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը…Իհարկե, բավականին կոշտ ձեւակերպում է, բայց նաեւ հաշվի առնելով, որ երեկ իմացանք՝ այս արտահայտությունը նաեւ պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում …Ես այս ձեւակերպումն օգտագործել եմ, եւ ինչ է այն ընդհանրապես նշանակում: Նշանակում է, որ առաջնագծի զինվորների վերադարձից հետո եւ նրանց հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն բոլոր խոսակցությունները, որոնք ակտիվ շրջանառվում են եւ որոնք այն մասին են, թե ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը դավադրությունների մեջ է ներքաշված եղել եւ այդպես շարունակ: Ով, եթե ոչ առաջնագծի զինվորը, գիտի այդ հարցի պատասխանը»:
Վարչապետն ընդգծեց, որ իր համար կարեւոր է շփվել այդ տղաների հետ, լսել նրանց գնահատականները. «Ի դեպ, ասեմ, որ առաջնագծից, քանի որ խոսքը բախման մասին է, որեւէ մեկը Երեւան չի վերադառնում զինված: Կան հատուկ անցագրային կետեր, որտեղ իրավապահներն այդ խմբերին ուղեկցում են զորամասեր, որտեղ հանձնվում են զենքերը: Երեկ այս թեմայով զրույց եմ ունեցել ռազմական ոստիկանության պետի հետ, որպեսզի որեւէ մեկը զինված…բացառենք որեւէ մեկի կողմից զենքերով Երեւան հասնելը: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տասնյակ ձեւերով: Նուրբ հարց կա, որ առաջնագծի տեսանյութերում երբեմն կոշտ բառապաշար է հնչում եւ դա մտահոգիչ է, բայց մենք տեսանք, որ նոյեմբերի իննի լույս տասի գիշերը ինչ տեղի ունեցավ Երեւանում: Հարձակման ենթարկվեցին կառավարության եւ ԱԺ շենքը, Կոնդի առանձնատները: Այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից չդատապարտվեցին: Սա շատ կարեւոր է: Անգամ ՄԻՊ-ը չդատապարտեց այդ հարձակումները: Հետաքրքիր է, որ դատապարտման խոսքեր հնչեցին առաջնագծի զինվորներից: Այս համատեքստում կարեւոր է, որ ՀՀ-ում պետք է բացառենք ատելության խոսքը եւ քաղաքացիական բախումները»:
Կարդացեք նաև
«Առավոտի» կողմից նկատենք, որ բռնությունները դադարեցնելու կոչով նույն գիշեր հանդես է եկել եւ ՀՀԿ փոխնախագահը, եւ Մարդու իրավունքների պաշտպանը: Իսկ ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները կառավարության եւ ԱԺ շենքերում անձամբ էին փորձում կանխել բռնությունները:
Ապա Փաշինյանը հարցադրումներ արեց. «Ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ է ընդհանրապես դրա մասին խոսում: ՀՀ իրավապահ համակարգը, ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն ունեն բավարար ներուժ՝ դա թույլ չտալու համար: Իսկ նոյեմբերի իննի լույս տասի գիշերը դա չկանխվեց շատ պարզ պատճառով՝ ոստիկանության զորքերը, պետական պահպանության ծառայության մեծ հատվածն առաջնագծում էր, Երեւանում շատ սահմանափակ ուժեր կային: Բայց սա նաեւ ինչի՞ մասին է վկայում: Կառավարությանը դավադրության մեջ են մեղադրում: Դավադրության գնացող կառավարությունը ոստիկանության, պետական պահպանության ծառայությանն ուղարկում է հայրենիքի սահմանները պաշտպանելու եւ ինքն իրեն անպաշտպան թողնելով՝ դավադրությունների մե՞ջ է մտնում… Այս իրավիճակում երեկվա իմ գրառման հետ կապված շահարկումները համարում եմ անտեղի, բացարձակ անտեղի եւ գտնում եմ, որ առաջնագծից զորացրվող զինվորները նույնպես կարծիքի իրավունք ունեն: Չեմ գտնում, որ եթե ուզում են ինձ հետ հանդիպել դահլիճային պայմաններում, դրանում դատապարտելի բան կա: Նրանք են ճշմարտության կրողը: Եթե պարզվի, որ կա դավադրություն, թող բացահայտվի, եւ մեղավորները պատժվեն: Այն, որ ռազմաքաղաքական դավադրություն չկա, դրանում վստահ եմ, բայց տղաներին պետք է լսել, նրանք դրվագներ էին պատմում: Ի՞նչ է նշանակում քաղաքացիական պատերազմի կոչ: Վարչապետը քաղաքացիական պատերազմի կոչ է անո՞ւմ…որտե՞ղ է այդպես գրված: Ընդ որում, շատերն ասում են՝ հա…չի կարելի նման մանիպուլյատիվ մոտեցում ցուցաբերել: Իմիջիայլոց, եթե առաջնագծի զինվորներին ընթացիկ գործընթացներում ներքաշելու խնդիր լինի, կառավարությունը բոլոր լծակներն ունի: Ռազմական դրության ռեժիմը հնարավորություն է տալիս նաեւ զինված ուժերին ներգրավել՝ աջակցելու հասարակական կարգը պահպանելուն: Անգամ եթե այդ տրամաբանությամբ նայենք, սոցիալական ցանցում այդ մասին գրելու անհրաժեշտություն կա՞: Այնպես որ, հույս ունեմ, որ մեր հայրենակիցները ճիշտ են հասկացել: Ովքեր ոչ, հուսամ՝ այս պարզաբանումից հետո կվերանայեն իրենց գնահատականը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ