Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. Իմ խիստ անհանգստությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությունում դրսևորվող անհանդուրժողական ու բռնությունահեն միտումների առթիվ

Նոյեմբեր 16,2020 09:19

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր իմ հերթական ծանր օրերից մեկն է. այո՛, թեև կարողացել ենք փրկել Հայրենիքի մի մասը և հազարավոր կյանքեր, սակայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, ինչի մասին ևս մեկ անգամ վկայեցին Շուշիի մատույցներից այս օրերին հանած շուրջ 150 հայ զինծառայողների մարմինները, ամեն մեկը՝ մեկ օջախի և ողջ Հայրենիքի ճրագ: Դեռևս հարյուրավոր մարմիններ գտնվում են մարտադաշտերում՝ իրենց հարազատներին ու ամբողջ ժողովրդին պահելով անորոշության ու ցավի մեջ: Այս օրերին ես ինքս մեծ ժամանակ եմ տրամադրում զոհերի ու անհայտ կորածների հարազատներին՝ իրենց ցավը սփոփելով և համատեղ փնտրելով մեր նահատակ եղբայրներին:

Այդ բարոյական պարտականության կատարմանը զուգահեռ մենք խնդիր ունենք արագորեն բարձրացնելու Հայրենիքի անվտանգության երաշխիքները և երկարատև ու ծանր ջանքերով զբաղվել Արցախի ու հայ ժողովրդի հետպատերազմյան վերականգնման կարևորագույն գործով: Իհարկե, կան նաև այլ արտաքին ու ներքին բարդ մարտահրավերներ, սակայն դրանցից առավել առաջնահերթորեն ինձ անհանգստացնում են Մայր Հայրենիքի ներքին կայունությունն ու համերաշխությունը խաթարող լրջագույն վտանգները:

Հաշվի առնելով այս ծանրագույն ժամանակաշրջանում մեր ազգային ու պետական համերաշխության ու միասնականության անհրաժեշտությունը, ինչպես նաև իմ պարտավորությունն անմասն չմնալու համահայկական վճռորոշ հարցերի լուծումից՝ իմ խիստ անհանգստությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությունում դրսևորվող անհանդուրժողական ու բռնությունահեն միտումների առթիվ:

Ուստի, խստագույնս հորդորում եմ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական գործընթացներում ընդգրկված բոլոր ուժերին ու անձանց ցուցաբերել ազգային ու պետական բարձր սրտացավություն ու ողջախոհություն և Հայրենիքը հեռու պահել այնպիսի ցնցումներից, որոնք այս իրավիճակում կարող են դառնալ հայոց պետականության գերեզմանափորը: Ես բոլորից ակնկալում ու պահանջում եմ քաղաքակիրթ երկխոսությամբ և բացառապես սահմանադրական ճանապարհով կարգավորել ներքին տարաձայնությունները, որպեսզի մենք ի վիճակի լինենք Հայրենիքը տանել կայուն ու երկարատև զարգացման ճանապարհով:

Այս համատեքստում որոշում եմ կայացրել Արցախում ակտիվացնել քաղաքական խորհրդատվությունները բոլոր ուժերի ու գործիչների հետ՝ քննարկելու համար և՛ Արցախի հետպատերազմյան վերականգնման ու պետական կառավարման համակարգի բարեփոխման, և՛ համահայկական օրակարգի կարևորագույն հարցերը: Հուսամ, որ հնարավոր կլինի երկխոսության նույն մթնոլորտը ձևավորել նաև Հայաստանի Հանրապետությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30