Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիմա մեր հերթն է չհամակերպվելու

Նոյեմբեր 16,2020 10:00

Տապալումների շղթան պետք է դադարեցվի

Աննկարագրելի բարդ է շուրջ 20 տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ուշադրության տակ պահող, այդ թեմայով յուրաքանչյուր իրադարձությանը՝ Հայաստան-Ադրբեջան բոլոր բանակցություններին ու հանդիպումներին համակ ուշադրությամբ հետեւող, կարգավորման տարբերակները, սկզբունքները, դիվանագետների հայտարարությունների տողատակերը վերլուծող, առհասարակ, այդ հարցով ամեն ինչ ժամանակագրությամբ արխիվացնող մարդու համար լայնածավալ պատերազմի 44-րդ օրը հանկարծ տեսնել Արցախի ու Հայաստանի համար ստորացուցիչ մի տեքստ, որի տակ կա ՀՀ վարչապետի ստորագրությունը:

Առանց չափազանցության՝ սա ինձ համար անձնական ողբերգություն է, եւ մեկ շաբաթ մտածված խուսափել եմ անդրադառնալ նոյեմբերի 10-ի ամոթալի փաստաթղթին, որպեսզի գնահատականներս չլինեն թոհուբոհի, բավական ծանր մթնոլորտում արված ու էլ ավելի չթեժացնեն առանց այն էլ մեր երկրում լարված մթնոլորտն ու մեր սգացող ողջ ժողովրդի վիշտը: Մեկ շաբաթ անհրաժեշտ եղավ փոքր-ինչ հավաքվելու, կենտրոնանալու համար:

Նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթուղթը համաձայնագիր չէ, հայտարարություն է: Կարելի՞ է այն չեղարկել: Ո՛չ, չի կարելի: Ավելի ճիշտ՝ հնարավոր կլիներ միայն մի դեպքում, եթե ինչ-ինչ պայմաններում Ռուսաստանն ու Թուրքիան որոշեին չեղարկել այն:

Իսկ հիմա Փաշինյանն արդեն պետք է գիտակցի, որ վտանգավոր է ասել՝ «կարող ենք այդ թուղթը պատռել, նետել մի կողմ, բայց…»: Այդ հայտարարությունն, արդեն առանց նախադասության երկրորդ մասի, ադրբեջանցի լրագրողները շահարկում են, հարցեր են ուղղում ռուս պաշտոնյաներին, մեկնաբանություններ նրանցից խնդրում՝ Հայաստանին ներկայացնելով որպես «Պուտինի ստորագրությամբ փաստաթուղթը պատռող երկիր»: Ավելի նախընտրելի կլիներ, որպեսզի Հայաստան պետության իշխանությունն այնպիսի իրավիճակի չհասցներ, որպեսզի նոյեմբերի 10-ին գեթ մեկ նախադասություն ասելու հնարավորություն ունենար: Այդ նախադասությունը ցանկացած հայ մարդու ուղեղում հաստատ կծագեր՝ «Ես չեմ կարող այսպիսի ստորացուցիչ հայտարարություն ստորագրել, որովհետեւ իմ երկրում ու Արցախում այն չեն ընդունի»:

Ղարաբաղյան կարգավորման բազմաթիվ տարբերակներ, արդեն մշակված, մի քանի տասնյակ էջանոց, պաշտոնական Բաքուն մի քանի անգամ մերժել է, ու թեեւ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթը կարգավորման ամբողջական տարբերակ/համաձայնագիր չէ, այնուամենայնիվ լրացուցիչ ցավ է գիտակցելու, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչը չի ունեցել այդ մեկ նախադասությունն ասելու հնարավորությունը:

Բացի այդ, Հայաստանը ստորագրել է հայտարարություն, սակայն դրանով 7 շրջանները, որոնք որպես սակարկության թեմա հայկական կողմն ունեցել է շուրջ 26 տարի, որպեսզի դրանց վերադարձնելու դիմաց ադրբեջանական կողմից ստանա համարժեք զիջումներ, ոչ մի բանի դիմաց նվիրվել է Ադրբեջանին՝ գումարած Շուշին ու Հադրութը:

Երկուսուկես տարին բավարար էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ծանոթանար ղարաբաղյան կարգավորման պատմությանը, ընթերցեր մինչ այժմ հրապարակված կարգավորման տարբերակները, տիրապետեր կարգավորման ողջ գործընթացի նրբություններին (թեեւ, երբ նա դեռ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր էր, նրա օրաթերթում այդ թեմայով բավականաչափ հոդվածներ են հրապարակվել, դրանք էլ բավարար էին, այսպես ասած՝ նյութին տիրապետելու համար): Հայաստանում ղարաբաղյան կարգավորման թեմային իրականում շատ քիչ մարդիկ են տիրապետում. ՀՀ նախկին նախագահներն են եւ եւս մի քանի գործիչներ, եւ եթե ինչ-ինչ պատճառներով նախկին առաջին դեմքերի հետ շփվելու բարդույթներ կային, ապա գոնե Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանից խորհուրդներ հարցնելը, նրա հետ պարբերաբար հանդիպել-քննարկելը, հարցնելն ավելի ամոթալի չէր լինի Փաշինյանի համար, քան այն, ինչ ստացանք երկուսուկես տարվա արդյունքում:

Նոյեմբերի 10-ի հայտարարությունը արդեն հնարավոր չէ չեղարկել ոչ միայն այն պատճառով, որ դա ծիծաղ կառաջացնի անգամ նսեմացված հայկական կողմի նկատմամբ, այլ դրա հետեւանքները ավելի ծանր կարող են լինել, քան 44-օրյա պատերազմինը: Այնպես որ՝ բոլոր նրանք, ովքեր դատողություններ են անում այդ հայտարարության չեղարկման հնարավորությունների մասին՝ նրանք պարզապես զբաղված են շահարկումներով, երբեմն նաեւ գիտակցելով, որ դրա հետեւանքները Հայաստան պետության համար կործանարար կլինեն, իսկ նրանք որոնք անկեղծորեն կցանկանային այդ հայտարարությունից Հայաստանի ստորագրությունը, այսպես ասած՝ հետ կանչել, նրանք մեր երկրի հասարակ քաղաքացիներն են, որոնք հավատում են հրաշքի: Ընդդիմադիր ուժերից որեւէ մեկը Ռուսաստանին այդ հայտարարության համար չի քննադատում, քաջ գիտակցելով, թե ով է այդ հայտարարության համահեղինակը: Հետեւաբար, արձանագրենք ուրեմն, որ Արցախի ու Հայաստանի համար ամոթալի հայտարարությունը ստորագրողն ու պատասխանատուն միանշանակ Նիկոլ Փաշինյանն է: Արձանագրենք նաեւ, որ քաղաքական ուժերը խուսափում են քննադատել ռուսական պլանի գլխավոր հեղինակին, եւ դրանով ամեն ինչ ասված է, ավելին՝ ռուսական քարոզչամեքենայի վերջին մի քանի օրերի թեզերին համահունչ նաեւ մեզանում է արդարացիորեն արձանագրվում, որ Ռուսաստանը փրկել է Արցախն ու Հայաստանը՝ կանգնեցրել է պատերազմը: Սա, իհարկե, անվիճելի փաստ է, դեռ պատերազմի օրերին էինք նշում, որ միակ պետությունը, որը կարող է դադարեցնել ռազմական գործողությունները՝ ՌԴ-ն է:

Նոյեմբերի 10-ից առաջ կայացվել է քաղաքական որոշում՝ Մոսկվայում ու Անկարայում: Եթե կուզեք՝ կարող ենք նույնիսկ այսպես ձեւակերպել՝ 44 օր պատերազմ ընթացավ Արցախում, բայց հաղթեցին՝ Ռուսաստանն ու Թուրքիան: Ղարաբաղյան ռուսական պլանն արդեն գործողության մեջ է՝ ավելի վատ «համալրումներով»՝ Շուշիի ու Հադրութի կորստով: Սակայն չի բացառվում, որ «համալրումը» Մոսկվան չէր նախատեսել ու ստիպված է եղել կանգնեցնել պատերազմը՝ զգալով Թուրքիայի հետագա «առաջխաղացման» ախորժակը: Բայց նաեւ պետք է արձանագրել, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ պայքարը Հարավային Կովկասի համար դեռ ամենեւին էլ չի ավարտվել՝ չնայած այն փաստին, որ Մոսկվան ու Անկարան ամրապնդեցին իրենց ազդեցությունը մեր տարածաշրջանում պատերազմի արդյունքում: Մեր տարածաշրջանի համար պայքարը Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ դեռ շարունակվելու է, հետեւաբար պետք է այնպես աշխատել, որպեսզի Հայաստան-Ռուսաստանը ռազմավարական դաշնակցային հարաբերություններն իրապես այդպիսին դառնան՝ ի նպաստ հայ ժողովրդի, հակառակ դեպքում մենք տանուլ կտանք արդեն ամեն ինչ:

Եթե Հայաստանի քաղաքական, իշխանական վերնախավում հետեւում են Ադրբեջանից վտարված ընդդիմադիր գործիչների համացանցային ելույթներին, ապա կնկատեն, որ նրանք էլ են Ալիեւին դաժան քննադատում նոյեմբերի 10-ի հայտարարությունը ստորագրելու համար, իրենց խաբված են համարում, քանի որ՝ «չեն ստացել ամբողջ Ղարաբաղը, Ստեփանակերտը…», ըստ նրանց՝ «Ռուսաստանը խաբել է իրենց, քանի որ հիմա էլ Մոսկվան ասում է՝ ԼՂ-ի կարգավիճակը պետք է հստակեցվի», ու «ԼՂ-ում հայտնվել են ռուս խաղաղապահները, հետեւաբար՝ «տան տերը Ռուսաստանն է» մեղադրանքներ են հնչում Ալիեւի նկատմամբ:

Ինչեւէ, այսօր ունենք մի վիճակ, որը տարիներ շարունակ պահանջում էր Ալիեւը՝ «տարածքները կհանձնեք, որից հետո կբանակցենք»: Փակագծեր չբացելով, կարելի է ասել, որ հայկական կողմին նույնիսկ այս նվաստացուցիչ իրավիճակում հսկայական աշխատանք է սպասում: Շատ արագ եւ լուրջ պետք է կազմակերպվել, նախապատրաստվել ղարաբաղյան կարգավորման բավական ծանր փուլին՝ բանակցային գործընթացին: Ռուսաստանի հետ հսկայական ծավալի հարցեր կան, որոնք պետք է լուծել:

Բայց ինչպե՞ս… Ցավալի է արձանագրել, որոշումների կայացման գործընթացում Հայաստան պետությունը չի մասնակցում: Սարսափելի էր նկատել, որ Ռուսաստանն ու Թուրքիան 44 օրվա պատերազմի ընթացքում տարբեր փուլերում քննարկումներ, հավանաբար, ավելի շատ ունեցան, քան՝ Հայաստանի իշխանությունները երկուսուկես տարվա ընթացքում ՌԴ-ի իշխանությունների հետ: Այսօր Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են բանակցությունները, քննարկում են Արցախում խաղաղապահ առաքելության հետ կապված հարցեր, տարածքային, եկեղեցիների պահպանման այլ թեմաներ, իսկ Հայաստան պետությունը չկա, բացակա է:

Խորհրդարանը չի գործում պետությանը հասցված նման հարվածից հետո անգամ, իշխող մեծամասնությունը մեկ շաբաթ «պատսպարված» է, փոխարենն ակտիվ աշխատում են իրավապահները՝ փողոց դուրս եկած ընդդիմադիրներին ամենօրյա ռեժիմով հրավիրում են ԱԱԾ, բաց թողնում:

Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ է, սա կարծես արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: Պատերազմը չի ավարտվել, Հայաստանին կազմակերպչական լուրջ ռեսուրսներ են անհրաժեշտ, տեսլական ու այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանք: Այս իրավիճակում անհրաժեշտ են շտապ, բայց խոհեմ որոշումներ: Հասարակությանը պառակտելը ու օր-օրի լարված մթնոլորտն էլ ավելի շիկացնելը, 2 բանակների բաժանված հասարակության միջեւ ատելության դոզան մեծացնելը ոչ միայն անթույլատրելի է, այլեւ՝ կործանարար: Քաղաքական դաշտում ընդդիմադիրների նկատմամբ, մեղմ ասած՝ հասարակական մեծ անվստահություն է, մեր երկրում չեն մնացել այնպիսի հեղինակություններ, քաղաքական որեւէ հոսանքի չպատկանող մտավորական այնպիսի պայծառ դեմքեր, որոնց մեկ րոպեանոց խոսքը կարող է հանդարտեցնել մթնոլորտը, սթափեցնել մեր ողջ հասարակությանը ու կանխել հնարավոր քաոսը մեր երկրում:

Իշխանությունը չպետք է թույլ տա ոչ քաոս, ոչ էլ նպաստի քաղաքացիական պատերազմին: Ամենաբարդ իրավիճակներում էլ ելք գտնելու ուղիներ կարելի է գտնել: Բայց այդ առաջին քայլը պետք է իշխանությունն անի, որովհետեւ իշխանությունն է՝ իր բոլոր ճյուղերով, պատասխանատու պետությունը չկործանելու եւ ցնցումներից զերծ պահելու հարցում:

Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ պետք է որոշում կայացնի. նա աղետալի մի փաստաթուղթ արդեն իսկ ստորագրել է, տապալումների շղթան պետք է դադարեցվի:

Հ.Գ. Հայրս, որը մահացել է 2010թ., մի առավոտ «Ժամանակ» օրաթերթում ղարաբաղյան թեմայով հերթական հոդվածս կարդալուց հետո շատ անսպասելի ինձ ասաց, որ՝ իզուր եմ կենտրոնացել ղարաբաղյան կարգավորման թեմայի վրա ու անընդհատ գրում են այդ խնդրի մասին: Երբ զարմացած հարցրեցի՝ ինչո՞ւ, նրա պատասխանն այս պատերազմի 44 օրերի ընթացքում ամեն օր գլխումս է եղել: Նա պատասխանեց. «Ղարաբաղյան խնդիրը լուծում չունի: Ոչ մի կողմ՝ ոչ խաղաղ բանակցություններով իրեն առաջարկված տարբերակի, ոչ էլ պատերազմի արդյունքով ստացածի հետ չի հաշտվելու, ու մի օր, երբ դու դա գիտակցես՝ քո համար շատ ցավալի է լինելու»: Ես անմիջապես հակադարձեցի՝ բայց մենք հաղթել ենք մեզ պարտադրված պատերազմում, խաղաղություն ենք պարտադրել Ադրբեջանին, խաղաղ բանակցություններով էլ կպարտադրենք, նա էլ ինձ հակադարձեց՝ «մի օր էլ մեզ կպարտադրեն հաշտվել պարտության հետ»: Այսօր ես զգում եմ այդ ցավը, բայցեւ գիտեմ, որ հիմա էլ մեր հերթն է չհաշտվելու, չհամակերպվելու:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30