Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցվորը, պատասխանողը, «Առավոտը» այդպես էլ դատարան չեն ներկայացել, որոշվել է հայցը թողնել առանց քննության

Նոյեմբեր 16,2020 13:30
mamul

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ծանուցմամբ տեղեկացել էինք, որ դատավոր Աննա Արզումանյանի  վարույթում ապրիլի 22-ի որոշմամբ գտնվում է Տիգրան Ծատուրյանի  հայցն ընդդեմ Սեւադա Խաչատրյանի, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու վնասի հատուցման պահանջի մասին:

«Կորոնավիրուսի պատճառով հերթական ծեծն է գրանցվել, այս անգամ՝ Կոտայքի մարզում: Ամեն ինչ սկսվել է facebook-ի ստատուսից, երբ մի օգտատեր՝ Կոտայքի մարզի բնակիչ, անդրադարձել է «Գինաց» ռեստորանում տեղի ունեցած հավաքույթին, որի մասնակիցները, կորոնավիրուսով պայմանավորված ՀՀ-ում հաստատված արտակարգ դրության պայմաններում, գերազանցել են 20 հոգին: Քաղաքացու՝ facebook-ի գրառումից վրդովված՝ ռեստորանի սեփականատիրոջ բարեկամը գտել է գրառման հեղինակին: Ռեստորանի տնօրեն Սեւադա Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ լուրեր են տարածվում, որ իր ազգականներն են հանդիպել ստատուսագրի հետ, բայց իրականում, իր կնոջ բարեկամը միայնակ է ստատուսի հեղինակի հետ հանդիպել, խնդրել հեռացնել ստատուսը՝ «Կորոնավիրուսի շուրջ գրառման հետեւանքով Կոտայքի մարզում ծեծկռտուք է եղել»:

Տիգրան Ծատուրյանը ապրիլի 13-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սեւադա Խաչատրյանի, «Առավոտ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Դատարան դիմելուց հետո հուլիսի 27-ին նշանակվել էր դատական անդրանիկ նախնական նիստ:

Եվս մեկ նախնական նիստ հրավիրելուց հետո դատարանը որոշում է կայացրել նոյեմբերի 4-ին:

Հայցվոր Տիգրան Ծատուրյանը հայցադիմումով դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանող Սեւադա Խաչատրյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում «Առավոտ» թերթում հրապարակելու հերքում իր կողմից ներկայացված ակնհայտ սուտ եւ զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ հետեւյալ բովանդակությամբ. «Հերքում: Ես՝ Սեւադա Խաչատրյանս հերքում եմ իմ կողմից «Առավոտ» թերթին տրված հարցազրույցում ներկայացրած տվյալները, քանի որ դրանցում առկա է ակնհայտ սուտ, ոչ ստույգ եւ անարժանահավատ, չճշտված տեղեկություններ, որոնցով զրպարտել եմ Տիգրան Ծատուրյանին…»:

Հայցվորը պահանջել էր վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավաձի 500-ապատիկի չափով, ինչպես նաեւ գանձել իր կողմից վճարված դատական ծախսերի գումարը՝ պետական տուրքը, փոստային առաքման գումարները, փաստաբանին վճարված ծառայության վճարը:

Պատասխանող Սեւադա Խաչատրյանը, նաեւ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ն նույնպես դատարան չեն ներկայացել:

Ըստ դատարանի, հայցվորը չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, պատասխանողները չեն միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատարանը, ուսումնասիրելով քաղաքացիական գործի նյութերը, գտնում է, որ հայցը պետք է թողնել առանց քննության՝ հետեւյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին եւ չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, եւ պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Այսպիսով, հաշվի առնելով, որ հայցվորը պատշաճ ծանուցված լինելով երկու հաջորդական նախնական դատական նիստերի ժամանակի եւ վայրի մասին, նախնական դատական նիստերին չի ներկայացել, հայցվորի կողմից չի ներկայացվել նաեւ միջնորդություն դատական նիստը հետաձգելու կամ դատական նիստը հայցվորի բացակայությամբ քննելու մասին, ինչպես նաեւ պատասխանողների կողմից չի ներկայացվել միջնորդություն դատական նիստը շարունակելու վերաբերյալ, դատարանը գտնում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հայցն առանց քննության թողնելու հիմքը:

Հետեւաբար, դատարանը գտնում է, որ Տիգրան Ծատուրյանի հայցն ընդդեմ Սեւադա Խաչատրյանի, «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, պետք է թողնել առանց քննության։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30