Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ եմ գտնում օր առաջ հրաժարվել ստորացուցիչ պայմանագրից

Նոյեմբեր 16,2020 13:00

Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Մեծարգո նախագահ, տարօրինակ է, որ հայ ժողովրդին կործանման տանող հայտնի համաձայնագրի մասին դուք իմացել եք մամուլից: Բայց Ձեր ազնվությանը հավատում եմ եւ գնահատում եմ ձեր մտահոգությունները, հարցի առնչությամբ կոնսուլտացիաներ նախաձեռնելն ու ջանքերը:

Իմ պատկերացմամբ ներկայումս մենք ունենք նաեւ առավել հրատապ խնդիրների լուծում, ինչը կարող է լույս բացել Արցախը փրկելու համար:

Դրանք են.

Առաջին: Ըստ համաձայնագրի նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը Լաչինի, Քելբաջարի եւ Աղդամի շրջանները հայկական կողմը պարտավորվել է հանձնել Ադրբեջանին:

Տեղեկացնում եմ, որ ռազմավարական նշանակություն ունեցող էթնիկ հայկական հողերը թշնամուն հանձնելով` ամբողջությամբ կորցնելու ենք Արցախի Հանրապետությունը, որն ուղղակի սպառնալիք է առաջացնելու նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը կամ ազգի գոյությանը:

Անհրաժեշտ եմ գտնում օր առաջ  հրաժարվել ստորացուցիչ պայմանագրից (վարչապետի պատճառաբանությունը իբր համաձայնագիրը ստորագրել է Ստեփանակերտը եւ այլ տարածքները փրկելու պարտադրանքով, անընդունելի է եւ իրականում նա չի տիրապետում իրավիճակին):

Պայմանագրից հրաժարվելու հիմքերն ակնհայտ են. օրինակ, վարչապետը պայմանագիր է կնքել այլ պետության` Արցախի ինքնահռչակ հանրապեության վերահսկողության տակ գտնվող տարածքներն օտարելու մասին: Այդ տարածքները ՀՀ տարածքային ամբողջականության մեջ չեն մտնում, եւ ՀՀ վարչապետը գերակայել է ՀՀ սահանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Որպես Հայաստանի Հանրապետության գլուխ, ուստի առաջարկում եմ ՀՀ սահմանադրությամբ ձեզ վերապահված իրավունքի ուժով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` պայմանագրի` Սահմանադրության համապատասխանությունը  որոշելու համար:

Հետագա գործողությունների` պայմանագրերից հրաժարվելու մասին կողմերին հայտնելը, միջազգայնացնելը, եւ այլն, Դուք որպես հմուտ դիվանագետ, տիրապետում եք:

Երկրորդ: Ցանկալի է քննարկել նաեւ պատերազմի պատճառով հանձնման ենթակա տարածքներից տարհանված բնակչությանը իրենց բնակավայրերը տեղափոխելու խնդիրը, հակառակ դեպքում թշնամին արագ կարգով այդ տարածքներում բնակեցնելու է հարյուր հազարավոր թուրքերի եւ վարձկան ահաբեկիչների:

Երրորդ: Հիշյալ համաձայնագրի պատճառով ՀՀ-ում եւ Արցախում ներքաղաքական խորը ճգնաժամ է առաջացել: Առաջին նախագահը`Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ առնչությամբ հայտարարություն է տարածել: Խնդրում եմ քննարկել այս խնդիրը եւ կանխել անցանկալի եւ վտանգավոր զարգացումները:

Երբ պետության ուժային համակարգը ուժ գործադրելով խախտում է մարդկանց հիմնարար իրավունքները եւ ազատությունները, ուժ է կիրառում քաղաքացիական անձանց նկատմամբ, առանց քննության եւ դատի նրանց զրկում է ազատությունից, առեւանգում են մարդկանց եւ այլն, դրանք ահաբեկչական պետութանը բնորոշող տարրերն են, որով խախտվում է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի («Ահաբեկչության մասին» Ժնեւի 1987 թվի կոնվենցիայի պահանջները):

Խնդրում եմ, որպես պետության գլուխ, առաջնորդվելով համապետական եւ համազգային շահերից` առաջնահերթ քննարկել առաջադրված հարցերը:

Հարգանքներով`

Սերգեյ ԱԲՈՎՅԱՆ

իրավաբան
«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30