Լրահոս
Օրվա լրահոսը

Անկողմնակալ առաջարկ

Նոյեմբեր 16,2020 12:30

Իմ ողջ գիտակից կյանքում որեւէ կուսակցության չեմ պատկանել, որեւէ շարժման չեմ հարել… Պատկերացնում եմ. հիմա կմտածեք՝ անդեմ մեկն եմ… Ասեմ, գուցե եւ անդեմ. Հայ եմ, Հայաստանցի, գեներով Արեւմտահայաստանից։

Ես եւ իմ սերնդակիցները վերջին 30 եւ ավելի տարիների ընթացքում շատ բան տեսանք, շատ բաների միջով անցանք… Հայոց պատմության այդ ընթացքը բնորոշող մի բան կար հաստատուն. մեր ազգը, մեր ժողովուրդը քայլերը հիմնականում ձեռնարկում էր զգացական ֆոնի վրա, շատ քիչ էր պատահում սթափ դատող, վերլուծող միտք, պատահածն էլ՝ անողոք քննադատվում էր (օրինակներ շատ կան, բայց հիմա դրա ժամանակը չէ)։

Իսկ ամենակարեւորն այն էր, որ այդ տարիների ընթացքում սխալներից դասեր չքաղեցինք, չսովորեցինք գերադասել ազգային արժեքները, թվարկեմ, չէ՛, դա էլ թողնենք հետոյին, լա՞վ։

Այսօր ամենակարեւորը՝ փորձել ելքեր գտնել. 2 ամիս է՝ սպասվող, իսկ 1.5 ամիս՝ փաստ, որ մեր երկիրը ամենաիսկական մղձավանջի մեջ էր… ավարտվեց մի նոր ալիք բերելով, այսօր զբաղված ենք տարիների ընթացքում չգրված օրենք դարձած իրար բզկտելով. նախկին-ներկա, լափած-չլափած, սեւ-սպիտակ, մեղավոր-անմեղ եւ այլն, եւ այլն, եւ այլն…

Որպես այս երկրի մի փոքրիկ մասնիկ, պահանջելու չափ խնդրում եմ. վերջացրե՛ք հակառուսական, հականախկինական, հականիկոլական եւ այլ անհեթեթ, գուցեեւ արդարացված, ցասումն ու մտքերը, գաղափարները եւ լծվեք գործի (վստահեցնում եմ պատմությունը կդատի)։

Ստեղծեք մի մարմին՝ ժամանակավոր, փրկության, ռազմական, դիվանագիտական, չգիտեմ էլ ինչ… Այդ օղակի անդամներին ընտրեք անձնական տվյալների, կարողությունների, փորձի, սրտացավության, հայրենասիրության սկզբունքով։

Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց թիվ 1 պայմանը պետք է լինի որեւէ մեկը՝ ոչ նախկին եւ ոչ էլ ներկա իշխանությունից։ Բարեբախտաբար, մեր մեջ կան շատ լավ մասնագետներ՝ իրավաբաններ, պատմաբաններ, դիվանագետներ, տնտեսագետներ, տեխնոլոգներ, ռազմագետներ եւ այլք։

Իմ կարծիքով՝ այս մարմինը պետք է ղեկավարի այսօրվա նախագահ Արմեն Սարգսյանը՝ նկատի առնելով նրա միջազգային ճանաչվածությունը, ներկայանալի կերպարը, բախտորոշ սխալներ թույլ չտված լինելու հանգամանքը։ Բնավ պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քայլ հանրության սեփականություն դառնա… հասկանալի պատճառներով։

Շրջադարձային լուծումը տալուց հետո միայն կարող ենք եւ իրավունք կունենանք երկրի ղեկավարության եւ իշխանության խնդրին անդրադառնալու…

Կարող եմ թվարկել, անուններ տալ, ովքեր, իմ կարծիքով, պետք է ընդգրկվեն այդ մարմնում, բայց չեմ անում անկողմնակալ լինելս կասկածի տակ չդնելու համար։

Ռուզան ՊԵՏՐՈՍՅԱՆ
13.11.2020

«Առավոտ» օրաթերթ
14.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30