Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարբեր պետական մարմինների գործունեությունն այս օրերին ինձ համար ոչ հասկանալի է, ոչ ընկալելի, ոչ էլ շատ դեպքերում արդարացում ունի»

Նոյեմբեր 16,2020 14:00

Ասում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը

«Դա անթույլատրելի է, մանավանդ այն իրավիճակում, երբ մեր հասարակությունը շատ ընկճված է, եւ հոգեբանական ծանր իրավիճակ է»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Երեւանի Հանրապետության հրապարակում մեծ էկրանով հնչած բռնության կոչերին, այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք՝ Երեւանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան տեսանյութ  ցուցադրվեց, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այն «անթույլատրելի եւ դատապարտելի» որակեց: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատեց՝ իրենք են տեղադրել էկրանները, դրանք ապամոնտաժվելու են ու կարծիք հայտնեց՝ «պարոն Թաթոյանը չափազանցնում է այն ինչ -որ կա՝ իրականությունը»։

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ նման քարոզչական բնույթի տեսանյութերը շահագործել քաղաքական նպատակների հասնելու համար, դատապարտելի է. «Կարծում եմ՝ անպայման պիտի իրավական հետեւանքներ պարունակի: Մարդու իրավունքների պաշտպանը միանշանակ ճիշտ է վարվել իր նախաձեռնությամբ»:

Մեր հարցին՝ նման կոչերը հրահարում են ներքին թշնամանք, ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս պետք է դրանք կանխարգելենք, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Մանավանդ հաշվի առնելով, թե ինչպիսի պայմաններում է Հայաստանը՝ նկատի ունենալով, որ մենք ռազմական դրության ռեժիմում ենք ապրում եւ բոլոր ջանքերը պետք է օգտագործվեն, որ համախմբվի հասարակությունը. հուսով եմ՝ սա կունենա շատ լուրջ նաեւ  իրավական հետեւանքներ, եւ պատասխանատուները պետք է խստագույնս պատժվեն»:

Մեր փաստմանը՝ ռազմական դրության պայմաններում տարբեր սահմանափակումներ կան, որոնք գործում էին նաեւ լրատվամիջոցների նկատմամբ, բայց տեսանք, որ այս հարցում համենայն դեպս պետական մակարդակով դատապարտող չեղավ, դա նորմա՞լ է, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Սա նորմալ չէ: Ռազմական դրության ժամանակ պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ միայն քաղաքացիները, մասնավոր լրատվամիջոցները, այլեւ եթե սրա հետեւում կանգնած են իշխանական օղակներ, նաեւ պաշտոնյաներ: Չի կարող լինել իրավիճակ, երբ պատասխանատվությունը դրվում է միայն քաղաքացու վրա, իսկ պատասխանատվության ենթարկողների դերում միայն իշխանությունն է: Նաեւ իշխանությունները պիտի պատասխանատվության ենթարկվեն»:

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ նման հոլովակի նպատակը նաեւ քարոզչական է, որի նպատակն է քաղաքական դիվիդենտներ շահել:

Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ պիտի կատարվածը հետաքննվի եւ պարզվի, թե ով է պատասխանատուն: Պատասխանատուները պետք է ենթարկվեն շատ լուրջ պատժի. թե ում հրահանգով, ինչպես է դա ստացվել, դա միայն հետաքննությունը կարող է ցույց տալ:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը, թեեւ տեսանյութը չի տեսել, բայց նման երեւույթները դատապարտելի է համարում. «Եթե իսկապես հնչել է վիրավորանք կամ սպառնալիք կամ նման բովանդակությամբ որեւէ նյութ, սա չի կարելի թույլ տալ հատկապես, երբ տեսնում ենք ներքաղաքական վիճակն ինչպիսի լարվածության մեջ է: Սա պետք է դադարեցնել, քանի որ կարող է հանգեցնել շատ ծանր հետեւանքների՝ մինչեւ անգամ մարդկային կյանք արժեցող իրավիճակի: Այնպես որ, սա խիստ դատապարտելի է, եւ ես ուրախ եմ, որ պարոն Թաթոյանն արձագանքել է եւ կարողացել գնահատական տալ»:

Հարցին՝ ատելության, բռնության  կոչերը՝ հատկապես այս օրերին մինչեւ ո՞ւր կարող են տանել, նա պատասխանեց. «Հնարավոր չէ գնահատել, թե մինչեւ ուր կհասնի, բայց բոլորը գիտեն, որ ատելության խոսքը կարող է հասցնել ամենածանր հետեւանքի, դա միանշանակ է: Ցանկացած խոսք  պետք է գնահատված ու հավասարակշռված լինի: Ես հասկանում եմ, որ այդ խոսքերը հիմնականում հնչում են մարդկանց կողմից, որոնք պատկերացում էլ չունեն: Մենք հիմա այն վիճակում ենք, որ շատ դժվար  է մարդկանց բացատրել ստեղծված իրավիճակը: Նրանց ցասումը, դժգոհությունը, վիշտը հիմքեր ունի, իրենց հարցերի պատասխաններ ստանալու պահանջը շատ հիմնավոր է, բայց դա պետք է արվի հնարավորինս զուսպ, հավասարակշռված: Այո, պահանջատեր պետք է լինենք, բայց պետք է լինել հավասարակշռված, որովհետեւ իրավիճակն իսկապես չափազանց ծանր է»:

Փաստեցինք՝ վարչապետի խոսնակն այս տեսանյութի հետ կապված որոշ պարզաբանումներ ներկայացրեց, սակայն չդատապարտեց, մինչդեռ կարո՞ղ էր դատապարտումը կանխարգելել հետագայում նման դրսեւորումները, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Առհասարակ  տարբեր պետական մարմինների գործունեությունն այս օրերին ինձ համար ոչ հասկանալի է, ոչ ընկալելի, ոչ էլ շատ դեպքերում արդարացում ունի: Ենթադրում եմ, որ իրենք էլ ցայտնոտի մեջ են, ուղղակի չեն հասկանում՝ ինչ են անում, քանի որ շատ-շատ իրավիճակներ կան սկսած ԱԺ-ից վերջացրած վարչապետի խոսնակի վարքագծով, հասկանալի եւ ընդունելի չեն: Մենք չենք արել հեղափոխություն  այսպիսի անտրամաբանական քայլեր ստանալու համար, հետեւաբար, իհարկե, դա կարող է ունենալ ծանր հետեւանքներ»:

Իսկ թե կարո՞ղ է պետական մակարդակով դատապարտումը կանխել հետագայում նման դրսեւորումները, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Դժվար թե կարողանան կանխել, քանի որ բոլոր կողմերը չափից դուրս լարված են, բայց ամեն դեպքում չէր խանգարի էկրանին ցույց չտալը: Գոնե կարելի էր դա անել, չխրախուսել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30