Հարգելի պարոն Փաշինյան,
Վերլուծությունների, քննարկումների ժամանակը դեռ կգա, բայց այսօր, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է հնարավոր բոլոր քայլերը անել, որ քիչ կորուստներով կարողանանք դուրս գալ այս ծայրահեղ ծանր վիճակից:
Երեք ղեկավարների կողմից հապճեպ ստորագրված այս հայտարարությունը պետք է դիտարկվի միայն որպես խաղաղապահների տեղադրման, զինադադարի հաստատմանն ուղղված փաստաթուղթ: Բայց քանի որ այն պարունակում է նաև դրա հետ չկապված այլ դրույթներ, որոնք հետագա ճշգրտումների, փոփոխման, ինչպես նաև իշխանության այլ համապատասխան մարմինների կողմից վավերացման կարիք ունեն, բնական է, պետք չի շտապել: Այլ թարմացված կազմով անհրաժեշտ է պահանջել, որ այդ հարցերով առաջիկայում համակողմանի քննարկումներ լինեն:
Նկատի ունենալով, թե այդ փաստաթղթի ստորագրումը բողոքի ինչ մեծ ալիք առաջացրեց Հայաստանում և Արցախում, իսկ դա կարող է հետագա ընդվզումների լուրջ պատճառ դառնալ, ուստի անհրաժեշտ է, ինչքան կարելի է շուտ այն մեղմել:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով նաև այն, որ խաղաղապահ ուժերն արդեն տեղադրված են, իսկ Ռուսաստանի իշխանությունները խիստ շահագռգռված են ընդլայնելու իրենց ազդեցության լծակները և պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով կանխել պատերազմական նոր բռնկումները.
Ես համոզված եմ, որ Ձեզ համար էլ ընդհանուրի շահը գերակա է, և Դուք էլ ի նպաստ հայրենիքի որոշ զոհաբերությունների կգնաք.
Որպես կառավարության խորհրդատվական մարմնի անդամ իմ պարտքն եմ համարում, տեղեկացնելով դրա մասին հանրությանը, դիմել Ձեզ հետևյալ խորհուրդներով`
1.Առաջարկել Հանրապետության նախագահին ժամանակավորապես իր վրա վերցնել Կառավարության ղեկավարի գործառույթները.
2.Ձեր այդ առաջարկի մասին տեղեկացնել ԱԺ-ի պատգամավորներին և խնդրել նրանց չխոչընդոտել գործընթացին.
3.Հրապարակով հայտնել հանրությանը, որ հանուն մեր ժողովրդի, հանուն միասնակամության պահպանման Դուք հոժարակամ վայր եք դնում Ձեր լիազորությունները:
Հարգանքով
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյան