Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սահակյան․ «Չգիտեի՞ն, թե ինչպիսին էր մեր սպառազինությունը, ինչո՞ւ մեր երեխաներին  տարան  նահատակության»

Նոյեմբեր 15,2020 22:59

«100 տարի առաջ հանձնվեց Կարսը, այսօր նույն դավաճանական գործողությունների դավադրության զոհ դարձավ մեր չքնաղ Շուշին, 100 տարի անց պատմությունը կրկնվում է»,-այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ իր ելույթում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը։

Դատարանն այսօր քննում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ձերբակալելու իրավաչափությունը։  Այս գործով Այդ գործով անցնում են նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Նրանք մեղադրվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար։ Այսօր երեկոյան  դատարանի որոշմամբ Վանեցյանն ազատ արձակվեց։

Մինչ դատարանը քննում էր գործը, դատարանի բակում  հավաքվել էին Վանեցյանի եւ մյուսների աջակիցները։ Արա Սահակյանը, շարունակելով իր ելույթը, զուգահեռներ տարավ 10, 15, 20, 25 տարի առաջվա Հայաստանի հետ․ «Երեւանի փողոցները նույնպես ծփում էին, մարդիկ դժգոհում էին իրենց վատ կյանքից, ընտրությունների արդյունքները կեղծելուց, մարդիկ դժգոհում էին ՀԷՑ-ի սեփականաշնորհումից, անարդարությունից, եւ այդ ամենը ճիշտ էր։ Բայց մենք, եթե ոչ այսօր, ապա վաղը կկարողանանք սովորել լավ ընտրություններ կազմակերպել,  կկարողանանք արդար հասարակություն ստեղծել, կկարողանանք մեր զավակներին ճիշտ դաստիրակություն տալ։ Բայց արդյոք կկարողանանք վերադարձնել կորցրած հողերը։ Դրանք անդառնալի կորուստներ են,  մեր հազարավոր եղբայրներն ու երեխաները այլես չեն վերադառնա, սա է տարբերությունը»։

Պարոն Սահակյանը վստահեցրեց, թե  բողոքի դուրս եկած քաղաքական գործիչները՝ ինքը, Արթուր Վանեցյանը, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը, ազատամարտիկ Աշոտ Մինասյանը, առաջին հերթին ուզում են, որ բոլորը լավ ապրեն․ «Ես ոչ մի անձնական խնդիր չունեմ, ես իշխանության չեմ ձգտում, այստեղ կանգնած են մարդիկ, որոնց միակ զենքը խոսքն է, որն ուղղված է ձեզ։ Ձեզ բերել են այստեղ (նկատի ունի ոստիկաններին), դուք կանգնած եք գեղեցիկ հանդերձանքով, բոլորդ ամրակազմ, ձեր զենքերը սպասում են ձեզ մեքենաների մեջ, դուք ունեք տրանսպորտ, տաք մեքենաներ, իսկ ի՞նչ վիճակում էր հայ զինվորը 10, 20 օր առաջ, ունե՞ր արդյոք նա համապատասխան զինվածություն, կալաշնիկով՝ ԱԹՍ-ների դեմ, երբ կրակ էր թափվում երկնքից, չգիտեի՞ն նրանք, թե ինչպիսին էր մեր սպառազինությունը։ Ինչո՞ւ տարան  նահատակության մեր երեխաներին, ինչո՞ւ»։

Պարոն Սահակյանի խոսքով՝ մի՞թե մենք իրավունք չունենք պահանջելու վատ իշխանությունների փոփոխություն․ «Հարցնում են՝ ո՞վ է գալու իշխանության։ Հենց առաջին հարցնողը թող գա իշխանության, դու, որ լինեիր իշխանություն, կտայի՞ր Շուշին,  կտանեի՞ր անիմաստ զոհերի։ Ասում են՝ ոչ։ Ես ասում եմ՝ ահա եւ դու վարչապետն ես վաղվա, ձեզանից յուրաքանչյուրը,  ով գտնում է, որ զոհերն անիմաստ էին։ Խայտառակ ղեկավարում էր իրականացվում,  կազմալուծված էր ամբողջ պետական համակարգը։ Ուզում եմ իրեն հարցնել՝ լսի՛ր, կրկնահանցագործ, ի՞նչ ես խոստացել  հանձնել, որ դեռ չես հասցրել, ինչի՞ համար ես մնում»։

Արա Սահակյանը Նիկոլ Փաշինյանի խմբագիր աշխատած տարիներից մի դրվագ պատմեց․ «Տարիներ առաջ, երբ յուրաքանչյուր շաբաթ այցելում էի իր խմբագրություն, իր գրասենյակի դռան վրա  գրված էր՝ զգույշ, այստեղ նստած է կրկնահանցագործը։ Ինքն էր իր մասին գրել, որովհետեւ երկու հոդվածով դատվել  էր, դատարանի օրինական վճիռը մտել էր ուժի մեջ, եւ ինքն ընդունում էր, որ կրկնահանցագործ է։ Հետո 2008-ի իրադարձությունների կապակցությամբ եղավ դատավճիռ։ Մեր ոստիկաններին նորից բերեցին, շարեցին, որ ժողովրդից պաշտպանեն ում, ինչ, չգիտես։ Բայց հիմա բոլոր իր հանցանքները ներելի են, սա չի մոռացվի, այս կսկիծը չի մոռացվի, մեկ, երկու, երեք սերունդ հետո անեծքը մնալու է։ Ինչպե՞ս ես դու ու քո զավակներն ապրելու անեծքի տակ»։

Արա Սահակյանն ասաց, որ իրեն մի երիտասարդ է մոտեցել եւ ասել՝ դրան պետք է վերացնել․ «Գյուղերի դաշտերում, տրանսպորտում, բակերում, ամեն տեղ ասում են՝ վերացրեք դրան։  Հիմա անգամ խոսքը լսելն է դարձել  հանցանք։ Ահա թե ուր է հասել այս վարչախումբը պարտված։ Ավաղ, նրա պարտության համար ծանր գին վճարեցինք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30