Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Համարյա ամեն րոպե մտածում եմ այսօրվա իրավիճակից հնարավոր ելքերի մասին։ Ներկա իշխանությունները պաշտոնապես ընդունել են պարտությունը։ Երբևէ որևէ պարտված իշխանություն կամ առաջնորդ չի կարող շարունակել մնալ ղեկին, քանի որ դա կնշանակի պարտվողական քաղաքականության շարունակություն։
ՀԻՏԼԵՐԸ պարտվեց և ինքնասպան եղավ։
ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԸ պարտվեցին առաջին համաշխարհայինում և իրենց իսկ պետության կողմից պատերազմական հանցագործներ ճանաչվեցին։
Կարդացեք նաև
Նույնիսկ մեծն ՆԱՊՈԼԵՈՆԸ պարտվելուց հետո աքսորվեց Սբ․ Հեղինեի կղզի և իր մահկանացուն այնտեղ կնքեց։
«Վտանգը», իբր ներկա իշխանությունների հեռանալուց հետո «նախկիններն» են գալու, չկա, քանի որ հենց այս պահին երևում է, որ ընդդիմադիրները, ավելի ճիշտ՝ հայրենասերները, ովքեր պայքարում են իրավիճակը շտկելու համար, բոլորն են, այստեղ որևէ կուսակցություն կամ քաղաքական ուժ չի թելադրում կամ չի առանձնանում։
Միակ ելքը տեսնում եմ կոալիցիոն, համերաշխության կառավարություն ձևավորելու մեջ, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերն էլ ներկայացված կլինեն։ Բացառիկ համերաշխ քայլ կլինի, եթե իմքայլականներն էլ ներկայացված լինեն։ Այս պահին կա մեկ միասնական ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ։ Որպեսզի ՈՉ ՄԻ ԿԱՍԿԱԾ ՉԼԻՆԻ, թե որևէ մեկը կարող է չարաշահել իշխանությունը, պետք է դրվի հստակ ժամկետ (օրինակ՝ 3 ամիս), որից հետո կանցկացվեն ընտրություններ և ժամանակավոր կառավարությունն այլևս որևէ իշխանություն չի ունենա։ Բացի այդ, ով էլ լինի ղեկավարը, նա չպետք է ունենա միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք։
Հատուկ դիմում եմ ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԻՆ․ ստորադասե՛ք ձեր կուսակցական շահը համազգային շահին։ Ձեր գործողությունները անիմաստ պատրանք են ստեղծում, թե իշխանափոխությունը վտանգավոր է։ Լսեք ձեր խղճի ձայնը, մի՛ խորացրեք պառակտումը, երկիրը մի՛ տարեք քաղաքացիական պատերազմի։
Դիմում եմ ԲՈԼՈՐ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ։ Ձեռք մի՛ բարձրացրեք ձեր հայրենակիցների վրա։ Հրաժարվե՛ք հայի վրա բռնություն գործադրելուց։ Վաղն արդեն հակառակ կողմում եք լինելու։ Վաղն արդեն նոր Հայաստանում ձեր տեղն ու աշխատանքն եք փնտրելու։ Ձեր հետևից մի՛ այրեք կամուրջները։
Դիմում եմ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ։ Հայաստանը մերն է։ Մի վախեցեք ո՛չ Ռուսաստանի և ոչ էլ Թուրքիայի հնարավոր միջամտությունից, ո՛չ էլ Ադրբեջանի ճղճիմ գործողություններից։ Հաղթանակը մերն է լինելու, եթե մենք համախմբված լինենք։