Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն իշխանության յուրացման եւ վարչապետի նկատմամբ մահափորձ կատարելու մեղադրանքներ էր առաջադրել մի շարք պաշտոնյաների:
Վահրամ Բաղդասարյանի փաստաբան Վահագն Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ձայնագրությունը մի հատ որ փորձեք առանձին լսեք՝ Վահրամ Բաղդասարյանի կապը, ինքը ընդհանրապես կապ չունի; Ինքը խոսում է հավաքների մասին: Եթե հավաքներ կազմակերպելը կամ մասնակցելը իշխանության յուրացում է կամ իշխանության ներկայացուցչի սպանության նախապատրաստել է, ես բան չունեմ ասելու: Իրավաբանություն չի դա, իրավաբանության մեջ նման հիմնավորում գոյություն չունի: Ցանկացած հանցագործության նախապատրաստումը ենթադրում է կոնկրետ անձի գործողություններ: Մեր համար մինչեւ հիմա պարզ չի, թե պարոն Բաղդասարյանն ինչ է կատարել: Ինչ-որ վերացական պատմություն են բերել, որ ուշադիր լիեք ձայնագրություններին, կպցրած է իրար, որ փորձեն անմիջական կապ հաստատել իրար: Օրինակ, Աշոտ Մինասյան անձը, որ կա, պարոն Բաղդասարյանի փոխանցմամբ, իր հետ ծանոթացել է երկու օր առաջ ոստիկանության բաժնում ու բերման ենթարկածի կարգավիճակով: Իրենց նախաձեռնությամբ անգամ չի ծանոթացել հետը: Որեւէ հիմնավորում, որ կենթադրեր պարոն Բաղդասարյանի հետ կապը, չկա»:
Փաստաբանը նաեւ ասաց, որ Վահրամ Բաղդասարյանին ձերբակալել են զենք-զինամթերք պահելու եւ ձեռք բերելու համար, խուզարկություն է կատարվել նրա տանը ու 2011-ին ծննդյան նվեր ստացած օրինական զենքն են գտել:
Հարցին՝ ակնկալիք ունե՞ք, որ կալանքի միջնորդությունը կմերժվի՝ փաստաբանը պատասխանեց. «Ձերբակալումը աբսուրդ է: Միայն ձայնագրության հրապարակումն է, որը չի կարող վերաբերելի ապացույց համարվել, որ դրվի մեղադրանքի հիմքում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ