«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ձերբակալումը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց: Արթուր Վանեցյանը ազատ արձակվեց:
Արթուր Վանեցյանը ձերբակալվել էր երեկ, նա մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ: Այդ գործով անցնում են նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
Դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ փորձում են ապօրինաբար կասեցնել իր քաղաքական գործունեությունը, բայց արդարություն այս երկրում կա, եւ արդարությունն այս փուլում հաղթեց: Նա հավաստիացրեց, որ ինքը որեւէ հանցանք չի գործել, պաշտպանել է օրենքը եւ շարունակելու է այդպես, քանզի երկրի զարգացման ուղին համարում է երկրի գերակայությունը:
Նա նկատեց, որ Սահմանադրությունը խախտել է գործող իշխանությունը՝ ժողովրդի թիկունքում ստորագրելով խայտառակ համաձայնությունը եւ մեր հայրենիքի մի մասը թուրքին հանձնելով: Ընդդիմադիր գործիչը հանրությանը հորդորում է հասկանալ, որ սա պարզապես պայմանագիր չէ, այն մեր ազգի, պետության եւ ինքնության մասին է: Հավաստիացրեց, որ պայքարը՝ մինչեւ իրական հաղթանակ շարունակվելու է:
Սպանության փորձի գործը Արթուր Վանեցյանը համարում է խայտառակ:
Կարդացեք նաև
Իր մտերիմներին Արթուր Վանեցյանը պատմում էր, որ գործի հիմքում միայն ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունն է, եւ իրենք էլ խոստովանում են, որ դա մոնտաժված է. «Հետո զեկուցագիր է գրվում, որ ստացվել են սենց-սենց տվյալներ, էս-էս մարդիկ են, երկու օր հետո գրում է՝ ի լրումն՝ Վանեցյան Արթուրն էլ ա էս գործով անցնում»։
Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ այսօր, 23.30-ին եւս մեկ նիստ կկայանա, «ֆորմալ հարցեր կան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ