ԱԱԾ-ն իշխանության յուրացման եւ վարչապետի նկատմամբ մահափորձ սատարելու մեղադրանքներ էր առաջադրել մի շարք պաշտոնյաների: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանն ասաց. «Բնականաբար, այս ամենը բացարձակապես իրավազուրկ է որեւէ հիմք այստեղ լինել չի կարող: Կալանավորում են այն մարդկանց, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում այնտեղ են եղել: Ես շատ լավ եմ ճանաչում Աշոտին Մինասյան եւ մյուսներին: Ուղղակի վերջին ստորությունն է նման քայլերի գնալը: Պատճառն այն է, որ Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ: Ինչո՞ւ չի ուզում՝ վախկոտ է, սրա մասին բազմաթիվ ապացույցներ կան»:
Աղվան Վարդանյանն ասաց, որ վաղը ժամը 17-ին հանրահավաք է Ազատության հրապարակում, բայց շարժումը պետք է թափ ստանա նաեւ գյուղերում, բակերում, թաղերում. «Իմքայլական պատգամավորները պետք է հասկանան, որ այն անգործությունը կամ այն կեցվածքը, որ իրենք ունեն, ուղղակի մասնակցություն է դավաճանությանը: Նրանք մտածում են՝ թիմից դուրս գան, կմտածեն՝ դավաճանում են: Բայց դավաճանությանը դավաճանելը դավաճանություն չէ: Պետք է գնալ այդ մարդկանց տուն, բացատրել, ասել՝ այսօր միակ տարբերակը ձեր՝ քիչ թե շատ մարդկային դեմքը պահելու, դուրս գալն է «Իմ քայլը» խմբակցությունից, դառնալ անկախ պատգամավոր ու սպասել դեպքերի հետագա զարգացմանը: Պետք է ասել՝ ձեզ տրվում է 24 ժամ, կդավաճանեք դավաճանին, դուք ձեր դեմքը փրկելու հույս կունենաք, չեք անի 24 ժամ հետո, այդ մարդիկ պատգամավորների դռների վրա պիտի գրեն անասուն»:
Ըստ Աղվան Վարդանյանի՝ հույսեր կան փրկելու իրավիճակը, իսկ նրանք, ովքեր այսօր կանգնած են Փաշինյանի կողքին, դավաճանում են այդ հեռանկարին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «168 ժամի»