Նոյեմբերի 12-ին մարզերում դասավանդող մի խումբ ուսուցիչներ գնացել են Արցախի Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղ և դպրոցի դասվար տիկին Գայանեի խնդրանքով դուրս են բերել գյուղի միջնակարգ դպրոցի գրքերը։
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում պատմել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Դիլիջանի «Սերունդ» դպրոցի ուսուցիչ Սերինե Գասպարյանը։
«Գյուղում մի քանի տարի առաջ էինք եղել, ու քանի որ անցնում էինք, ուզում էինք այցելել մեր ծանոթ տիկին Գայանեին։ Երբ հարցրեցինք, թե ինչով կարող ենք օգնել, տիկին Գայանեն միանգամից խնդրեց, որ դպրոցի իրերը փրկենք»։
Կարդացեք նաև
Սերինեի փոխանցմամբ՝ տիկին Գայանեն, որը պատերազմի ընթացքում իր հարկի տակ է պահել 25 հետախույզ զինվորի, այժմ փորձում էր փրկել դպրոցում առկա բոլոր հնարավոր իրերը․
«Տիկին Գայանեն փորձում էր դպրոցի գույքը փրկել, բայց քանի որ մենք փոքր մեքենայով էինք, կարողացանք միայն կարևոր գրքերը մեզ հետ բերել։ Մեզ հետ վերցրեցինք նաև դպրոցի պատերին փակցրած պաստառներ։ Գրքերը մեզ հետ եկած Տիգրան Առուշանյանը տարավ Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղի հիմնական դպրոց, որտեղ ինքը արդեն մի քանի տարի է՝ մաթեմատիկա է դասավանդում»։
Սերինեն պատմում էր, որ այդ ամբողջ ընթացքում իրենց գլխում պտտվում էր այն միտքը, թե ինչպես են Եղեռնի ժամանակ մարդիկ գրքեր փրկել, իսկ հիմա իրենց մեքենան է բեռնված գրքերով։
«Շատ տխուր էր, երբ տեսանք, որ գյուղացիներին ոչ ոք չէր օգնում իրերը տեղափոխել։ Չկար ոչ մի տրամադրված մեքենա, որ կօգներ տեղացիներին տեղափոխել իրերը։
Տիկին Գայանեն էլ չնայած տան իրերը վաղուց էր տեղափոխել, բայց փորձում էր կովերին Թալինի շրջան տանել, սակայն անվճար մեքենա չէին տրամադրել ո՛չ գյուղապետարանից, ո՛չ էլ պետության կողմից։ Իսկ իրեն առաջարկվող մեծ մեքենաները 100 հազար դրամ գումար էին պահանջում»։
Նրա խոսքով՝ աշակերտներն էլ գյուղը լքելուց առաջ կոտրել էին դպրոցի պատուհանները, քանի որ չէին ուզում թշնամուն հանձնել իրենց սիրելի դպրոցը։
Նշենք, որ հոկտեմբերի 10 -ին Լեռնային Ղարաբաղում 45 օր տևած պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրով Արցախի 7 շրջաններն ու Շուշին հանձնվում են Ադրբեջանին։ Թշնամու տիրապետության տակ անցած տեղանքի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ փորձում են իրենց իրերը փրկել՝ դրանք տեղափոխելով երկար տարիներ իրենց կյանքը կառուցած վայրերից։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Սերինե Գասպարյանը