Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոյեմբերի 10-ը պետք է նշվի որպես ամոթի, խայտառակության օր». Բագրատ սրբազանը կոչ է անում վերացնել ատելության մթնոլորտը

Նոյեմբեր 15,2020 20:31

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդես է եկել քարոզխոսությամբ, որը հրապարակվել է Տավուշի թեմի «ֆեյսբուքյան» էջում:

Սրբազան հայրը մասնավորապես նշել է. «Բոլոր նրանք, ովքեր կասեն, թե մենք հաղթել ենք, նրանք սուտ են խոսում: Նրանք ստախոս են եւ ավելի են խորացնում մեղքը: Մենք պարտվել ենք: Մինչեւ ամենախորն աստիճանի չընդունենք, որ մենք պարտվել ենք, մենք դարձյալ ենք պարտվելու եւ հաղթանակի, վերանորոգության, վերասրբագրումի հնարավորություն, լույս, հույս, տեսիլք չենք ունենալու:

Այո, մենք չպետք է վախենանք ասել, որ մենք պարտվել ենք: Մենք պարտվել ենք մեղքին: Եվ այս ամբողջ ժամանակահատվածի գաղափարական իմաստով փիլիսոփայությունն է սա, որ մենք 30 տարի շարունակ, ներառյալ վերջին 3 տարին, ոչ թե մեզ վերակառուցել ենք ներսից ու դրսից որպես հավաքականություն, այլ ապրումներն ու զգացումները՝ որպես ամբողջություն, որպես պետություն, թողել ենք անհատների եւ ժողովրդի վրա:

Մեղադրեցինք ժողովրդին եւ նաեւ չտվեցինք այն պատշաճ պատիվը, որին արժանի էր այս ժողովուրդը: Դարձրինք թափառական, ողորմություն խնդրող, դիմադրողականությունից զրկված, ամբարտավան, հպարտ, անօրեն մի զանգված: Այո, մենք պարտվեցինք մեղքին, եւ այս պատճառով մեր պետությունը պարտվեց անհատին, մեր բանակը պարտվեց զինվորին, հաշտությունը պարտվեց թշնամությանը, արդարությունը պարտվեց անօրենությանը, հավատքը պարտվեց անհավատությանը, սերը պարտվեց ատելությանը, խոնարհությունը պարտվեց ամբարտավանությանը, հեզությունը պարտվեց հպարտությանը, հոգին պարտվեց «դուխ»-ին, եւ ոչ ոք պատասխանատվություն չկրեց…

Մենք 44 օրեր ապրեցինք հաղթանակի, տագնապի, կորուստների, ձեռքբերումների հովիտում: Բայց այդ օրերը միայն սահմանված օրեր չեն, դրանք մեր ամբողջ կենսագրության եւ գոյության մասն են կազմում եւ դրանց արտահայտությունն են: Այդ օրերի ընթացքում ես մոտ 20 օր եղա Արցախում, մնացած օրերը՝ այստեղ, մեր համայնքներում մեր զավակներին հուղարկավորելու եւ մեր ընտանիքներին մխիթարելու… եղա երեւի թե վերջին ոչ զինվորական անձը, ով թողեց Շուշին, տեսավ լքված Ստեփանակերտը, ապրեց մեր ողջ պատմությունն իր բովանդակությամբ եւ հասկացավ, որ հենց այդպես էլ պիտի լիներ:

Նոյեմբերի 10-ը պիտի դառնա եւ ընդգրկվի մեր հիշատակների եւ հիշեցումների ցանկում եւ պետք է նշվի այն՝ որպես ամոթի, խայտառակության օր, եւ ամեն հայ մարդ այդ օրը պիտի տեսնի, զգա եւ ապրի, եւ մենք հավաքական կերպով պետք է նշենք դա՝ որպես հիշեցում մեր մեղքի եւ մեր պարտության:

Մենք այսօր էլ երկիր չկառուցեցինք, մենք երկրի պատրանքը տվեցինք մեր ժողովրդին: Այսօր էլ՝ այս դժվար ժամանակ, մենք դուրս չենք գալիս փողոց, հատկապես մեր կառավարիչները՝ պարզ, անկեղծ սրտով մեղք գործած լինելու զգացումով խոսելու եւ այդպես ճանապարհ գտնել փորձելու համար:

Մեղքն ուրիշի վրա բարդելն ամենամեծ մեղքն է: Այո, յուրաքանչյուրս ենք պատասխանատու, բայց յուրաքանչյուրիս խնդիրը չէ այստեղ, այլ հավաքանակության, պետության եւ մեր գոյության: Յուրաքանչյուրս մեր բաժնով պատասխանատու ենք մեր համար եւ պետք է կրենք այն, բայց հավաքականապես, որպես պետություն եւ ամբողջություն, մեկ միավոր, ո՞ւմ վրա ենք գցելու մեղքը՝ այս պահին կորսված հայրենիքի՞… բայց դրանից ավելի՝ մեղքի մեջ շարունակելու ապրելու…

Ես ոչ քաղաքական, ոչ էլ քաղաքացիական հայտարարություն այս պահին ոչ անում եմ, ոչ էլ ցանկանում եմ անել: Այսօր խոսում եմ այն մեղքի մասին, որը մենք ժխտում ենք եւ որն ունենալը փորձում ենք բարդել ուրիշների վրա եւ այդպես շարունակել թեթեւ անցկացնել կյանքը՝ ասելով «մենք չարեցինք, նրանք արեցին»… խելքի եկեք, ժամանակը մեր օգտին չի աշխատելու: Եթե իսկապես ժառանգության, ինքնության, Աստծո հանդեպ հավատարմություն ունեք, վերացրեք այս ատելության մթնոլորտը, մի պահ հանդարտվեք, դադար տվեք՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել մեր կյանքում:

Թվում է, թե ոչինչ չի հասկացվել, թե նույնությամբ շարունակվում է մեր կյանքը: Մենք ինքներս մեզ ենք կորցրել, գոյության իրավունքը, արժանապատվությունը, որը չենք էլ ունեցել:

Մենք մեզ համոզել ենք, թե ունենք այդ արժանապատվությունը: Ապրել ենք ստորաքարշ կերպով, բոլոր տարբերակներով փորձել ամեն ինչ շահել մեր նպատակի համար՝ իմանալով կամ չիմանալով: Եւ այո, նոյեմբերի 10-ը ես նշելու եմ որպես մեր ամոթի եւ խայտառակության օր, որը պետք է լինի ազգային օրացույցում, որպեսզի գոնե մեկ անգամ իմանանք գլուխներս կախ գցել, հասկանանք, թե ինչ գործեցինք: Այսպես է լինելու բուժումը՝ դաժան, ծանր, բայց ապաքինող:

Ամիսներ առաջ սրա մասին խոսել ենք, շարունակ ասել ենք հաշտության մասին: Պատերազմի ամենադաժան ժամանակներում անգամ համարձակություն չունեցաք հաշտության օրակարգ ստեղծելու: Նշան մի փնտրեք… այդ նշանը դաժան է լինելու, մի փնտրեք այն, մի փորձեք Աստծուն եւ ձեր ինքնությունը:

Մի ցանկացեք լինել ավելին, քան նա է: Մի դարձեք կուռք, հաճույք մի զգացեք դրանից, եւ, ահավասիկ, այդ նշանի իրագործման դաժանությունն ամենավերջին աստիճանով… եթե սրանից հետո էլ չհասկանանք, ուրեմն պարզապես քարշ ենք տվել մեր կյանքը մինչեւ այսօր եւ կապրենք որպես անինքնություն, անդեմ, անգույն զանգված կամ անհատներ:

Աստված մեզ չի թողնելու: Մենք իրեն հիշեցինք այն ժամանակ, երբ ծանր դժվարության մեջ էինք՝ պատերազմի ամենածանր վիճակում: Հանկարծ սկսեցինք ազգովի աղոթել, ազգովի մոմեր վառել, դրանով բավարարվել եւ հեռանալ…մոռացանք չատելու, սիրելու, իրար թշնամի չլինելու, հաշտ ապրելու, իրար ներելու մասին եւ այլն: Մոռացանք խոնարհությամբ մեր պատասխանատվությունը կրելու մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30