Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղրիի մասին խոսք չի եղել, բայց որ Շուշին Ալիեւի համար գերխնդիր է, տեղյակ ենք եղել, բայց մեզ չի ասվել, որ հենց հիմա գնում է դա ստորագրելու». Նարինե Դիլբարյան

Նոյեմբեր 15,2020 20:13

«Ես պնդում եմ, որ այդպես եղել է եւ ով ասում է՝ այդպես չի եղել, պարզապես անհարմար է: Իշխան Սաղաթելյա՞նն էլ պետք է ասի նման բան չի եղել, Էդուարդ Շարմազանո՞վն էլ, անհարմար է պարզապես»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ պատասխանելով մեր այն դիտարկմանը, որ վարչապետի հետ հանդիպման եկած արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները վստահեցնում են, որ տեղյակ չեն եղել ստորագրվող փաստաթղթի բովանդակությունից եւ, թե պատերազմը կանգնեցնելու համար ինչ է դրված զոհասեղանին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն, արձագանքելով Ազատության հրապարակում բողոքի ցույց  անող 17 կուսակցությունների հայտարարությանը, թե տեղյակ չեն եղել ստորագրվող փաստաթղթից, իր ֆեյսբուքյան էջում գրեց․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ Ազգային ժողովում կայացած հանդիպմանը, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում, որին եւս մասնակցել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած երկու հանդիպումների ընթացքում մանրամասն եւ բաց ներկայացրել է ինչպես առաջնագծում, այնպես էլ դիվանագիտական քննարկումների հետ կապված իրավիճակը, մասնավորապես հնարավոր քաղաքական լուծումները, որոնք պայմանավորված էին նաեւ ճակատում տեղի ունեցողով։

Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին, զինված ուժերի տեխնիկական հագեցվածությանը, զորքը համալրելու խնդիրներին, քաղաքական կարգավորման քննարկումներին, այդ թվում ՌԴ նախագահի միջոցով բանակցությունների մանրամասներին, նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ»։

Արձագանքելով Մանե Գեւորգյանին, նոյեմբերի 13-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, որը, որպես արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ, նույնպես մասնակցել էր վարչապետի հետ հանդիպմանը, ֆեյսբուքյան իր էջում ՀՀ կառավարությանն ու Մանե Գեւորգյանին խնդրեց հրապարակել հանդիպման ձայնագրությունը՝ նշելով. «Հարգելի Մանե Գեւորգյան, շահարկումներից խուսափելու համար խնդրում եմ դիտարկել այս հնարավորությունը, քանի որ այն վերջ կդնի բոլոր խոսակցություններին։ Իմ կողմից կարող եմ ասել, որ այնտեղ քննարկվել է «Լավրովյան» անունով հայտնի պլանի ընդունելի լինել-չլինելու հարցը, որում կառավարության ղեկավարը դիրքորոշում է հայտնել, որ ինքը համաձայն չէ այդպիսի զարգացման հետ։ Բացի դա, քննարկվել է Արցախի անկախության ճանաչման հարցը եւ այլ, արդեն օպերատիվ մակարդակի խնդիրներ»։

Որ փաստաթղթի բուն բովանդակությունն իրենց հետ ոչ ոք չի քննարկել, այդ մասին հայտնեց նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: «Երկրի հարցը» հաղորդման եթերում պատասխանելով այն պնդումներին, որ քաղաքական ուժերը դեռ 22 օր առաջ տեղեկացված են եղել ստորագրվող փաստաթղթի բովանդակության մասին, սակայն գերադասել են լռել, հարցին՝ իրո՞ք ունեցել են այսպիսի տեղեկատվություն, Գեւորգ Գորգիսյանն ասաց՝ նշված տեղեկատվությունը բացարձակ սուտ է. «Ես չեմ էլ զարմանում, որ վարչապետի խոսնակի մակարդակով է այդ սուտը տարածվում:

Քննարկումների ժամանակ, այո, ներկայացվել է, որ ամեն ինչ այնքան պայծառ չի, ինչպես որ մենք ներկայացնում ենք քաղաքացիներին, բայց որեւէ լուծման տարբերակ չի քննարկվել, չի ներկայացվել ու, առավել եւս, չի խորհրդակցվել ընդդիմադիր ուժերի կամ որեւէ քաղաքական ուժերի հետ: Ով նման բան է պնդում, նվազագույնը ստախոս է: Այդ քննարկման ժամանակ բանակցությունների հետ կապված ոչինչ չի քննարկվել, որեւէ մանրամասն չի քննարկվել, արտգործնախարարների հանդիպումներից որեւէ մանրամասն չի քննարկվել: Սպառազինության հետ կապված խնդիրները քննարկվել է, բայց դա պետք է լուծվեր եւ դա պետք է լուծեր վարչապետը: Ըստ վարչապետի դա եղել է լուծելի խնդիր»:

Անդրադառնալով պարոն Սահակյանի գրառմանը՝ մեզ հետ զրույցում Նարինե Դիլբարյանն ասաց, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչը՝ Սուրեն Սահակյանն այդ հանդիպման ժամանակ ասել է՝ եթե այդպիսի վիճակ է, եկեք ճանաչենք Արցախը, պատերազմ հայտարարենք. «Ես ուզում եմ չհավատալ, որ Սուրեն Սահակյանն այդպիսի բան հայտարարել է, ես ասում եմ այն, ինչ որ եղել է: Այդ կարգախոսը, որն այսօր հնչում է Նիկոլ Փաշինյանի կողմից, որ մենք հիմա պետք է մտածենք՝ ոչ թե ինչը հանձնենք, այլ՝ ինչը պահենք, հստակ հնչել է մեր հանդիպման ժամանակ:

Ես այդ ժամանակ հարգանքով լցվեցի Սահակյանի հանդեպ, որն ասաց՝ եթե այդքան անհույս է, եկեք ճանաչենք Արցախն ու գնանք պայքարենք մինչեւ վերջ: Եվ ինքն այդ ժամանակ խոսում էր այն մասին, թե ինքն այդտեղ ամենաերիտասարդն է, վարչապետն էլ համաձայնեց ասելով՝ չէ, բոլորս էլ այստեղ երիտասարդ ենք, պարզապես իր կարգավիճակը դա թույլ չի տալիս: Հնչել է հստակ այդ կարգախոսը՝ մենք հիմա պետք է մտածենք՝ ինչը պահենք: Որ մենք չունենք ռազմական ուժեր եւ հնչել է այդ արձանագրումը, որ Ալիեւի համար Շուշին գերխնդիր է»:

Ըստ Նարինե Դիլբարյանի, սակայն, Մեղրիի մասին իսկապես խոսք չի եղել:

«Բայց ես նաեւ շեշտում եմ, որ կա մի խնդիր, մի քանի անգամ վարչապետը ե՛ւ առաջին հանդիպմանը, որտեղ ներկա էր Լիլիթ Մակունցը, ե՛ւ երկրորդ հանդիպմանը, որտեղ ներկա էր Ալեն Սիմոնյանը եւ նաեւ Մանե Գեւորգյանը, հստակ նշվել է, որ սա մեզ տեղեկացնելու համար է, բայց այդ բոլոր ինֆորմացիաները ենթակա չեն բարձրաձայնելու: Վերջին հանդիպման ժամանակ մեզ անգամ ժամանակ չտրվեց ինչ-որ խորհրդատվություն ներկայացնելու, որովհետեւ վարչապետը շտապում էր Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ վարեր: Եվ ես դրա մասին խոսել եմ, երբ արդեն կնքվել է եռակողմ, անհասկանալի, հայկական շահին դեմ համաձայնագիրը»:

Նարինե Դիլբարյանը նաեւ ասաց, որ հանդիպման ժամանակ վարչապետը ասաց, որ դա խորհրդատվական է. «Անընդմեջ ինքն ասում էր՝ որ պետք է մտածենք՝ ինչը պահենք: Ես էլ ասացի՝ գնանք պայքարենք մինչեւ վերջ, վարչապետի արձագանքն էլ այն էր, որ գնանք պայքարենք մինչեւ վերջ, բայց մեզ չի ասվել, որ ինքը հենց հիմա գնում է դա ստորագրելու, բայց ասվել է, որ վիճակն այսպիսին է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30