Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանի հրաժարականը կարող է բեկում մտցնել իրավիճակում. սահմանադրագետ

Նոյեմբեր 15,2020 16:52

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի դիտարկմամբ, ոչ միայն Մեղրիի հարցն է հայտնի եռակողմ համաձայնագրում հակասահմանադրական, այլեւ շատ խնդրահարույց կետեր կան:

«Միայն խնդիրն այդ կետը չէ, փաստաթուղթն իր բնույթով է խնդրահարույց: Հանրությանը հրամցվել է ընդամենը այդ հայտարարությունը, որում նշված են կետերը, թե ինչ կարգավորումներ են եռակողմ նախատեսվում: Հանրությանը տեղեկատվություն չի տրվել՝ արդյոք կա՞ որեւէ այլ պայմանագիր, որը ստորագրվել է ու որի հիման վրա է այդ հայտարարությունը տարածվում… փաստաթուղթն իր բնույթով ավելի շատ քաղաքական ու դիվանագիտական է, ներպետական խնդիրներ կան եւ ներպետական իրավունքի համատեքստում այս փաստաթուղթն առ ոչինչ է, որովհետեւ եթե այն միջազգային  պայմանագրի տեսակ է ու միջազգային փաստաթուղթ, այն պետք է անցներ ըստ Սահմանադրության՝ վավերացման փուլը, պետք է ներկայացվեր Սահմանադրական դատարան, ստանար  դրական եզրակացություն, հետո ներկայացվեր ԱԺ վավերացման համար:

Երկրորդ դեպքում՝ մեր Սահմանադրությամբ՝ եթե ՀՀ տարածքային ամբողջականության փոփոխության հետ կապված կարգավորում է  նախատեսում միջազգային փաստաթուղթը, այն պետք է ներկայացվի հանրաքվեի, այս առումով ներպետական քննարկում եւ, բնականաբար, հանրաքվե այս խնդրի կարգավորումը չի տեսել: Պատահական չէ, որ Սահմանադրությունն ու մեր օրենսդրությունը նման կարգավորումներ են նախատեսում միջազգային փաստաթղթերի նկատմամբ, դրանք զսպման մեխանիզմներ են, որոնք կբացառեն մեկ պաշտոնյայի կողմից այսպիսի լրջագույն փաստաթղթերի ստորագրումն ու կյանքի կոչելը: Կրկնում եմ՝ ներպետական իրավունքի տեսանկյունից այս փաստաթուղթը առ ոչինչ է, բայց պետք է հաշվի առնել, որ սա քաղաքական ու դիվանագիտական բնույթի փաստաթուղթ է, որը կարգավորման առարկա է, երբ այլ պետությունների հետ է համատեղ ստորագրվել, ու քանի որ վարչապետը, որը ստորագրել է, այս պահին իշխում է, մենք կախվելու տեղ չունենք, որ ձեռնպահ մնանք այս պարտավորությունների իրականացումից: Այդ իսկ պատճառով պահանջում ենք, որ վարչապետը րոպե առաջ հրաժարական ներկայացնի, ինչը բեկում կմտցնի իրավիճակում, հնարավորություն կտա այդ հիմքով փորձել երկու կողմերին մոտեցնել բանակցային սեղանին ու գոնե այս կետերը փոքր-ինչ հայանպաստ դարձնել:

Համաձայնագիրը չեղարկել հնարավոր չէ, ադրբեջանական կողմն ակնհայտ է, որ չի հրաժարվի այս պահանջներից ու արդյունքից, որին հասել է, բայց հրաժարականը կարող է հիմք հանդիսանալ, որ շարունակենք բանակցությունները: Այս իշխանությունը չի կարող պահանջել հետնահանջի ձեւաչափ կամ բանակցությունները շարունակելու ձեւաչափ: Մանիպուլյատիվ հնարք է, հանրությանը փորձում են մոլորեցնել, թե աթոռակռիվ է սկսվել, աթոռակռվի մասին խոսք չկա, հայափրկման գործընթաց պետք է մեկնարկի, որովհետեւ եթե մարդիկ  մտածում են, որ սրանով Արցախի հարցը լուծվեց կամ հողերը հանձնեցինք ու իրենց  կյանքն ավելի անվտանգ դարձավ, չարաչար սխալվում են, որովհետեւ սա նոր վերջի սկիզբն է»,- ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30